Լրահոս

02.02.2012 16:41


ՊԵԿ տեսադաշտում` կեղծված ալկոհոլային խմիչքներն են

Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է միջոցառումներն ապօրինի գործունեություն ծավալողներին հայտնաբերելու ուղղությամբ: «Hennessy», «Napoleon», «Blue Label», «Green Label», «Grant’s». համաշխարհային այս ապրանքանիշերի թանկարժեք տեսականին որոշ, այսպես կոչված, ձեռներեցների համար հեշտ շահույթի աղբյուր է դարձել: Այսպես, ՊԵԿ օպերատիվ հետախուզության և հետաքննության վարչությունների աշխատակիցների համատեղ միջոցառման արդյունքում պարզվել է, որ Երևանի բնակիչ Գարեգին Վանոյանը տնային պայմաններում պատրաստել է տարբեր տարողությամբ կեղծված հայտնի ապրանքանիշերի` «Տոնական», «Ախթամար» և «Նաիրի» պիտակներով կոնյակներ: Սեփական, բառի բուն իմաստով, «տնական» արտադրանքը նրան հաջողվել է 58.000  դրամով իրացնել Գումի շուկայի հարևանությամբ: Սակայն այն պահին, երբ կարծել է, որ գործարքը հաջողությամբ ավարտված է` բացահայտվել է օպերատիվ հետախուզության աշխատակիցների կողմից: Դեպքի առթիվ ՊԵԿ հետաքննության վարչության կողմից ՀՀ քր. օր. 207 հոդվածի 1-ին մասով քրեական գործ է հարուցվել: Միաժամանակ ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է նաև, որ տնայնագործ-ձեռներեցը միայնակ չի կյանքի կոչել իր բիզնես-մտահղացումները. գործընկերը Երևանի բնակիչ Արմեն Քոչարյանն է, ով կոնյակների պոլիէթիլենային թաղանթներն է պատրաստել: Իսկ նրանց բնակարաններում կատարված խուզարկությամբ ակնհայտ է դարձել, որ եթե չկանխվեր այս դեպքը, ապա «կեղծված» մեծ խմբաքանակ էր հայտնվելու շուկայում, ընդ որում, համալրված ոչ պակաս թանկարժեք տեսականիով: Այսպես, Գարեգին Վանոյանի բնակարանում հայտնաբերվել են հանրահայտ կոնյակների տարբեր պիտակներով դատարկ շշեր և տարաներ: Արմեն Քոչարյանի բնակարանում նույնպես հայտնաբերվել են տարբեր տարողության` «Hennessy», «Napoleon», «Նաիրի», «Տոնական», «Ախթամար», «Արարատ»   տեսակի կոնյակի  շուրջ 100, ինչպես նաև թանկարժեք վիսկիների և օղու դատարկ շշեր` իրենց տուփերով: Խուզարկությամբ հայտնաբերվել են նաև 2004թ. և 2007թ-ի թվագրումով ակցիզային դրոշմանիշներ, «Hennessy» տեսակի կոնյակի շշի խցաններ, պիտակներ, «Նոյ» և «Արարատ» գրառումով մեծաքանակ թաղանթներ և պիտակներ: Քրեական գործի հետագա ընթացքը շարունակելու համար նյութերն ուղարկվել են ՊԵԿ քննչական վարչություն:

ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը