Լրահոս

31.05.2012 18:32


ՄԱԿ-ի ԱԽ անդամներին է տրամադրվել ԼՂՀ ԱԳՆ հայտարարությունը

ՄԱԿ-ի ԱԽ անդամներին է տրամադրվել ԼՂՀ ԱԳՆ հայտարարությունը

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունից տեղեկացնում են, որ կազմակերպության Գլխավոր քարտուղար Բան Կի-մունին և ԱԽ անդամ երկրներին է տրամադրվել ԼՂՀ ԱԳՆ հայտարարությունը մայիսյան եռատոնի կապակցությամբ, որում, մասնավորապես, նշվում է. «Մայիսի 9-ը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության /Արցախի Հանրապետության/ ժողովրդի համար եռակի տոն է։ Այդ օրը Արցախի  ժողովուրդը մյուս ազգերի հետ միասին նշում է ազգային միասնության, հաշտության և ազատության տոնը՝ երկրորդ աշխարհամարտի ավարտի կապակցությամբ:

Թեև թվով փոքրաթիվ, Արցախի հայերը նշանակալի դեր խաղացին ֆաշիզմի դեմ հաղթանակի նվաճման գործում։ Երկրորդ աշխարհամարտի պատմության էջերը պահպանում են Արցախում ծնված 3 մարշալների, 1 ծովակալի, 24 գեներալների, ԽՍՀՄ 28 հերոսների, Փառքի շքանշանի 7 ասպետների և բազում բարձրաստիճան սպաների անուններ։

Մայիսի 9-ին Արցախի ժողովուրդը միաժամանակ նշում է Շուշիի ազատագրման 20-ամյակը։

Շուշին 18-19-րդ դարերում ձևավորվել և զարգացել է որպես հայության մշակութային և հոգևոր գլխավոր կենտրոններից մեկը։ 20-րդ դարի սկզբին քաղաքը ավերվում ու հրի է մատնվում քարտեզի վրա որպես պետություն առաջին անգամ հայտնված Ադրբեջանի զինված միավորումների կողմից։ Վերջին հայկական ընտանիքները Շուշին լքում են 1980-ականների վերջերին՝ չցանկանալով կիսել Սումգայիթում և Ադրբեջանի այլ բնակավայրերում սպանդի ենթարկված հայերի ճակատագիրը։

Շուշին, որ գտնվում է ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտի կողքին հառնող բարձրունքում, 1990-ականների սկզբին դարձավ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի, մասնավորապես, Արցախի մայրաքաղաքի ավերիչ գնդակոծության համար գլխավոր բազաներից մեկը։

Շուշիից արձակված օրեկան 300-400 հրթիռների վերջնակետը դարձավ Ստեփանակերտը՝ քաղաքի բնակչությանը տեղահանելով դեպի նկուղներ, առաջացնելով հարյուրավոր տուժածներ և զոհեր, և ավերելով քաղաքի շինությունների կեսից ավելին։

Շուշիի հայկական բնակչության, նրա մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի վերաբերմունքը լավագույնս արտահայտում է այն, թե ինչպես էր դարերի պատմություն և սրբավայր հանդիսացող Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին վերածվել հայկական բնակչության գլխին թափվող արկերի ռազմական պահեստի։

Ադրբեջանական բանակի կողմից շրջափակման մեջ գտնվող Արցախի բնակչությունը կանգնած էր ոչնչացման եզրին։  Այս ճակատագրական պահին Արցախի ինքնապաշտպանական ուժերի կողմից ձեռնարկված ռազմական գործողության շնորհիվ 1992թ. մայիսի 9-ին ադրբեջանական ուժերը լքեցին քաղաքը։ Հաջորդած գործողություններով արցախահայությունը բացեց Հայաստանի հետ կապի միջանցքը, որը հայտնի դարձավ որպես «կյանքի ճանապարհ»։

Մայիսի 9-ը խորհրդանշում է միաժամանակ Լեռնային Ղարաբաղի հանրապետության պաշտպանության բանակի կազմավորման տարելիցը, Արցախի ժողովրդի՝ սեփական պատիվը, անվտանգությունն ու ազատությունը պաշտպանելու կամքը։ Այդ իսկ պատճառով, յուրաքանչյուր տարվա այդ օրը Արցախի ժողովուրդը կոչ է անում դասեր քաղել անցյալից և հավատարիմ մնալ խաղաղ համակեցության սկզբունքներին և հակամարտությունների խաղաղ կարգավորմանն ամբողջ աշխարհում։

Զավեշտալի է հաղթանակի օրվան նվիրված ռազմական շքերթի նկատմամբ Ադրբեջանի անհանգստությունն ու բողոքը. մի երկրի, որը ԼՂՀ ժողովրդի՝ ինքնորոշման իրավունքի իրականացմանը պատասխանեց Ղարաբաղի հարակից տարածքներում և բուն Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների քաղաքականությամբ, սանձազերծեց լայնածավալ ռազմական ագրեսիա՝ հայտնի միջազգային ահաբեկչական ցանցերի, հազարավոր վարձկան-գրոհայինների ներգրավմամբ։ Ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով առ այսօր օկուպացիայի տակ են գտնվում ԼՂՀ առանձին տարածքներ, իսկ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում գրեթե ամեն օր կազմակերպվում են սադրանքներ և դիվերսիոն գործողություններ։

Զուգահեռաբար պաշտոնական Բաքուն մշտապես հանդես է գալիս ռազմատենչ հայտարարություններով, ԼՂՀ ժողովրդի նկատմամբ անմիջական սպառնալիքներով, կարծես թե  «մոռանալով» 1994թ. կրակի դադարեցման վերաբերյալ համաձայնագիրը, որի տակ դրված են Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների ստորագրությունները:

Միայն վերջին յոթ տարիների ընթացքում Ադրբեջանը քսանապատկել է իր ռազմական ծախսերը՝ խախտելով սպառազինությունների՝ միջազգայնորեն ստանձնած բոլոր թույլատրելի առաստաղները։ Այսպիսով, տարածաշրջանի ռազմականացման ողջ պատասխանատվությունը կրում են Ադրբեջանի իշխանությունները, որոնց քաղաքականությունը սպառնում է տարածաշրջանային անվտանգությանը։

Անընդունելի համարելով Ադրբեջանի ծայրահեղ ռասիստական քարոզչությունը և պատերազմի բացահայտ սպառնալիքները՝ Արցախի ժողովուրդը հաստատակամ է շարունակելու ժողովրդավարական արժեքների վրա հիմնված պետության ամրապնդման գործընթացը։

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը հայտարարում է, որ Ադրբեջանի Հանրապետությունն է պատասխանատու Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը՝ ի սկզբանե որդեգրած ուժային քաղաքականությամբ զինված հակամարտության վերածելու և այդ քաղաքականության շարունակությամբ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը խոչընդոտելու համար։

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը կոչ է անում միջազգային հանրությանը համարժեք արձագանք տալ ՄԱԿ-ի կանոնադրության և Հելսինկյան եզրափակիչ ակտի նպատակներին և սկզբունքներին հակասող Ադրբեջանի վարքագծին՝ կանխելու համար տարածաշրջանային անվտանգությանը սպառնացող հնարավոր ադրբեջանական նոր արկածախնդրությունը»: 

ԼՂՀ ԱԳՆ հայտարարությունը, որպես ՄԱԿ-ի ԳԱ և ԱԽ փաստաթղթեր պաշտոնապես կտարածվի հաջորդ շաբաթվա ընթացքում:

 

Այս խորագրի վերջին նյութերը