Լրահոս

29.08.2012 16:13


Դատարանը մերժել է Արթուր Սաքունցի հայցը Ռուբեն Հայրապետյանի դեմ

Դատարանը մերժել է Արթուր Սաքունցի հայցը Ռուբեն Հայրապետյանի դեմ

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր մերժել է Հելսինկյան քաղաքացիական ասոցիացիայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի հայցն ընդդեմ ՀՀ ԱԺ պատգամավոր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի։

Հիշեցնենք, որ Սաքունցը Հայրապետյանից պահանջում էր  հրապարակային ներողություն խնդրել և որպես փոխհատուցում՝  նրանից 1 լումա բռնագանձել: Նրա հայցի համար հիմք էր հանդիսացել 2012թ. մայիսի 25-ին Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Լրացուցիչ ժամանակ» սպորտային հաղորդման ժամանակ Ռուբեն Հայրապետյանի արած հետևյալ հայտարարությունը. «Երբ որ ես Վանաձորում ուզում եմ ֆուտբոլի դպրոցը կառուցեմ, ոչ մի ծառ, ոչ մի թուփ չկա, սարի վրա դպրոց եմ կառուցում, բայց, չգիտես ինչի, հայտնվեց Հելսինկյան մի հատ ինչ-որ անհասկանալի օղերով շան ծնունդ ու բռնեց դատի տվեց մեզ, քաղաքապետարանին, ավագանու որոշումը, այդ թվում` ֆեդերացիան էլ՝ որպես երրորդ կողմ, պատասխանող կողմ: Հիմա դրանք մի քանի կոպեկ արտասահմաններից էդ գրանտները ստանում են, իրանց գրանտների հաշվին ցանկացած գեղեցիկ բան այսօր վարկաբեկում են»:

Նշենք, որ Ռուբեն Հայրապետյանի փաստաբան Լուսինե Բեկումյանը դատարանին արդեն ներկայացրել է գրավոր պատասխան, որով պատասխանող կողմը պահանջում է ամբողջությամբ մերժել հայցապահանջը` հիմնավորելով, որ հաղորդման ընթացքում Ռ. Հայրապետյանը «Հելիսինկյան մի հատ ինչ-որ անհասկանալի օղերով շան ծնունդ» ասելով՝ նկատի չի ունեցել Արթուր Սաքունցին, քանի որ վերջինս, իրենց գիտենալով, երբեք օղեր չի կրել: Միաժամանակ, հարցին՝ եթե ոչ Ա. Սաքունցին, ապա ո՞ւմ է ուղղված Ռ. Հայրապետյանի արտահայտությունը, Լուսինե Բեկումյանը պատասխանել է. «Մենք դատարանում ենք, և հիմա չեմ կարող գուշակություններ անել»:

Այս խորագրի վերջին նյութերը