Լրահոս

20.04.2012 15:45


Տնտեսական օգուտներ շրջակա միջավայրի աղտոտվածության կրճատման միջոցով

Տնտեսական օգուտներ շրջակա միջավայրի աղտոտվածության կրճատման միջոցով

Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գեռչևան և Հայաստանում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) առաքելության տնօրեն Ջաթինդեր Չիման այսօր այցելեցին Արարատ քաղաք՝ ծանոթանալու թափոնների հավաքման եւ վերամշակման ԱՄՆ ՄԶԳ-ՄԱԶԾ համատեղ ծրագրի գործունեությանը, որի շրջանակներում վերջերս քաղաքում պլաստիկ թափոնների 60 աղբաման են տեղադրվել: Տկն. Գեռչևան և դոկտոր Չիման նաև տվեցին հանրային իրազեկման տեղական քարոզարշավի մեկնարկը, որը ներառում էր շրջակա միջավայրի պաշտպանությանը նվիրված բաց դասեր Արարատի երկու կենտրոնական դպրոցներում:

 Հայաստանի շրջակա միջավայրի պաշտպանությանն առնչվող խնդիրներին համապարփակ լուծում տալու նպատակով ԱՄՆ ՄԶԳ-ն և ՄԱԶԾ-ն 2011թ. մարտին մեկնարկեցին համատեղ նախաձեռնություն՝ Պլաստիկ թափոնների հավաքման եւ վերաօգտագործման (ՊԹՀՎ) ծրագիր, որի նպատակն էր բարելավել խմելու ջրի աղբյուրների որակը Հայաստանում, խթանելով պլաստիկ տարաների հավաքումը և վերամշակումը, ինչպես նաև գրավիչ պայմաններ ստեղծել Հայաստանի մասնավոր հատվածի համար ներդրումներ կատարելու պլաստիկ թափոնների բարձր մակարդակով վերամշակման ոլորտում: Մինչ 2011թ. դեկտեմբեր ընկած ժամանակահատվածը,  Վանաձոր, Հրազդան, Ալավերդի, Սևան, Ծաղկաձոր, Արարատ, Չարենցավան և Դիլիջան քաղաքներում տեղադրվել է 600 հատուկ աղբաման և դրանց տեղադրումից հետո արդեն իսկ հավաքվել և վերամշակման է ուղարկվել պոլիէթիլեն տերեֆտալատ (ՊԷՏ) պարունակող շուրջ 30 տոննա թափոն: Նախատեսվում է, որ մինչև 2012թ. հունիս ծրագիրը հավելյալ 300 աղբաման կտեղադրի Արարատ, Արտաշատ, Աշտարակ, Էջմիածին և Արմավիր քաղաքներում:

«Նախաձեռնության հիմնական նպատակն է ստեղծել խթանող պայմաններ հայաստանյան մասնավոր հատվածի համար՝ ներդրումներ կատարելու ՊԷՏ թափոնների բարձր մակարդակով վերամշակման գործում: Այս թունավոր նյութի պատշաճ կառավարումը և վերամշակումը հրատապ է ոչ միայն շրջակա միջավայրի առումով, այլև պարունակում է ներկայումս չիրացված տնտեսական օգուտների ստացման էական ներուժ»,-նշեց ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գեռչեւան:

Ծրագրի նախապատրաստական փուլի ընթացքում ՄԱԶԾ-ն թիրախային համայնքներին տրամադրեց հատուկ աղբամաններ ՊԷՏ թափոնների համար, հակավորման մեքենաներ և կոմպակտորներ` թափոնների հավաքման հենց առաջին փուլում ՊԷՏ շշերի եւ համապատասխան պլաստիկ արտադրանքի առանձնացման համար: Ապա ծրագիրն աջակցեց նախագծել և իրականացնել համագործակցություն կոշտ թափոնների կառավարման համար պատասխանատու տեղական իշխանությունների և ՊԷՏ թափոնների գնման և վերամշակման կարողություն ունեցող մասնավոր ընկերությունների միջև: Հանրային իրազեկվածության մակարդակի բարձրացմանն ուղղված ինտենսիվ քարոզարշավը կարևոր բաղադրիչ էր բնակչությանը տեղեկացնելու ՊԷՏ թափոնները հատուկ աղբամաններում տեսակավորելու կարևորության վերաբերյալ:

«Հայաստանը սկսել է մշակել նոր ծրագրեր և ռազմավարություններ` արդյունաբերության աճն ու  ազգային մրցունակությունը խթանելու և շրջակա միջավայրի պաշտպանության խնդիրներին անդրադառնալու համար` հատուկ կարևորելով կոշտ թափոնի վերամշակումը:  Այժմ անհրաժեշտ են բարելավման և մոդերնիզցիայի անհապաղ գործողություններ` հետագայում  կայուն ու էկոլոգիապես անվնաս կատարողականություն ապահովելու համար: Ծրագիրն ուղղակի ազդեցություն կունենա աղտոտվածության նվազեցմանն ուղղված իրազեկման խնդրի վրա, կբարելավի հանրային առողջապահությունը և տեղական համայնքներին կներգրավի ավելի մաքուր ու քիչ աղտոտված շրջակա միջավայր ապահովելու գործում»,- ասաց դր. Չիման:

 Իշխանությունների և համայնքների բնակչության կողմից հետաքրքրվածության և աջակցության արդյունքների հիման վրա՝ ծրագիրը պլանավորում է ընդլայնվել Հայաստանի այլ քաղաքներում, այդ թվում՝ Երեւանում, որտեղ ամեն տարի դեռևս 3,000 տոննա ՊԷՏ թափոն է նետվում աղբանոց:

Այս խորագրի վերջին նյութերը