Լրահոս

22.05.2012 17:20


Դոլարի փոխարժեքն աճում է. բորսայում նոր ռեկորդներ են սահմանվում

Դոլարի փոխարժեքն աճում է. բորսայում նոր ռեկորդներ են սահմանվում

Հայաստանի ֆինանսական շուկայում ԱՄՆ դոլարի փոխարժեքը ՀՀ դրամի նկատմամբ շարունակում է աճել՝ սահմանելով նոր ռեկորդներ։ Այսօր «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 401,95 դրամ։ Վերջին երկու տարիների ընթացքում սա առաջին անգամն է, երբ դոլարը բորսայում 400 դրամից բարձր փոխարժեքով է վաճառվում։ Ընդ որում, նախորդ առևտրային նստաշրջանի համեմատ՝ դոլարի փոխարժեքն աճել է միանգամից 2,45 կետով, ինչը մեկ նստաշրջանի ընթացքում գրանցված առավելագույն աճն է վերջին 1,5 տարում։

Ռեկորդային է եղել նաև այսօր բորսայում վաճառված դոլարի ծավալը, որը կազմել է 20 մլն։ Գործարքների ավելի մեծ ծավալներ եղել են միայն 2009–ի գարնանը, երբ Կենտրոնական բանկը ֆիքսված փոխարժեքի քաղաքականություն էր փորձում վարել։ Այս անգամ նույնպես ԿԲ–ն դիմել է արտարժութային ինտերվենցիայի, որպեսզի զսպի ՀՀ դրամի կտրուկ անկումը։ Հարկ է նշել, որ միջազգային արտարժութային շուկայում ԱՄՆ դոլարի փոխարժեքը եվրոյի նկատմամբ իջնում է, ինչը վկայում է այն մասին, որ հայկական շուկայի զարգացումները պայմանավորված չեն միջազգային շուկաների ազդակներով։

Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի փոխարժեքը մնում է 400–404 դրամի սահմաններում։

Այս խորագրի վերջին նյութերը