Լրահոս

25.05.2012 10:04


ԱՄՆ Պետքարտուղարությունն իր զեկույցում անդրադարձել է Հայաստանի խնդիրներին՝ կապված մարդու իրավունքների հետ

ԱՄՆ Պետքարտուղարությունն իր զեկույցում անդրադարձել է Հայաստանի խնդիրներին՝ կապված մարդու իրավունքների հետ

ԱՄՆ–ի Պետքարտուղարությունը հրապարակել է իր հերթական ամենամյա զեկույցը աշխարհում մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ, որում անդրադարձ է եղել նաև Հայաստանին։ Համաձայն այդ զեկույցի՝ Հայաստանում սահմանափակվում են իրենց   կառավարությունը փոխելու քաղաքացիների իրավունքը, խոսքի և մամուլի ազատությունը։ Նշվում է, որ սահմանափակված է դատական իշխանության անկախությունը։

Զեկույցում ասվում է, որ Սերժ Սարգսյանը 2008թ. դարձավ Հայաստանի նախագահ բավական թերի ընտրությունների միջոցով, և իր ղեկավարած Հանրապետական կուսակցությունը շարունակում է կառավարել Հայաստանը։

ԱՄՆ–ի Պետքարտուղարությունը նշում է, որ չնայած 2011թ. ազատ են արձակվել 2008թ. ձերբակալված 6 ընդդիմադիր գործիչները, և կառավարությունը թույլատրել է ցույցեր անցկացնել նախկինում արգելված վայրերում, այնուամենայնիվ քաղաքացիների բողոքի ցույցեր անցկացնելու իրավունքը սահմանափակվում է, և իշխանությունները խոչընդոտում են մարզերում ապրող ցուցարարների մուտքը Երևան։

Զեկույցում ասվում է, որ թեև Հայաստանի իշխանություններն ապաքրեականացրել են զրպարտությունն ու վիրավորանքը, սակայն միաժամանակ այնպիսի բարձր վարչական տուգանքներ են սահմանել, որ լրագրողները ստիպված են ինքնագրաքննություն կիրառել։ Հեռուստաընկերությունները թերի են ներկայացնում քաղաքական տեսակետները՝ լրատվությունն օբյեկտիվ չէ։ 

Անդրադառնալով դատական համակարգում առկա խնդիրներին՝ զեկույցի հեղինակները փաստում են, որ դատարանները գործադիր իշխանության համար ծառայում են որպես քաղաքական ճնշման գործիք։

Մյուս կետը նվիրված է բանակում զինվորների մահվան թվի աճին և կասկածելի մահերին՝ ոչ մարտական պայմաններում։ Զեկույցում ասվում է, որ սպաները կոպիտ վերաբերմունք են դրսևորում զինակոչիկների նկատմամբ և այդ գործողությունների համար չեն կրում որևէ պատասխանատվություն։

Պետքարտուղարությունն անդրադարձել է նաև ոստիկանության կողմից քաղաքացիների ձերբակալման և հարցաքննման ժամանակ բռնության կիրառմանը, բանտերի գերբեռնվածությանը, ինչպես նաև բանտերում առկա հակասանիտարական պայմաններին և բժշկական ծառայության բացակայությանը։ Խնդրահարույց են նաև կաշառակերության չնվազող ծավալը, ընտանեկան բռնությունների դեպքերը։ Ճնշումներ են կիրառվում սեռական փոքրամասնությունների հանդեպ զինվորականների և բանտապանների կողմից։

Զեկույցի հեղինակները նշում են, որ Հայաստանում հաճախակի խախտվում են աշխատանքային օրենքները և ոտնահարվում են աշխատավորների իրավունքները։

 

Այս խորագրի վերջին նյութերը