Լրահոս

10.03.2011 09:02


Ժամանակի մեքենա դեռ չունենք

Ժամանակի մեքենա դեռ չունենք

Օրերս տեղեկացանք, որ ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ս/թ մարտի 3-ին հանդիպել է իրեն մեծն գիտնական հռչակած Արթուր Պողոսյանի հետ:

Այն, որ Արթուր Պողոսյանը իրականում ֆիզիկայի, աստղաֆիզիկայի, կամ որևէ այլ բնական գիտության հետ կապ չունի, 37 երիտասարդ ուսանող ու ասպիրանտ ֆիզիկոսներով (այդ թվում ներքոստորագրյալներս) արդեն հայտարարել ենք` փետրվարի 7-ին բաց նամակ հղելով հայրենական ԶԼՄ-ներին: Այդ իսկ պատճառով բավականին զարմացանք, երբ իմացանք, որ կրթությամբ ճշգրիտ գիտությունների մասնագետ Հրանուշ Հակոբյանը հանդիպել է Արթուր Պողոսյանին: Դա դեռ հնարավոր է, որ ըմբռնելի լիներ, եթե չհաջորդեր Սփյուռքի նախարարության տարածած հաղորդագրությունը, որում, ըստ էության, փառաբանվում էր «հայ տաղանդաշատ գիտնական» Արթուր Պողոսյանը:

Երևի թե, այդ թեման մի քիչ կքննարկվեր սոցիալական ցանցերում, ու վաղ թե ուշ կմարեր, եթե Սփյուռքի նախարարության կայքից չհանվեր վերոնշյալ հաղորդագրությունը , իսկ փոխարենը մարտի 9-ին չտարածվեր նորը` «Բոլոր նրանց, ովքեր «ցնցում» ապրեցին» խորագրով: Դրանով, փաստացիորեն, նախարարությունը արդարանում է` ասելով, որ «ՀՀ սփյուռքի նախարարը չի ստուգել Արթուր Պողոսյանի փաստաթղթերը նրան ընդունելուց առաջ»: Դժվար է ասել, թե ինչից են խոսել նախարարն ու Ա. Պողոսյանը, բայց ակամայից հռետորական հարց է առաջանում. «Լավ, իսկ նախարարը այդ տղայի հետ խոսելի՞ս էլ նույնիսկ չհասկացավ, որ այդ տղան բացահայտ ինքնակոչ է»:

Սակայն, Սփյուռքի նախարարության և մասնավորապես, դրա լրատվական ծառայության գործունեության կուլիմինացիան երեկվա հաղորդագրության վերջին պարբերությունն է, որտեղ ասված է. «Իսկ «ֆիզիկոս ուսանողներ և ասպիրանտներ (37 ստորագրություն)» ստորագրությամբ հայտարարության հեղինակները, լինելով այդքան հետաքրքիր մասնագիտության տեր մարդիկ, կարծում ենք` չպետք է իջնեին պարզունակության այն աստիճանի, որ այս միջադեպով որակեին ամբողջ մի նախարարության աշխատանքային գործունեությունը»: Այսինքն, մենք անհիմն քննադատել ենք նախարարությանը:

Փաստորեն, ըստ Սփյուռքի նախարարության, 37 ֆիզիկոսներս փետրվարի 7-ին քննադատել ենք նախարարի մարտի 3-ի արարքը, երբ դա նախապես հնարավոր չէր կանխատեսել, և երբ մեր տարածած բաց նամակում Սփյուռքի նախարարության վերաբերյալ ոչինչ չկար (տես նամակը hraparak.am-ում և նույն նամակը 1in.am-ում):

Ստեղծված իրավիճակից եզրակացնում ենք, որ ՀՀ Սփյուռքի նախարարությունում մեզ քննադատելուց և «պարզունակության այդ աստիճանի» չիջնելու խորհուրդ տալուց առաջ ոչ միայն չէին կարդացել մեր բաց նամակը, այլև չգիտեին, որ մենք դեռ չունենք ժամանակի մեքենա, և չէինք կարող արձագանքել մի բանի, որը տեղի էր ունենալու մեկ ամիս հետո:

Հիմվելով վերոգրյալի վրա, ներքոստորագրյալներս պահանջում ենք ՀՀ Սփյուռքի նախարարությունից ողջամիտ ժամկետներում հրապարակավ հերքել «Բոլոր նրանց, ովքեր «ցնցում» ապրեցին» հաղորդագրության վերջին պարբերությունում տեղ գտած տեղեկատվությունը և նույն կերպ ներողություն խնդրել 37 ֆիզիկոս ուսանողներիցս և ասպիրանտներիցս` մեզ մասին սուտ տեղեկատվություն տարածելու, և դրանով իսկ մեր բարի համբավը կասկածի տակ դնելու համար:

Դանիել Իոաննիսյան (ԵՊՀ) Հովսեփ Ղազարյան (ԵՊՀ) Ռաֆայել Պետրոսյան (Դրեզդենի տեխնիկական համալսարան, Գերմանիա) Սարգիս Կարապետյան (Դյուքի համալսարան, ԱՄՆ)

Այս խորագրի վերջին նյութերը