Լրահոս

20.05.2009 19:07


Հայաստանի արտաքին գործերի և պաշտպանության նախարարները մասնակցեցին Հյուսիսատլանտյան խորհրդի նիստին

Հայաստանի արտաքին գործերի և պաշտպանության նախարարները  մասնակցեցին Հյուսիսատլանտյան խորհրդի նիստին

Ս.թ. մայիսի 20-ին Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում տեղի ունեցավ 28+1 ձևաչափով Հյուսիսատլանտյան խորհրդի նիստը, որին մասնակցում էին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ու պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՆԱՏՕ-ի անդամ 28 երկրների ներկայացուցիչները:

            Նիստին Հայաստանի արտաքին քաղաքական և պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները հանդես եկան ելույթներով: Արտգործնախարար Նալբանդյանն անդրադարձավ Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության քաղաքական երկխոսությանը, Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններին, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին և արցախյան հիմնախնդրի հանգուցալուծման հնարավորություններին, տարածաշրջանում անվտանգության և կայունության հաստատման խնդիրներին: Հայաստանի պաշտպանության նախարարն իր ելույթում ներկայացրեց անվտանգության բնագավառում ևպաշտպանական համակարգում իրականացվող բարեփոխումների ընթացքն ու հեռանկարները:

Հյուսիսատլանտյան խորհրդի նիստին ելույթ ունեցան ՆԱՏՕ-ի անդամ երկրների 18 ներկայացուցիչները, որոնք բարձր գնահատեցին ԱԳԳԾ իրականացման արդյունքները, Հայաստանում իրականացվող բարեփոխումների ընթացքը: Անդրադարձ կատարեցին մի շարք տարածաշրջանային խնդիրների, ինչպես նաև ՀՀ Զինված ուժերի մասնակցությանը խաղաղապահ գործողություններին:

            Այնուհետև նախարարներ Նալբանդյանն ու Օհանյանը պատասխանեցին բազմաթիվ հարցերի, որոնք վերաբերում էին երկրի արտաքին քաղաքականությանը, տարածաշրջանային զարգացումներին, տարբեր ոլորտներում Հայաստանում իրականացվող բարեփոխումներին: Հյուսիսատլանտյան խորհրդի անդամներն իրենց աջակցությունը հայտնեցին հայ-թուրքական հարաբերությունների լիակատար կարգավորման ուղղությամբ ձեռնարկված քայլերին՝ քաջալերելով Հայաստանի և Թուրքիայի իշխանություններին ավարտին հասցնելու հարաբերությունների կարգավորման գործընթացը:

Հյուսիսատլանտյան խորհրդի նիստին նախորդել էր Հայաստանի արտաքին գործերի և պաշտպանության նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Սեյրան Օհանյանի հանդիպումը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաապ դե Հուպ Սխեֆերի հետ, որի ընթացքում քննարկվեց Գործընկերություն հանուն խաղաղության ծրագրի և Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակներում Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանը:

ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչություն

Այս խորագրի վերջին նյութերը