Լրահոս

07.04.2012 09:57


Բնակչության ծերացումը տեղի է ունենում ամենուրեք, այդ թվում՝ Հայաստանում

Բնակչության ծերացումը տեղի է ունենում ամենուրեք, այդ թվում՝ Հայաստանում

Բնակչության ծերացումը` ծնելիության և երկարակեցության ցուցանիշների տեղաշարժը, այժմ շատ արդի խնդիր է: Վերջին հարյուրամյակում կյանքի միջին տևողությունը ամբողջ աշխարհում զգալի ավելացել է: Վերջինս կարող է դառնալ 21-րդ դարի կարևորագույն հիմնախնդիրներից մեկը, ինչը կբերի տարեց և ծեր մարդկանց /65 տարեկան մարդկանց/ թվի գերազանցմանը երեխաների թվին:

Ուսումնասիրությունները փաստում են, որ 2050թ. Եվրոպայում 65-ից բարձր տարիք ունեցողների քանակը կբարձրանա մինչև 70%: 80 և բարձր տարիքի մարդկանց խումբը` կկազմի 170%: Բնակչության ծերացումը տեղի է ունենում ամենուրեք, այդ թվում և Հայաստանում, դա անխուսափելի և կանխատեսելի գործընթաց է, որը նաև լրջագույն ազդեցություն է թողնում հանրային առողջապահական խնդիրների /հիմնահարցերի/ և հանրային առողջապահական ծառայությունների մատուցման գործընթացի վրա:

Ինչպես հայտնի է, տարեցները իրենց ուրույն ներդրումն ունեն երկրի հասարակության զարգացման մեջ և վայելում են մեր հարգանքը, սակայն տարքի հետ զուգընթաց նրանց մոտ առաջանում են առողջական խնդիրներ, որոնք դժվարություններ են ստեղծում իրենց և իրենց ընտանիքի անդամների համար: Այս փոփոխությունները նպաստում են  նաև առողջապահական պահանջարկի ավելացմանը` միաժամանակ նվազեցնելով աշխատող բնակչության քանակը: Տարեցների մոտ առողջական խնդիրների պատճառները շատ տարբեր են, և վիճակագրական տվյալների համաձայն հիվանդության զարգացման հիմնական պատճառները հանդիսանում են ոչ վարակիչ հիվանդություններն ու վնասվածքները: Հայտնի է, որ միջին և ցածր եկամուտ ունեցող երկրներում, որոնց թվում է նաև Հայաստանը, 65-ից բարձր տարիք ունեցող մարդկանց համար ոչ վարակիչ հիվանդությունների հետևանքով առաջացած խնդիրները 2-3 անգամ գերազանցում են բարձր եկամուտ ունեցող երկրներին: Հիմնականում լուրջ խնդիրներ են առաջացնում սիրտանոթային հիվանդությունները, շաքարային դիաբետը և նորագոյացությունները:  Հաճախակի այդ տարիքի անձինք արդեն իսկ ունենում են մեկից ավելի հիվանդություն, որոնք նրանք ձեռք են բերում միջին կամ նույնիսկ երիտասարդ տարիքում:

Ուստի, այսօր բարելավելով երեխաների, աշխատունակ բանկչության և տարեցների առողջությունը, կարող ենք ստեղծել առողջ  բնակչություն և ապահովել առողջ ծերացում ներկայում և ապագայում:

Նվազեցնելով քրոնիկ հիվանդությունների զարգացման վտանգը առողջ ապրելակերպի միջոցով` որոշ մարդիկ մեծ հասակում, այնուամենայնիվ, կունենան առողջության հետ կապված խնդիրներ: Հետևաբար հիվանդությունները և խանգարումները անհրաժեշտ է հայտնաբերել վաղ շրջանում, ինչպես նաև բավարարել այն մարդկանց պահանջները, ովքեր արդեն տառապում են քրոնիկ հիվանդություններով` ապահովելով այդ հիվանդների բուժումն ու խնամքը:

Ներկայիս պատկերացումը ծերացման վերաբերյալ ձևավորվել է 19-րդ, 20-րդ դարերում, երբ տարեց մարդկանց քանակը շատ ավելի քիչ էր, և մոտեցումները այլ էին: Մտածելակերպի այս ստերիոտիպները կարող են սահմանափակել մեր հնարավորություները առկա խնդիրների հայտնաբերման և դրանց օգտագործման մեջ` 21-րդ դարում հանրության ծերացման հետևանքով: Անհրաժեշտ է մշակել ծերացման նկատմամբ նոր մոտեցումներ, որոնք հիմնված կլինեն մեծահասակների նկատմամբ ազգային առանձնահատուկ վերաբերմունքի վրա:

Ապրիլի 7-ը Առողջապահության համաշխարհային կազմակերպության անդամ բոլոր երկրները նշում են որպես  Առողջության համաշխարհային օր: ՀՀ առողջապահության նախարարությունը «Առողջությունը երկարակեցության գրավականն է» կարգախոսով միանում է վերոհիշյալ նախաձեռնությանը:

Այս խորագրի վերջին նյութերը