Լրահոս

13.06.2012 09:48


Նյու Յորքում և Վիեննայում ՀՀ դիվանագիտական առաքելությունների ղեկավարների հայտարարությունները

Նյու Յորքում և Վիեննայում ՀՀ դիվանագիտական առաքելությունների ղեկավարների հայտարարությունները

Օրերս Նյու Յորքում և Վիեննայում Հայաստանի դիվանագիտական առաքելությունների ղեկավարները համապատասխանաբար ՄԱԿ-ի և ԵԱՀԿ–ի անդամ երկրներին  տեղեկացրել են Հայաստանի հետ սահմանին ու Արցախի հետ շփման գծում ադրբեջանական կողմի ոտնձգությունների ու սանձազերծած դիվերսիոն գործողությունների մասին: Դեսպաններն իրենց հայտարարությունների մեջ մասնավորապես նշել են. «Հատկանշական է, որ անցյալ տարվա դեկտեմբերին ԵԱՀԿ մշտական խորհրդի կողմից 2012թ. Միավորված բյուջեի քննարկումների ժամանակ Ադրբեջանը մերժել է ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի` բյուջեի ավելացման վերաբերյալ առաջարկը, ինչը կարող էր գործնական հարթակի տեղափոխել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև 2011թ. մարտին Սոչիի հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունը` ստեղծելու շփման գծի երկայնքով հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննման մեխանիզմ։ Իր հայտարարության մեջ հայկական կողմը շեշտել է, որ մերժելով հետաքննման մեխանիզմի իրականացումը` Ադրբեջանն իր վրա է վերցնում  հրադադարի հետագա խախտման և դա հետևանքով եղած զոհերի պատասխանատվությունը:

Դժբախտաբար, ադրբեջանական կողմը շարունակում է մերժել վստահության ամրապնդման միջոցների կիրառումը, մասնավորապես ԵԱՀԿ նախագահության և Մինսկի խմբի համանախագահների առաջարկությունները` հրադադարի ամրապնդումը, դիպուկահարների հետ քաշումը և վերոհիշյալ հետաքննման մեխանիզմը»։

Հայտարարություններում նաև նշվում է. «Հունիսի 4-ին Երևանում ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը խստորեն դատապարտել է ադրբեջանական կողմից կազմակերպված սադրանքները և նշել, որ լարվածության տեղափոխումը, իրավիճակի սրումը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին նշանակալի կերպով խոչընդոտում են բանակցային գործընթացին, ինչպես նաև վտանգում տարածաշրջանային անվտանգությունը: Այդպիսի գործողությունների բոլոր հնարավոր հետևանքների պատասխանատվությունն  ընկնում է ադրբեջանական կողմի վրա»:

Այս խորագրի վերջին նյութերը