Լրահոս

25.05.2009 20:08


Բարձրաստիճան տնտեսագիտական ֆորում՝ նախկին վարչապետերի մասնակցությամբ

Բարձրաստիճան տնտեսագիտական ֆորում՝ նախկին վարչապետերի մասնակցությամբ

Հայաստանում միջազգային ֆինանսատնտեսական ճգնաժամի հնարավոր ազդեցությունն ու դրա հետևանքները քննարկելու, ինչպես նաև ճգնաժամի բացասական ազդեցությունը մեղմելուն ուղղված գործողություններ նախանշելու նպատակով Policy Forum Armenia միջազգային կազմակերպությունը նախաձեռնել է բարձր ներկայացուցչական մակարդակով «Հայաստան. դիմակայելով համընդհանուր աղետին»  տնտեսագիտական ֆորում, որին մասնակցում են տնտեսագետներ Հայաստանից և արտերկրից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Հրանտ Բագրատյանը, Գագիկ Հարությունյանը, Խոսրով Հարությունյանը, Արամ Սարգսյանը և Արմեն Դարբինյանը, ով, սակայն, քննարկմանը չէր եկել։ Հրավիրվածների շարքում էր նաև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով նույնպես չէր եկել։

Քննարկման ժամանակ, անդրադառնալով տնտեսական ճգնաժամի պատճառներին և դրանց հաղթահարման միջոցներին, Վազգեն Մանուկյանը նշել է, որ իր կարծիքով ճգնաժամի հիմնական պատճառներից մեկը արհեստական պահանջարկն է։ Հակառակ այն կարծիքների, թե ճգնաժամի պայմաններում Հայաստանը կարող է իր համար օգուտներ քաղել և հայտնվել շահեկան վիճակում, նա համոզված է, որ Հայաստանը դեռևս չունի այդ հնարավորությունը։

Գագիկ Հարությունյանի կարծիքով ճգնաժամը համակարգային է, և պայմանավորված է նաև ներկայիս որոշակի գլոբալ զարգացումներով։ Նրա կարծիքով Հայաստանի նման երկրները, առաջին հերթին, պետք է աշխատեն առավելագույնս խուսափել ճգնաժամի բացասական ազդեցություններից։

Բավականին հանգամանալից ելույթ ունեցավ Հրանտ Բագրատյանը՝ ներկայացնելով արևմտյան և հետսովետական երկրների յուրահատկությունները, որոնք էլ, նրա կարծիքով,  պայմանավորել են այդ երկրներում տնտեսական ճգնաժամի յուրահատուկ զարգացումը։ Նա նշեց, որ ճգնաժամն ի հայտ բերեց այն խնդիրները, որոնք արդեն իսկ գոյություն ունեին Հայաստանի ներսում։ Դրանք են՝ մոնոպոլիզացիան, պետական տեսակարար կշռի ավելացումը, 10-15 տարի շարունակ չափազանցված տնտեսական աճի ցուցանիշները և այլն։

Խոսրով Հարությունյանը համոզված է, որ ճգնաժամը կհաղթահարվի այն ժամանակ, երբ այն կհաղթահարվի ԱՄՆ-ում, իսկ Հայաստանի համար շատ կարևոր է մեղմել դրա հետևանքները։ ճգնաժամը, ըստ նրա, լավ հնարավորություն է՝ ձերբազատվելու երկրի ներսում համակարգային բնույթ ստացած արատներից։ Կարևորելով բարոյահոգեբանական մթնոլորտը՝ նա ցավով է նշել, որ չկա այն մտածողությունը, որ աշխատողի վիճակը լավ լինելու համար առաջին հերթին պետք է լավ լինի հարկատուի վիճակը։

Արամ Զ. Սարգսյանը, քաղաքականացնելով տնտեսական քննարկումներն, ասել է, որ այս իրավիճակից դուրս գալու միակ հնարավորությունը քաղաքական ելքերն են, իսկ պատճառներից հիմնականը՝ հասարակության և իշխանության փոխադարձ վստահության պակասը։

Այս խորագրի վերջին նյութերը