Հարցազրույց

06.03.2012 14:47


Արմենակ Դովլաթյան

Արմենակ Դովլաթյան

Հարցազրույց Հայաստանի կանաչների կուսակցության նախագահ Արմենակ Դովլաթյանի հետ

–Դուք Մաշտոցի պուրակի համար ակտիվ պայքարողների թվում եք։ Բայց չեք կարծո՞ւմ, որ այս հարցի լուծմամբ իշխանության բարձրադիր օղակները փորձում են սեփական PR-ն անել։

–Ես կասեի՝ հակաPR են անում։ Եթե իրենք մի փոքր ավելի նորմալ տրամաբանություն ունենային, կանեին PR՝ քանդելով «բուծիկները»: Դա՛ կլիներ PR: Հնարավոր է, որին ես շատ չեմ հավատում, որ գնան այդպիսի քայլի, սակայն դա կլինի արդեն խնդրի այլ լուծման հետևանք և ոչ PR, չնայած այդ դեպքում կփորձեն որպես դրական PR ներկայացնել: 

Ինչպե՞ս եք մեկնաբանում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հայտարարությունը, որ ինքը դեմ է այդ այգում կրպակների կառուցմանը։ Այդպիսով Տիգրան Սարգսյանը չի՞ սևացնում իր կուսակցին՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, ում որոշումն է այգում կրպակներ կառուցելը, և ով պնդում է, թե այդ որոշումն օրինական է։

Չեմ կարծում։ Եթե անգամ այդպիսի բան կա, դա ուղղակի ներքին մանր խնդիրների արտահայտություն է: Տիգրան Սարգսյանն իր ձևակերպումներում էլի խաղ է անում, նշում է, որ դեմ են կանաչ տարածքներում, հանգստի գոտիներում կրպակների տեղադրմանը, սակայն դրա հետ միասին ասում է, որ, իբր, դրանք ժամանակավոր կառույցներ են լինելու՝ մոռանալով, որ նաև կառավարությունն է պարտավոր առաջին հերթին աշխատել օրենքների համապատասխան (խախտված բազմաթիվ օրենքների և քաղաքաշինական նորմատիվների մասին հիմա չեմ ուզում խոսել. դրանց մասին երիտասարդների նամակ-պահանջների մեջ մանրամասն կա): Այսինքն, փորձելու են այդ ձևով ճնշել և շարունակել տեղադրման աշխատանքները: Ունենք «ընտիր» պետություն. կառավարության մակարդակով պիտի որոշվի մի քանի կրպակների տեղադրման հարցը։ Այ սա իշխանության և կառավարության «ընտիր» PR–ն է՝ գնահատական կառավարությանը և իշխանությանը: Հիմա գլխավոր խնդիրն այն է, թե ինչն է ավելի գնահատելի այս իշխանության համար՝ օրե՞նքը, հասարակական կարծի՞քը, թե՞ մի քանի քրեաօլիգարխիկ անձանց իրավունքը: Սրանք դրված են կշեռքի երկու նժարներին: Նորից եմ կրկնում՝ եթե մի փոքր տրամաբանություն ունենային թեկուզ տակտիկական հարցերի լուծման համար, պիտի գնային միանգամից կրպակների ապամոնտաժմանը, բայց երևի «ախպերական-գողական թասիբը» վեր է մնացած ամեն ինչից:

–Իսկ ի՞նչ իրավիճակ է այս օրերին Մաշտոցի պուրակում, և ի՞նչ հեռանկար է սպասվում։

Ինչպես մեկ–մեկ բժիշկներն են ասում, հիվանդի վիճակը ստաբիլ է, բայց գտնվում է վերակենդանացման բաժնում: Որևէ աշխատանք չի կատարվում այնտեղ, և սպասում ենք, թե ներկա իշխանության համար որ գործոնը կգերադասվի, և ինչ որոշում կընդունվի:

Մինչև ե՞րբ է այգու համար պայքարը շարունակվելու։

Պայքարը շարունակվելու է ոչ միայն Մաշտոցի պուրակի համար, այլ նաև Դալմայի այգիների կոտորածի դեմ, որն այսօր արագացված գնում է, Նորքի անտառների վերականգնման համար և քաղաքի այլ վայրերի կանաչ տարածքներում կատարվող «օրինական անօրինականությունների» դեմ: Երևի նաև «անտիբուծիկ» որոշում ընդունելու համար այս խնդիրներն են հաշվի առնվում, որ սա հասարակության համար չդառնա պայքարի դրական օրինակ մնացած խնդիրների համար: Եվ մեկ լրացուցիչ հարց իմ կողմից՝ ուղղված քաղաքապետին արդեն որերորդ անգամ՝ ի՞նչ «փոխհատուցման» արդյունքում է ընդլայնվում «Մետելիցա» սրճարանը, և ո՞վ է ֆինանսավորում այդ ընդլայնման աշխատանքները։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը