Լրահոս

17.02.2012 13:12


«Սարդարապատ» շարժման հայտարարությունը

«Սարդարապատ» շարժման հայտարարությունը

Հայաստանի Հանրապետությունում հայ ժողովրդի իշխանությունը յուրացրած վարչախումբը ձեռնամուխ է եղել «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքի ընդունմանը, ըստ որի Զինված ուժերը կարող են օգտագործվել արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովման, այդ թվում` հավաքներ կամ հանրային միջոցառումներ իրականացնելու սահմանափակման կամ արգելման (ավելի պարզ լեզվով ասած` ցույցերն ու միտինգները բանակային մարտական տեխնիկայի ու սպառազինության գործադրմամբ ճնշելու և ցրելու)  նպատակով:

ՀՀ Ազգային ժողովի նիստում ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնը զբաղեցնող  Հրայր Թովմասյանը օրենքի նախագծի քննարկումների ժամանակ դիրքորոշում է ներկայացրել,  թե ՀՀ Զինված ուժերը կարող են օգտագործվել ինչպես արտաքին, այնպես էլ ներքին անվտանգության ապահովման նպատակով, ինչը քննարկվել է նաև Վենետիկի հանձնաժողովում և դրա վերաբերյալ կասկածներ չեն կարող լինել։

ՀՀ Սահմանադրությանը հակասող և միանգամայն անհիմն այս դիրքորոշումն այդչափ «ինքնավստահ ու միանշանակ» չէր լինի, եթե չպարունակեր օրենքի նախագիծը Վենետիկի հանձնաժողովում քննարկած լինելու մասին «ամենափրկիչ» հիշատակումը:

Այդ «կախարդական» հնարքի ազդեցությամբ Զինված ուժերի օգտագործման միանգամայն հստակ կարգ, պայմաններ ու սահմաններ նախատեսող ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 13-րդ կետի` մեկնաբանման ու պարզաբանման կարիք չունեցող նորմերի իմպերատիվ պահանջներին ուղղակի ու բացահայտ կերպով հակասող դրույթներ պարունակող այս օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց ձայների 62 կողմ, 0 դեմ, 7 ձեռնպահ բաշխմամբ:

Իրավունքի միջոցով ժողովրդավարության հաստատմանը կոչված Վենետիկյան հանձնաժողովը հերթական անգամ քաղաքական շարժառիթներով գործակցում է բռնապետական վարչախմբի հետ` նրա համար կեղծ իրավական հիմքեր և նախադրյալներ ստեղծելով Զինված ուժերի օգտագործմամբ «մարտի 1»-յան մեթոդներով ժողովրդավարությունն ու իրավունքը արյան մեջ խեղդելու և վերջնական ամբողջատիրություն հաստատելու գործում:

Մեր ժողովրդի վերջնական ստրկացման հայտ ներկայացնող այս օրինագծի քվեարկության ժամանակ իրենց ընդդիմադիր համարող պատգամավորների մի զգալի մասի բացակայության, իսկ մյուս մասի ձեռնպահ մնալու կամ չքվեարկելու հետևանքով խորհրդարանում առկա «դիմադրության» օգտակար գործողության գործակիցը հավասարվել է զրոյի:

Այդ գործակիցն անփոփոխ է մնալու, քանի դեռ խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմությունը կմնա որպես արատավոր քաղաքական համակարգի բաղադրիչ՝ մասնակցելով իշխանությունը յուրացրած վարչախմբի վերարտադրության գործիքի վերածված կեղծ ընտրություններին ու նպաստելով նրա լեգիտիմացմանը:

Ազգի ու պետության առջև ծառացած լինել-չլինելու խնդրի միակ լուծումը քաղաքական ստեղծագործության  միջոցով այլընտրանքային քաղաքական դաշտի ու իշխանության մարմինների զուգահեռ ձևավորմամբ քրեաօլիգարխիկ վարչախմբի հեռացումն է և համակարգային փոփոխությունների իրականացումը։

Որպես վերջին փաստարկ թնդանոթները հրապարակ բերող հանցավոր, ամեն առումով իրեն սպառած վարչախմբին այս ծայրահեղ միջոցը ևս չի փրկի։ Ինչպես հուշում են պատմությունն ու տրամաբանությունը, համազգային նպատակների շուրջ համախմբված ժողովրդի երթը ոչ մի կերպ հնարավոր չէ կասեցնել։

 «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբ

Այս խորագրի վերջին նյութերը