Մեկնաբանություն

14.03.2012 18:28


Հաճախորդներ բոլոր ժամանակների, փոխվե՛ք

Հաճախորդներ բոլոր ժամանակների, փոխվե՛ք

 Սերժ Սարգսյանի վիճակը հիմա այնպիսին է, որ նա այլևս չի ուզում ձևականությունների հետևից ընկնել ու դրա համար էլ իր բոլոր հաճախորդներին միավորում է՝ բերելով ՀՀԿ տիրույթ։ Այլ խոսքերով՝ Սերժ Սարգսյանը վերջ է դնում հոգեբանական էքսցեսներին և քով–քովի անում ու դիմակազերծում «խնամու տան այցելուներին»՝ նրանց ստիպելով հավատալ ու փոխվել (այսինքն՝ հանդես գալ իրական կերպարով)։

Ինչպես հայտնի է, Սերժ Սարգսյանին սատարելու մասին են հայտարարել Արթուր Բաղդասարյանը, Արտաշես Գեղամյանը և Մանվել Գրիգորյանը։ ՀՀԿ–ական դառնալու դիմում է ներկայացրել «անկախ» պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը։ Գաղտնիք չէ, որ այս մարդիկ տարբեր ժամանակահատվածներում տարատեսակ մեղադրանքներ են ներկայացրել Սերժ Սարգսյանին։ Վերջինս էլ իր հերթին տարբեր գնահատականներ ու որակումներ է տվել նրանց։

Եկեք հիշենք փոխվածների անցած ուղին՝ համոզվելու համար, որ նրանք հավատացել են Սերժին, իսկ Սերժն էլ հավատացել է նրանց ու բոլորը միասին փոխվել են։

Արթուր Բաղդասարյանը, «թունդ ընդդիմադիր» եղած ժամանակ, Սերժ Սարգսյանին մեղադրում էր բոլոր հնարավոր մեղքերի մեջ, իսկ նախագահական վերջին ընտրությունների լարված շրջանում էլ հայտարարեց, թե իշխանությունը (որի թեկնածուն էր Սերժ Սարգսյանը) իր դեմ մահափորձ է ուզում կազմակերպել։ Դրանից առաջ նույն այդ իշխանությունը «դավաճան» որակումն էր տվել ՕԵԿ առաջնորդին։ Այսօր ԱԽՔ–ի կարգավիճակում հայտնված Բաղդասարյանը «մի այլ կարգի» սատարում է ՀՀԿ «ճկուն» ղեկավարին։ Սերժն էլ հաճույքով ընդունում է այդ սատարումը և նրան կարելի է «մարդկայնորեն» հասկանալ, քանի որ այն ինչ «նախաձեռնող» նախագահն արեց Արթուրի հետ՝ պարզապես պարտավոր էր «ամուսնանալ»։

Արտաշես Գեղամյանը տարիներ առաջ հայտարարում էր, թե բրոնեժիլետով է ման գալիս, որպեսզի Սերժ Սարգսյանի հնարավոր հարձակումներից պաշտպանվի։ Բացի այդ՝ «Ազգային միաբանության» առաջնորդը համոզմունք էր հայտնում, որ իրեն վարկաբեկելու նպատակով են տարածում, թե իբր ինքը Սերժի հետ պայմանավորված է խաղում՝ նշելով, որ ում անունը վերջինիս հետ կապվի՝ վարկաբեկվում է։ Սերժ Սարգսյանն այս ամենին ի պատասխան Գեղամյանին «դատարկ դհոլ» անվանեց։ Այժմ «կոնտրագենտներն» իրար հետ են. Սերժը մասնակցում է Գեղամյանի գրքի շնորհանդեսին ու նրան տանում ՀՀԿ–ի ցուցակ, իսկ Գեղամյանն էլ արդեն բացահայտորեն է աջակցում իրեն «դատարկ դհոլ» անվանողին։ Այստեղ են ասել. հավատա՛, որ փոխվես։

Փառապանծ գեներալ Մանվել Գրիգորյանը 2008–ի նախագահական ընտրությունների ժամանակ իրեն ընդդիմադիր էր հռչակել ու տակից խաղեր էր տալիս Լևոն Տեր–Պետրոսյանի հետ։ Այն օրերին ԵԿՄ գրասենյակի շուրջ «ջիպային» ընդվզումների ներկայացումներ կազմակերպվեցին։ Լուրեր էին տարածվում, որ հեսա–հեսա երկրապահները հայտարարություն են տարածելու ու «ջիպերով» մտնեն Ազատության հրապարակ, իսկ այնտեղից էլ երևի ելնելու էին Սասուն ու մտնելու Վան, որից հետո Մուշ, Ալաշկերտ, Արդահան՝ հընթացս անցնելով Բաղրամյան 26–ի վրայով։ «Մտան» ու «անցան»։

Նախագահի աթոռին հայտնվելուց հետո Սերժ Սարգսյանը հարցազրույցենրից մեկում հայտարարեց, թե չի ներելու Մանվելին այդ պահվածքի համար։ ԵԿՄ վերջին համագումարում, սակայն, Մանվելն ու Սերժն արդեն իրար կողք էին նստած ու «Մեջքից խփելը շանտղություն» է երգի հնչյունների ներքո բաժակը բաժակին էին մոտեցնում։

«Միամիտ» լոռեցի Վիկտոր Դալլաքյանին, հավանաբար, դեռ երկար կհաջողվեր «ընդդիմադիր» ու «անկախ» խաղեր տալ, բայց Սերժ Սարգսյանն անողոք գտնվեց իր վաղուցվա հաճախորդի հանդեպ։ Արդյունքում՝ Վիկտորը ՀՀԿ–ին անդամակցելու դիմում է ներկայացրել, այնինչ ոչ վաղ անցյալում նա ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարում էր, թե Սերժ Սարգսյանը Մոնտե–Կառլոյի կազինոյում 50 հազար դոլարի կոն է դնում։

Ահա այսպիսի բաներ։ Իսկ դուք ասում էիք, թե չի կարող պատահել։ Պատահեց։ Բա հո իզու՞ր չի ասվել հավատա՛, որ փոխվես։

Կարեն Հակոբջանյան

Հ.Գ.։ Կից տեսանյութում դուք կարող եք ծանոթանալ «աղջիկ» վախտվա Վիկտոր Դալլաքայի՝ Սերժ Սարգսյանին տված գնահատականների հետ։ 

Այս խորագրի վերջին նյութերը