Հարցազրույց

05.04.2012 17:15


Խաչատուր Քոքոբելյան.

Խաչատուր Քոքոբելյան.

«Ժառանգություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների միասնական կենտրոնական շտաբի բացման ժամանակ շտաբի պետ Խաչատուր Քոքոբելյանն այսօր պատասխանել է լրագրողների հարցերին

–Հայաստանի ամբողջ տարածքում քանի՞ շտաբ եք նախատեսել, և արդյոք Ձեր ռեսուրսները բավարա՞ր են յուրաքանչյուր քվեին տեր կանգնելու համար։

–Ամբողջ Հայաստանի տարածքով մենք կունենանք շուրջ 70 շտաբ։ Այս պահին մոտ 50 շտաբ է գործում, այդ թվում՝ Երևան քաղաքի շտաբները։ Իսկ երբ ասում եմ, որ մենք մեր քվեին տեր ենք կանգնելու, հենց այնպես չեմ ասում։ Այո՛, մեր ռեսուրսները բավարարում են, և մենք մեր ռեսուրսներով, մեր կամավորներով, մեր կուսակից ընկերներով (թե՛ «Ժառանգության», թե՛ «Ազատ դեմոկրատների»), մեր հասարակական սեկտորից ներգրավված մարդկանց թիմերով և, ինչու չէ, մեր էլեկտորատի ակտիվ մասսայի միջոցով կարողանալու ենք վերահսկել ամբողջ գործընթացը։ Կարծում եմ՝ ընդդիմության համար փոքր ռեսուրս չէ ամբողջ ընտրական գործընթացին որպես մասնակից շուրջ 5 հազար անդամ ունենալը։

–Ինչպե՞ս կմեկնաբանեք մամուլի այն հրապարակումները, որ ցուցակում Արարատ Զուրաբյանի չընդգրկվելը վեճի արդյունք է։

–Միանգամից ուզում եմ ասել, որ Արարատ Զուրաբյանն իմ լավագույն ընկերն է, ինձ համար անփոխարինելի ընկեր։ Ես այսօր էլ իր հետ հանդիպելու եմ և խորհուրդ կտամ՝ որևիցե մեկը, այդ թվում՝ լրագրողները և, ինչու չէ, նաև մեր շրջապատի մարդիկ, չփորձեն իմ և Արարատ Զուրաբյանի հարաբերությունների արանքում տեղավորվել։ Դրանք շատ երկար տարիներից եկած ու շատ արժանապատիվ հարաբերություններ են, և, նորից եմ կրկնում, ինձ համար Արարատ Զուրաբյանն անփոխարինելի ընկեր է, և որևիցե ընկեր որևիցե ընկերոջ մենակ չի թողել, դուք դրանում կհամոզվեք։

Եթե անցնեք խորհրդարան, ո՞ր քաղաքական ուժի հետ կոալիցիա կկազմեք, որի հետ՝ ոչ։

Նախ՝ եթե չէ. վստա՛հ ենք, որ կանցնենք։ Եվ հետո, մենք բոլորս՝ ցուցակում ընդգրկված մարդիկ, այսինքն՝ ապագա ԱԺ պատգամավորները, այն մարդիկ են, ովքեր հիմնականում աշխատել են ընդդիմության ճամբարում։ Ես միանշանակ կարող եմ պնդել, որ իշխանական որևիցե քաղաքական ուժի մենք Հայաստանի ապագան չենք պատկերացնում կերտող, և, բնականաբար, ընդդիմադիր ուժերի հետ եթե կլինի այդպիսի քաղաքական և՛ մոտիվացիա, և՛ իրավիճակ, կփորձենք միասնականորեն հանդես գալ։ Որովհետև այսօր ՀՀ–ում կան խնդիրներ, որոնց շուրջ կարելի է նաև համագործակցել ոչ գաղափարական միևնույն դաշտում գտնվող ուժերի հետ (նկատի ունեմ, բնականաբար, ընդդիմադի՛ր)։ Որովհետև, իմ պատկերացմամբ, այսօր ընդդիմությունն է ավելի շահագրգիռ Հայաստանում իրավիճակ փոփոխելու։

–Այսինքն, Հանրապետական կուսակցության հետ որևէ դեպքում բացառո՞ւմ եք կոալիցիա կազմելը։

