Լրահոս

03.02.2012 15:16


Հրանուշ Խառատյան. «Սուրբ Սարգսի տոնը դուրս մղվի հայ ժողովրդի առօրյայից, ապա դա դավաճանություն կլինի»

Այսօր հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ ազգագրագետ Հրանուշ Խառատյանը խոսել է Սուրբ Սարգսի տոնի մասին, ինչպես նաև համեմատել այն Սուրբ Վալենտինի օրվա հետ։ Ըստ Խառատյանի՝ արդիականացված Սուրբ Վալենտինի տոնը հնացած և գավառացված Սուրբ Սարգսի նկատմամբ ավելի շահեկան գայթակղության հնարավորություն է առաջացնում:

–Վալենտինը քրիստոնեական աշխարհում ընդունված լավ կերպար է, իսկ Սուրբ Սարգիսը, մոռացված լինելով տարբեր պատճառներով և ընկալվելով որպես շատ գավառական, գյուղական, հետամնաց երևույթ, այս մրցակցությանը չի դիմանում: Վալենտինն ավելի մոդեռն է դառնում, որովհետև դրա ծեսն ապրել է բնական էվոլյուցիա: Իսկ Սուրբ Սարգսի ծեսը մնացել է անցյալում և հակոտնյա է  ներկա ըմբռնումներին, պատկերացումներին, ճաշակին,– պարզաբանել է Խառատյանը։

Միաժամանակ Հրանուշ Խառատյանը շեշտել է, որ եթե 1500 տարվա պայքարի միջոցով մեր ժողովուրդը բերել այս կերպարը հասցրել է մեր օրերը, մեր կողմից դավաճանություն կլինի, եթե Սուրբ Սարգսին դուրս մղենք մեր կյանքից։

Ըստ Խառատյանի՝ Սարգիսն ամենաբարդ սրբերից մեկն է.

–Առաջին բարդությունն այն է, որ այդ տոնը և նախորդող պասը՝ Առաջավորացը, միայն Հայ առաքելական եկեղեցին է նշում, այս առումով միշտ կոնֆլիկտ է եղել այլ եկեղեցիների հետ։ Հայ առաքելական եկեղեցուն միշտ մեղադրել են քրիստոնեական եկեղեցուց դուրս սուրբ ունենալու մեջ։

Տեղեկացնենք, որ Հայ առաքելական եկեղեցին վաղը՝ փետրվարի 4-ին, տոնում է Սուրբ Սարգսի տոնը, ուստի այս գիշեր երիտասարդները կարող են աղաբլիթ ուտել:

Այս խորագրի վերջին նյութերը