Լրահոս

30.05.2012 15:56


Սոս Պետրոսյան Կրտսերը իլյուզիոնիզմի կրկեսային ժանրում նվաճել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը

Սոս Պետրոսյան Կրտսերը իլյուզիոնիզմի կրկեսային ժանրում նվաճել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը

Մայիսի վերջերին Հռոմում տեղի ունեցած իլյուզիոնիստների միջազգային մրցույթում հաղթող է ճանաչվել 15-ամյա Սոս Պետրոսյան Կրտսերը: Ինչպես հայտնեց Երևանի կրկեսի գեղարվեստական ղեկավար միջազգային մրցույթի պատվավոր հյուր և նորընծա չեմպիոնի պապիկ Սոս (Իոսիֆ) Պետրոսյանը մրցույթի մասնակիցների ընտրությունը տեղի է ունեցել վեց ամսվա ընթացքում: Առաջին անգամ այս մրցույթին հայ արտիստ է մասնակցել: Իսկ ընդհանրապես մրցույթի շրջանակներում իրենց հմտություններն են ցուցադրել ավելի քան 60 երկիր ներկայացնող շուրջ 3000 իլյուզյոնիստ-աճպարարներ: Ժյուրիի կազմում ընդգրկված են եղել համաշխարհային ճանաչում ունեցող իլյուզյոնիստներ. Ուրի Գելլերը, Ֆրանց Խարարին, Էդ Ալոնսոն, Տոպազը:

Մրցույթի կիսաեզրափակիչ փուլ է անցել միայն յոթանասուն մասնակից: Իսկ եզրափակիչում արդեն իրենց ուժերն են չափել 10 երկրների, այդ թվում ` Ճապոնիայի, ԱՄՆ-ի , Չինաստանի, Մեծ Բրիտանիայի, Հարավային Կորեայի ներկայացուցիչները և Սոս Պետրոսյան Կրտսերը: Նա խաղաքարտերի կապուկով  ցուցադրեց միկրոմագիային և պրեստիդիժիտացիային  (իլյուզյոնիզմի տեսակներ) տիրապետելու իր վարպետությունը: Նույնպիսի համարով նա հանդես էր եկել ռուսական «Փառքի րոպե» հեռուստաշոուի ժամանակ` մեկտեղելով մատների ճարկությունն ու թղթախաղերով ձեռնածության վարպետությունը:

Հռոմի միջազգային մրցաշարը, որն անց էր կացվում առաջին անգամ, այս տարվա հոկտեմբերին ցուցադրվելու է Canale 5 հեռուստաալիքով: Նշենք որ կրկեսային արտիստներ Պետրոսյանների ամբողջ գերդաստանը, որպես պատվավոր հրավիրյալ, ներկա էր այս մրցույթին: Չեմպիոնի ծնողները` Սոս և Վիկտորիա Պետրոսյանները, ներկայացան «Կերպարանափոխություն» («Տրանսֆորմացիա») իրենց յուրահատուկ համարով, որը չորս անգամ հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում: Նշենք, որ Սոսը և Վիկտորիան ժամանակին սահմանել են հագուստն արագ փոխելու աշխարհի ռեկորդ` մեկ րոպեում հասցնելով փոխել 13 կոստյում: Նրանց կրտսեր որդին` Տիգրան Պետրոսյանը, նույնպես հրավիրյալի կարգավիճակով հանդես եկավ Հռոմում, որպես ամենակրտսեր աճպարար` հանդես գալով արտամրցութային ծրագրով: Նա ցուցադրեց թենիսի գնդակներով կատարվող մի համար:

Երևանի Կրկեսի մաուլի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը