Լրահոս

26.06.2012 16:46


Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավճիռը մնացել է անփոփոխ

Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավճիռը մնացել է անփոփոխ

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը քննության է առել Երեւան քաղաքի բնակիչ Ն. Կիարկոսյանի նկատմամբ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2012թ. փետրվարի 22-ի դատավճռի դեմ պաշտպանի կողմից բերված վերաքննիչ բողոքը եւ մերժել այն:

Վերաքննիչ քրեական դատարանը հիմնավորված է համարել այն, որ Ն. Կիրակոսյանը 2008թ. հունիս ամսին նախնական համաձայնության է  եկել իր ծանոթներ Վ. Հովհաննիսյանի, Ա. Հեպոյանի, Կ. Թոռչյանի եւ Հ. Թորոսյանի հետ` ոսկյա իրերի առեւտրով զբաղվող Է. Գրիգորյանից  ավազակային հարձակման եղանակով առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու շուրջ:

Ավազակային հարձակման եղանակով հափշտակությունը կատարելու համար հիշյալ անձինք ձեռք են բերել դիմակներ, ինքնաձիգ եւ մուրճ:  Մշակված ծրագրի  համաձայն` առավոտյան 08:30-ի սահմաններում  Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 106-րդ եւ 107-րդ շենքերի մոտ դարանակալել են եւ սպասել  Է. Գրիգորյանին: Տեսնելով Է. Գրիգորյանի ավտոմեքենան` անմիջապես փակել են մեքենայի ընթացքի ճանապարհը եւ ինքնաձիգի գործադրմամբ ավազակային հարձակում  գործել Է. Գրիգորյանի եւ նրա որդի Կ. Գրիգորյանի նկատմամբ: Բացելով մեքենայի դռները` մեքենայի հետեւի նստատեղի վրայից վերցրել են առանձնապես խոշոր չափերի` 33 555 000 դրամ արժողությամբ տարբեր տեսակի ոսկյա զարդերն ու հեռացել:

Բացի այդ, նախաքննությամբ պարզվել էր նաեւ, որ Ն. Կիրակոսյանը ապօրինի կերպով ձեռք է բերել «Բրաունինգ» տեսակի ատրճանակ: Նշված հրազենն ու ռազմամթերքը 2011թ. մարտի 14-ին հայտնաբերվել է Ն. Կրակոսյանի ձեռքի պայուսակում` նրա անձնական խուզարկության ժամանակ:   

Կոտայքի մարզի  ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2012թ. փետրվարի 22-ի դատավճռով Ն. Կիրակոսյանը հանցավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 235-րդ հոդվածի 1-ին մասով եւ դատապարտվել ազատազրկման` 11 տարի ժամկետով:

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2012թ. հունիսի 13-ին որոշում է կայացրել Ն. Կիրակոսյանի պաշտպանի վերաքննիչ բողոքը մերժելու մասին` ուժի մեջ թողնելով Կոտայքի մարզի  ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2012թ. փետրվարի 22-ի դատավճիռը:

Այս խորագրի վերջին նյութերը