Լրահոս

29.02.2012 08:40


Օրենսդրական փոփոխությունները չեն հանգեցնի՞ գրքերի թանկացմանը

Օրենսդրական փոփոխությունները չեն հանգեցնի՞ գրքերի թանկացմանը

Փետրվարի 28-ին ՀՀ ֆինանսների նախարարության, ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեի և ՀՀ Մշակույթի նախարարության ղեկավարները հանդիպեցին հրատարակիչների և գիրք տարածողների ազգային ասոցիացիաների անդամների հետ: Հանդիպման ընթացքում ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը հրավիրվածներին հանգամանորեն ներկայացրեց գրքի ոլորտում իրականացվող պետական քաղաքականությանն առնչվող հարցերը:
 Մասնավորապես հստակ նշվեց, որ 2012 թվականի հունվարի 1-ից հարկային օրենսդրության մեջ չի կատարվել հրատարակչական ոլորտին կամ գրքերի առք ու վաճառքի ոլորտին վերաբերող որևէ փոփոխություն, որը կարող է հանգեցնել հրատարակչական գործունեությամբ կամ գրքերի առք ու վաճառքով զբաղվող տնտեսավարող սուբյեկտների կողմից վճարվող հարկերի ավելացմանը, հետևաբար նաև գրքերի վաճառքի գների բարձրացմանը:
2012 թվականի հունվարի 1-ից հարկային օրենսդրության մեջ` մասնավորապես <<ԱԱՀ-ի մասին>> ՀՀ օրենքում, կատարվել են ընդհանուր նշանակության օրենսդրական փոփոխություններ` կապված միջնորդական գործունեությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների մասով հարկային պարտավորությունների հաշվարկման մոտեցումների հետ: Սակայն նշյալ փոփոխությունների արդյունքում <<ԱԱՀ-ի մասին>> ՀՀ օրենքով ամրագրված դրույթների ճիշտ կիրառության պարագայում ինչպես հրատարակչական գործունեությամբ, այնպես էլ գրքերի առք ու վաճառքով զբաղվող տնտեսավարող սուբյեկտները ստիպված չեն լինի վճարել որևէ լրացուցիչ հարկ:
Հանդիպման արդյունքում պայմանավորվածություն ձեռք բերվեց այն մասին, որ գործող օրենքում առկա վերոնշյալ կարգավորումների մասին հրատարակիչների և գիրք տարածողների ազգային ասոցիացիաներին կտրամադրվի պաշտոնական պարզաբանում:

ՀՀ ֆինանսների նախարարություն

Այս խորագրի վերջին նյութերը