Լրահոս

13.02.2012 13:47


Անուշ Սեդրակյան. «Ընդդիմությունը պարտվեց վարչական ռեսուրսից, այլ ոչ թե գաղափարապես»

Անուշ Սեդրակյան. «Ընդդիմությունը պարտվեց վարչական ռեսուրսից, այլ ոչ թե գաղափարապես»

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Հովհաննես Սահակյանն անդրադառնալով Հայաստանի երեք տասնյակից ավելի համայնքներում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների և մասնավորապես Հրազդան քաղաքի ընտրություններին՝ ասել է, թե և՛ պարտվող, և՛ հաղթող կողմերը պետք է վեր հանեն ընտրություններում տեղ գտած խնդիրները։ Նա կարծում է, որ այս ընտրությունները չափից շատ ավելի են քաղաքականացվել։

–Խոսում են, թե բազմաթիվ խախտումներ են եղել, սակայն դեռևս ոչ մի բողոք կամ փաստ չկա, թե նման կեղծիքներ են եղել,–գտնում է ՀՀԿ–ական պատգամավորը՝ հավելելով, որ կարևորը ընտրական գործընթացի և քաղաքական մշակույթի ձևավորման հարցն է։

Ասուլիսի մեկ այլ բանախոս՝ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչ Անուշ Սեդրակյանը, խոսելով նույն թեմայի շուրջ, ասել է, թե Հրազդանի ընտրությունները ցույց տվեցին, որ ընդդիմաթյան պառակտվածության թեզը չաշխատեց, քանի որ ընդդիմությունը միասնական էր։ Նա կարծում է, որ ընդդիմությունը պարտվեց վարչական ռեսուրսից։

-Եթե ընդդիմությունը պարտվում է գաղափարապես, ապա դա մտածելու տեղիք է տալիս,–ասել է բանախոսը։

Հովհաննես Սահակյանը նկատել է, որ ընդդիմությունը պասիվություն է ցուցաբերել մյուս բոլոր համայնքներում և որևէ թեկնածու չի առաջադրել։ Անուշ Սեդրակյանն էլ հակադարձել է, թե պետք է նախ և առաջ հավասար պայմաններ ստեղծել։

«Եթե այս բացթողումները՝ անհավասար պայմանները, շարունակվեն, ապա խորհրդարանական ընտրությունների ժամանակ Հայաստանի միջազգային վարկանիշը կնվազի, իսկ քաղաքացու հիասթափությունը կխորանա»,–նկատել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը