Լրահոս

04.06.2012 12:03


ՀՀ ԳԱԱ-ում մեկնարկում է «Հայկազունիներ. առասպել և պատմություն» գիտաժողովը

ՀՀ ԳԱԱ-ում մեկնարկում է «Հայկազունիներ. առասպել և պատմություն»  գիտաժողովը

Հունիսի 5-ին` ժամը 10:00-ին, ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում (Բաղրամյան 24, 2-րդ հարկ), իր աշխատանքները կսկսի  «Հայկազունիներ. առասպել և պատմություն»  միջազգային գիտաժողովը: Այն նվիրված է հայոց պատմության կարևորագույն փուլի` Հայկազունիների, նրանց դերի, հայ ինքնության ձևավորման հիմնախնդիրներին: Գիտաժողովի նպատակն է անդրադառնալ հայագիտության, արևելագիտության, հնագիտության, ազգագրության, լեզվաբանության, մարդաբանության և հայագիտության այլ բնագավառներում արձանագրված ձեռքբերումներին, Հայաստանի հնագույն շրջանի պատմության և ավանդույթների ակունքներին, ճշտել առասպելաբանության ու պատմականության շրջանակը և սահմանագիծը, զուգահեռաբար ներկայացնել հայ ժողովրդի ու հայոց պետականությունների կազմավորման գործընթացները: Քննարկումների շնորհիվ հնարավորություններ կստեղծվեն հաղթահարելու այդ բնագավառում առկա հիմնական տարակարծությունները:

Գիտաժողովի ընթացքում զեկուցումներով հանդես կգան Հայաստանի, Ֆրանսիայի և Ուկրաինայի գիտնականներ: Գիտաժողովը կազմակերպել են ՀՀ ԳԱԱ-ն և ԵՊՀ-ն` Տեր և Տիկին Էդվարդ և Վերժին Մսըրլյանների մեկենասությամբ: Գիտաժողովն իր աշխատանքները կշարունակի նաև հունիսի 6-ին:

ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական կենտրոն

 

Այս խորագրի վերջին նյութերը