Ես այդ հարցը նույնիսկ վիրավորական եմ համարում և շինծու, ներողություն։ Բոլոր այն մարդիկ, ովքեր նմանատիպ հարց են բարձրացնում, իմ կարծիքով, եթե պատահական չեն անում, այլ միտումնավոր (ձեր դեպքում վստահ եմ, որ միտումնավոր չէ), սև PR-ի շրջանակներում գտնվող հարցերից են տալիս։

–Ասում եք, որ չեք համագործակցի կոալիցիոն ուժերի հետ, բայց նախորդ օրը ստորագրեցիք ընտրությունները վերահսկելու համար միասնական շտաբ ստեղծելու մասին հայտարարարությունը, որին միացել է նաև ԲՀԿ–ն։ Վերջինին Դուք կոալիցիայի անդամ չե՞ք համարում։

–Կոալիցիայի անդամ համարում եմ։ Մենք երեկ շտաբում էլ ենք քննարկել այդ փաստաթուղթը, և դա վերջնական համաձայնություն չի։ Քաղաքագետների միության կազմակերպած այդ գործընթացին, որով հանրային վերահսկման խնդիր էին ուզում դնել, ես էլ եմ մասնակցել որպես «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ, պարոն Րաֆֆի Հովհաննիսյանն էլ է մասնակցել որպես «Ժառանգության» առաջնորդ, և կա մեկ պարզ ու հստակ բան՝ եթե մի տեղ հավաքվում են քաղաքական ուժերը, և ուզում ենք քննարկել, թե ինչպիսի ելք են ուզում գտնել վերահսկողության համար, ապա դու այդտեղ մասնակցության ձևաչափը որոշելու համար պետք է նաև հաշվի առնես, թե իրենք ինչպիսի մոտեցումներ ունեն։ Դա նախնական փաստաթուղթ է, վերջնական մենք չենք ստորագրել, այսինքն՝ դա չի կարելի համարել պարտավորություն այս պահի դրությամբ։ Ավելին, ես մի փոքր փակագծերը բացեմ. այդ փաստաթղթում կային կետեր (խոսքը բարեգործության, ոչ ազնիվ ընտրական տեխնոլոգիաների օգտագործման մասին է), վստա՛հ եղեք, որ եթե առաջիկա շաբաթում այն վերջնական տեսքի չգա, որը մենք ենք պատկերացնում, և մենք ենք ուզում, ապա մենք այդ փաստաթղթի տակ հաստա՛տ չենք ստորագրի։ Դա իմ անձնական կարծիքն է, որը շտաբում լուրջ քննարկման կարիք ունի։

–Արդյոք արդեն կա՞ն պայմանավորվածություններ գովազդային պաստառների տեղադրման և վճարովի եթերի հետ կապված։

–Այո՛, կան։ Մենք օգտվելու ենք վճարովի բոլոր եթերների հնարավորությունից, գովազդային պաստառների համար ԿԸՀ–ի մրցույթին մասնակցել ենք և ունենք մեզ հատկացված տեղերը, բոլոր տեղերում մենք ներկայացված կլինենք, կօգտագործենք բոլոր հնարավորությունները։ Չկա՛ մի հնարավորություն, որը մենք չենք օգտագործելու մաքսիմալ ձևով։

–Իսկ այդքան ֆինանսական միջոցները ո՞րտեղից։ Օրինակ՝ ՀԱԿ–ն ասում էր, որ արտաքին գովազդային վահանակների համար ֆինանսական միջոցներ չունի։

–Ես տեղյակ չեմ ՀԱԿ–ի ֆինանսական ռեսուրսներից։ Ցավում եմ, որ չեն կարողանում օգտվել այդ հնարավորությունից։ Կասեմ, որ մեր ֆինանսները բավարար են՝ մեր անձնական միջոցներով, մեր խնայողություններով, մեր բոլոր անդամների նվիրատվություններով։ Եվ մենք չենք պատրաստվում ո՛չ բարեգործություն անել, ո՛չ փող բաժանել։

–Դուք խոսում եք ընդդիմադիր ուժերի հետ համագործակցության մասին, բայց հիշենք «Ժառանգության» և ՀԱԿ–ի միջև տեղի ունեցած  թեկուզ վերջին դեպքը Նիկոլ Փաշինյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի թեկնածությունների հետ կապված։ Ինչպե՞ս եք պատկերացնում այդ երկու ուժերի համագործակցությունը։

