Լրահոս

18.05.2012 10:20


ԱՄՆ–ի Ռոդ Այլենդ նահանգի կոնգրեսը կոչ է արել ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը

ԱՄՆ–ի Ռոդ Այլենդ նահանգի կոնգրեսը կոչ է արել ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը

ԱՄՆ-ի Ռոդ Այլենդ նահանգի Կոնգրեսը բանաձև է ընդունել, որով ԱՄՆ-ի նախագահին և դաշնային Կոնգրեսին կոչ է անում ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը։

Նահանգի խորհրդարանը բանաձևով բարձր է գնահատել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ջանքերը որպես ազատ և անկախ ազգ զարգանալու գործում և կարևորել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներգրավվածությունը միջազգային քաղաքականության և տարածաշրջանային խնդիրները լուծելու հարցերում։

Բանաձևի ընդունմանը ներկա են եղել ԱՄՆ–ում և Կանադայում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը, Ռոդ Այլենդի Հայկական մշակութային ընկերության՝ ՀՄԸ–ի ներկայացուցիչները, ՀՅԴ Արևելյան ափի Կենտրոնական կոմիտեի անդամ Անի Հարոյանը, Սբ. Վարդանանց եկեղեցու հոգաբարձուների խորհրդի անդամ Սթիվեն Էլմասյանը և նահանգի հայկական համայնքի ներկայացուցիչները։ Ռոբերտ Ավետիսյանը ելույթ է ունեցել կոնգրեսականների առջև և ԼՂՀ–ի ու իր անունից երախտիքի խոսք է հայտնել բանաձևի ընդունման համար։

Այս բանաձևի ընդունմանը զուգահեռ՝ ԱՄՆ–ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում կոնգրեսական Ջեյմս Լանջևենը և Դևիդ Սիսիլայնը հայտարարություն են արել, որով նույնպես ԱՄՆ կառավարությանը կոչ են արել  նպաստել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչմանը։

Լանջևենը մասնավորապես ասել է.

Առավել քան երբևէ կարևոր է, որպեսզի Միացյալ Նահանգները սկզբունքային սատարում ցուցաբերի տարածաշրջանում խաղաղությանը, ցույց տա, որ հակամարտությունից կարող է ժողովրդավարություն ծնվել, և աջակցի Լեռնային Ղարաբաղին։

Կոնգրեսականը նաև ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը կարող է հաստատվել այլևս առանց զոհերի։

20 տարի առաջ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը կռվեց ու զոհվեց՝ հանուն իր անկախության խորհրդային ազերիական ռեպրեսիայից և խտրականությունից: Այսօր ես միանում եմ՝ նրանց անկախության 20-րդ տարեդարձը, Հանրապետության բանակի ձևավորումն ու Շուշիի ազատագրմումը ճանաչելով,–իր ելույթում ասել է կոնգրեսական Սիսիլայնը։

Այս խորագրի վերջին նյութերը