Լրահոս

04.06.2012 09:43


Խորհրդանշական օրերի համընկնումների հարցի շուրջ

Խորհրդանշական օրերի համընկնումների հարցի շուրջ

Հայաստանի Հանրապետության նոր պատմության մեջ բավական հաճախ են հանդիպում խորհրդանշական օրերի համընկնումները: Այստեղ նշենք դրանցից երեքը:

Թուրքիա - Հայաստան ֆուտբոլային խաղի օրը ընտրված էր հոկտեմբերի 13-ը՝ Կարսի պայմանագրի ստորագրման օրը:

«Արմենիա-2010» Հայաստանում ՆԱՏՕ-ի զորավարժությունների սկիզբն ընտրված էր սեպտեմբերի 11-ը՝ Նյու Յորքի երկնաքերների վրա հարձակման օրը:

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի Հայաստան երկրորդ այցելության օրը ընտրված է հունիսի 4-ը՝ Բաթումի խնդրահարույց պայմանագրի կնքման օրը:

Շարքը կարելի է երկարել, սակայն այսքանն էլ բավարար է ուշադրություն դարձնելու համար այն փաստին, որ Հայոց նոր պատմության մեջ բավական շատ են խորհրդանշական օրերի համընկումները, ինչը ցույց է տալիս, որ միջազգային հարաբերություններում գործող փորձագետներն ու մասնագետները հատուկ նշանակություն եւ կարեւորություն են տալիս այս հարցին:

Այլապես դժվար է պատկերացնել, որ Հայաստանի ֆուտբոլի հավաքականը պատահաբար էր հայտնվել Թուրքիայի ֆուտբոլի հավաքականի հետ նույն խմբում եւ, որ Թուրքիա - Հայաստան ֆուտբոլային խաղի օրը պատահական էր համընկել Կարսի պայմանագրի ստորագրման օրվա հետ (1):

Դժվար է հավատալ, որ ՆԱՏՕ-ի աշխատանքային խումբը, որը կազմել էր «Արմենիա-2010» զորավարժությունների օրակարգը պատահաբար էր զորավարժությունների սկիզբն ընտրել սեպտեմբերի 11-ը (2):

Ավելին, նկատելի է, որ Հիլարի Քլինթոնի առաջին այցելությունը Հայաստան ընտրված էր 2010թ. հուլիսի 4-ը` ԱՄՆ անկախության օրը, իսկ երկրորդ այցելության օրը 2012 թ. հունիսի 4-ը` Բաթումի խնդրահարույց պայմանագրի կնքման օրը (3): Դրանք, հավանաբար, առանձին-առանձին, նշանակում են, որ 2010թ. ԱՄՆ-ը ցանկանում էր շեշտել Հայաստանի անկախության փաստը, հնարավոր է՝ Հայաստանի բնական կամ ռազմավարական դաշնակիցներից Հայաստանի անկախությունը հատուկ ընդգծելու նպատակով: Եվ որ 2012թ. այդ անկախությունը համարում է դյուրաբեկ` ցանկանալով մատնանշել դրան սպառնացող ժամանակակից մարտահրավերները:

Ինչ էլ որ լինեն դրված խնդիրները, մի բան հստակ է, որ միջազգային փորձագետների ևմասնագետների համար հատուկ կարևորություն ունի գործող քաղաքականությանը զուգահեռ խորհրդանշական օրերի համընկնումները, որի միջոցով, ճիշտն ասած, կարելի է պատկերացում կազմել ապագային միտված նրանց որոշ ծրագրերի ու նախապատրաստվող քաղաքականության մասին: Միաժամանակ սակայն, չենք կարծում, թե երբ ժամանակի մեջ տեղի են ունենում քաղաքակրթական հիմնարար փոփոխություններ` խորհրդանշական օրերի համընկումները կարող են լրջորեն ազդել տեղի ունեցող գործընթացների վրա: Ամենեւին, պատմությունը մեխանիկորեն չի կրկնվում եւ կրկնության հանգամանք էլ ստանում է պատմական հատուկ շրջափուլի մեկ ժամանակահատվածում միայն: Քաղաքակրթական նոր շրջափուլի ժամանակ գործում են նոր օրինաչափություններ, իսկ շրջափուլերի անցումներում տեղի են ունենում քաղաքակրթական մեծ քննություններ, որոնք բոլոր ազգերն ու պետությունները չէ որ պարտադիր հանձնում են: Այնպես որ լավ կլիներ միջազգային փորձագետներն ու մասնագետները հանգիստ թողնեին Հայաստանը եւ մի քիչ էլ զբաղվեին վերոնշյալ կարեւոր խնդիրներով:

«Ուխտ Արարատի», Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի ազատամարտիկների և նախկին քաղբանտարկյալների հասարակական նախաձեռնություն

Ծանոթագրություն

1. Կարսի պայմանագիրը ստորագրվել է 1921 թվականի հոկտեմբերի 13-ին, վավերագրերի փոխանակումը կատարվել է Երևանում` 1922 թվականի սեպտեմբերի 11-ին: Տես, Ջոն Կիրակոսյան, Ռուբեն Սահակյան, «Հայաստանը միջազգային դիվանագիտության եւ արտաքին քաղաքականության փաստաթղթերում` 1828-1923 թթ.», «Հայաստան» հրտ., Երեւան, 1972, էջ 517:

2. Այստեղ ավելորդ չէ հիշեցնել նաև զորավարժությունների անվանումը, որ պատկերը ավելի հստակ դառնա։ Այն ձևւակերպված էր այսպես. «ՆԱՏՕ-ի վարժանքը Հայաստանում. Թուրքիայի հետ սահմանի բացումը, ԱԷԿ-ի վթարը և հայերի տարհանումը Վրաստանով»: Տես, «Ուխտ Արարատի», թիվ 2 (20), նոյեմբեր-դեկտեմբեր, 2010 թ., էջ 14-15:

3. Բաթումի խնդրահարույց ու խայտառակ պայմանագիրը կնքվել է Սարդարապատում տարած մեծ հաղթանակից մեկ շաբաթ անց` 1918 թվականի հունիսի 4-ին: Տես, Ջոն Կիրակոսյան, Ռուբեն Սահակյան, «Հայաստանը միջազգային դիվանագիտության եւ արտաքին քաղաքականության փաստաթղթերում` 1828-1923 թթ.», «Հայաստան» հրտ., Երեւան, 1972, էջ 531:

Այս խորագրի վերջին նյութերը