–Պարզ ձեզ ասեմ՝ ցանկացած համագործակցություն թե՛ ձախողվելու, թե՛ ստացվելու առումով պետք է այնքան հրապարակային և բաց լինի հանրության համար, որ գնահատական կարողանան տալ հանրային սեկտորը, լրագրողները և  քաղաքացիները։ Որովհետև մենք մեր կողմից գնահատականներ կտանք, որ մեղավորներն իրենք են, իրենք կտան, որ մենք ենք։ Պետք է ողջ ճշմարտությունը բաց լինի։ Առաջարկում եմ համագործակցության բաց տարբերակ. այսպես նստենք, լրագրողները թող հավաքվեն (ումի՞ց ենք խուսափում՝ ո՛չ մեկից), և բացահայտ քննարկենք, թե որ տեղամասում ում ենք ուզում պաշտպանել և ինչու։ Իսկ նա, ով կխուսափի նման ֆորմատով քննարկումներից կամ բանակցություններից, բնականաբար, թաքցնելու բան ունի։ Ես չունեմ իմ ընկերների հետ միասին։ Իսկ 7–րդ ընտրատարածքում մեկը ես պաշտպանելու եմ Նիկոլ Փաշինյանին։ (Ինչ վերաբերում է թիվ 10 ընտրատարածքին, ապա Խ. Քոքոբելյանը «Ա1+»–ին ասել է, որ ինքն իր ձայնը տալու է ՀՀԿ–ի թեկնածու Նուշիկյանին, այլ ոչ թե ՀԱԿ–ի կողմից պաշտպանվող Սարիբեկ Սուքիասյանին՝ Խաչատուր Սուքիասյանի եղբորը – Ա.Մ.)։

–Միասնական ցուցակում ընդգրկված անձանց անունները հատկապես լավատեղյակ մարդկանց մոտ որոշ հիասթափություն են առաջացրել։ Ինչպե՞ս կմեկնաբանեք։

–Պարզ է, որ Հայաստանում երբեք չի կազմվել մի ցուցակ, որ բոլորին բավարարի։ Ես վստահաբար կարող եմ ասել, որ մեկը ես պատասխանատվություն եմ կրում մեր ցուցակում ընդգրկված յուրաքանչյուր մարդու համար, և յուրաքանչյուր մեկ այլ մարդ պատասխանատվություն է կրում մեր բոլորի համար, այդ թվում՝ իմ և մյուս ընդգրկվածների։ Ես վստահ եմ, որ մեր ցուցակում ընդգրկված են այնպիսի մարդիկ, ովքեր կարճ ժամանակում իրենց աշխատանքով հանրությանը, այդ թվում՝ այն մարդկանց, ովքեր այսօր այլ կարծիք ունեն, կկարողանան համոզել, որ իրենք ճի՛շտ պայքարող և օրինական Հայաստան, նո՛ր Հայաստան կերտող քաղաքացիներ են։ Վստա՛հ եմ դրանում ուղղակի։ Մեր ցուցակում չկան մարդիկ, ովքեր զբաղվել են թալանով, եղել հանցագործներ։ Հիմա ճաշակի խնդիր է. դա մի քիչ այլ հարց է։ Բայց եկեք նայենք նաև ա՛յլ ցուցակները. ի՞նչ է կատարվում այնտեղ։ Ցուցակներ կան, որ վերցնում ես, կարդում...չեմ ուզում մեկնաբանություններ անել, որովհետև չեմ ուզում ցեխ շպրտել ուրիշների վրա, բայց երբ կարդում ես, մոտդ լրիվ ուրիշ տպավորություն է ստեղծվում, ոնց որ ուրիշ ցուցակ լինի, ոչ թե ԱԺ–ի համար ներկայացված։ Հայաստանը, դժբախտաբար, փոքր երկիր է, և փոքր երկիր լինելով հանդերձ՝ բոլորը կարողանում են ճանաչել բոլորին, գիտեն, թե ով ինչպես է ապրում, ինչով է զբաղվում։ Ես հպարտանում եմ մեր ցուցակում ընդգրկված յուրաքանչյուր անդամով, և վստահ եմ, որ մենք կարողանալու ենք միասնականորեն տանել այն աշխատանքը, որի համար գոնե ես պայքարել եմ միշտ։

Ներկայացրեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը