Լրահոս

03.02.2012 17:17


Այսօր երիտասարդներն աղաբլիթ կուտեն, իսկ վաղը կնշեն Ս. Սարգսի տոնը

Այսօր երիտասարդներն աղաբլիթ կուտեն, իսկ վաղը կնշեն Ս. Սարգսի տոնը Փետրվարի 4–ին Հայ առաքելական եկեղեցին նշում է սիրո բարեխոս Ս. Սարգիս զորավարի տոնը։ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ հայրապետի տնօրինությամբ՝ Ս. Սարգիս զորավարի տոնը հռչակվել է երիտասարդների օրհնության օր: Ս. Սարգիս զորավարն իր որդու՝ Մարտիրոսի և 14 քաջ մարտիկների հետ նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի: Ս. Սարգիսը հայոց մեջ ամենասիրված սրբերից է, և պատահական չէ, որ Մեսրոպ Մաշտոց վարդապետը նրա մասունքները բերում է Կարբի (Աշտարակի շրջան)՝ տեղում կառուցելով երանելու անունը կրող եկեղեցի: Սուրբը նաև երիտասարդների և սիրո բարեխոս է։ Հայաստանում այս տոնն ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլև ժողովրդական սովորույթներով, որը մեզանում նվիրական ավանդություն է: Ս. Սարգսի միջնորդությամբ հրաշքներ են տեղի ունենում: Այդ օրը երիտասարդներն աղոթում են սրբին, որ իրենց աղոթքները հասցնի առ Աստված: Ս. Սարգսի տոնին նախորդող գիշերը, այսինքն՝ այսօր գիշեր երիտասարդներն աղի բլիթ պետք է ուտեն, որի հետ կապվում է նրանց  փեսացուի կամ հարսնացուի երազահայտնությունը: Այդ օրը հիշատակելի սովորություններից է տան տանիքին կամ պատշգամբին փոխինդով մատուցարան դնելը և Ս. Սարգիս զորավարի ձիու պայտի հետքին սպասելը: Ըստ ավանդույթի՝ Ս. Սարգիսը պետք է հրեշտակների ուղեկցությամբ անցնի, և ում մատուցարանի մեջ դրված ալյուրի կամ փոխինդի մեջ թողնի իր սպիտակ (մաքրություն, անաղարտություն է խորհրդանշում) ձիու պայտի հետքը, այդ տարի կիրականանա հավատացյալի երազանքը: Տոնի առթիվ սիրահարված երիտասարդները միմյանց բացիկներ և քաղցրավենիք են նվիրում: Այդ օրը Ս.Սարգիս զորավարի անունը կրող եկեղեցիներում մատուցվում է պատարագ, որից հետո կատարվում է երիտասարդների օրհնության կարգ:      

Այս խորագրի վերջին նյութերը