Լրահոս

03.02.2012 16:40


Հայաստանում 2011-ին անչափահասների գործած հանցագործություններն աճել են

Հայաստանում 2011-ին անչափահասների գործած հանցագործություններն աճել են

ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության երրորդ վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանն այսօր հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ լրագրողներին հաղորդել է, որ 2011–ին Հայաստանում անչափահասների կատարած հանցագործությունների թիվը 2010թ. համեմատ աճել է. 2011-ին արձանագրվել է 453 անչափահասների կողմից գործած 527 հանցագործություն այն դեպքում, երբ 2010–ին գրանցվել էր 452 անչափահաս երեխաների կողմից կատարված 509 հանցագործություն:

Մարմնական վնասվածք հասցնելու դեպքերը նվազել են՝ 2010-ին 30 դեպք, 2011-ին՝ 54: Ըստ Նելլի Դուրյանի՝ աճել է նաև անչափահաս մարդասպանների թիվը: Եթե 2010–ին նման դեպք չէր արձանագրվել, ապա 2011-ին գրանցվել է 3 դեպք: Միաժամանակ, անչափահասների կողմից սեռական բնույթի հանցագործությունների դեպքերը կրճատվել են 6–ով. 2010-ին գրանցվել էր 60 դեպք, 2011-ին՝ 54:

Նելլի Դուրյանը, սակայն, նշել է, որ, չնայած հանցագործությունների նման քանակին, անչափահասների գաղութում այս պահին պատիժ է կրում ընդամենը 16 անչափահաս.

–Սրանք ծանր հանցագործներ են: Մյուսների պարագայում կիրառվում է համապատասխան հոդված, և նրանց Արդարադատության նախարարության հսկողության ներքո տրվում է այլընտրանքային պատիժ։

Ըստ Դուրյանի ներկայացրած ամփոփագրի՝ ավելացել են անչափահաս երեխաների ինքնասպանության փորձերի դեպքերը: Եթե 2010–ին 41 անչափահաս էր փորձել վերջ տալ կյանքին, որից մահվան ելքով է ավարտվել 13-ը, ապա անցյալ տարի նման քայլի է դիմել 45 անչափահաս՝ 9 մահվան ելքով: Բանախոսը նշել է նաև, որ  անչափահասների կողմից հանցագործությունների հիմնական մասը տեղի է ունենում Երևանում, ապա Գյումրիում և Վանաձորում:

–Ինքնասպանության դեպքերի հիմնական մասը 16-17 տարեկան աղջիկ երեխաներն են: Ինքնասպանության փորձ կատարած անչափահասներից ամենափոքրը 1997թ. ծնունդ է եղել–հավելել է ոստիկանության գնդապետը։

Նելլի Դուրյանը հավատացրեց, որ անչափահասների գծով իրականացվում է բարեփոխումների ծրագիր. անցկացվում են համապատասխան հանդիպումներ, դասընթացներ և այլն։

Այս խորագրի վերջին նյութերը