Լրահոս

27.09.2012 09:43


Այսօր կբացվի Վահրիճ (Վագրիչ) Բախչանյանի առաջին անհատական ցուցահանդեսը Հայաստանում

Այսօր կբացվի Վահրիճ (Վագրիչ) Բախչանյանի առաջին անհատական ցուցահանդեսը Հայաստանում

Այսօր՝ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 16:00-ին, Նարեկացի արվեստի միության ցուցասրահում կբացվի ուշխորհրդային ավանգարդի ամենակարկառուն ներկայացուցիչներից մեկի՝ Վահրիճ (Վագրիչ) Բախչանյանի (1938-2009 թթ.) առաջին անհատական ցուցահանդեսը Հայաստանում: «Խորհրդային ավանգարդի հայրապետ», «վերջին ֆուտուրիստ», «պեղածո գազան». այսպիսի բնորոշումներով են արվեստի քննադատության և գրականության տեքստերը բնորոշում Վահրիճ Բախչանյանին ու նրա ստեղծագործությունը, որ բաժանվում է երկու՝ մոսկովյան (1967-74 թթ.) և նյույորքյան (1974-2009 թթ.) շրջանների:

Նրա կյանքն ու ստեղծագործությունը բազմիցս քննության է առնվել խորհրդային դիսիդենտական-այլախոհական շարժման ու դիսկուրսի շրջանակում, քանզի նա՝ Բրոդսկու և Դովլաթովի սերնդակիցը, մեկն էր «հայրենիքի այն դավաճաններից», ովքեր 1974 հայտնի թվականին լքեցին Խորհրդային Միությունն ու տեղափոխվեցին Միացյալ Նահանգներ:  Ուրիշ առիթներով, թերևս վկայակոչելով նրա գեղարվեստական բառախաղերը, գրականությունը նրան դիրքայնացնում է մոսկովյան կոցեպտուալիզմի համատեքստում՝ որպես այդ շարժման գրականակենտրոն ռոմանտիկ թևի ներկայացուցչի: Ի վերջո, Բախչանյանին է պատկանում աֆորիզմի վերածված` «Մենք ծնված ենք, որպեսզի Կաֆկան եղելություն դարձնենք» («Мы рождены, чтоб Кафку сделать былью») թևավոր խոսքը:

 Որքանով են Բախչանյանի գործերը հարում կամ համապատասխանում ֆուտուրիզմի տեսական ու գաղափարական հայեցակարգին կամ որքանով է նրա աշխատանքը բխում կոնցեպտուալ ֆորմալիզմի կամ անալիտիկության դիրքերից, արվեստաբանական հետազոտությունների հարց է, բայց եթե արվեստագետի դերին ու նշանակությանը տրվող գնահատանքը  պետք է լինի չափելի, ապա այդ չափելիության համար ուղենշային կարող են լինել թեկուց նրա ցուցադրությունների կենսագրությունը:  

Այս իմաստով Վահրիճ Բախչանյանի կենսագրությունն ավելի քան տպավորիչ է, քանզի նրա ունեցած ցուցահանդեսների ազդեցիկ թվարկում կարելի է հանդիպել ՄօՄԱ-ի, Պոմպիդուի անվ. կենտրոնի, Տրետյակովյան պատկերասրահի և բազում այլ հեղինակավոր կենտրոնների անուններ, իսկ նրա գործերը զետեղված են այնպիսի մշտական հավաքածուներում, ինչպիսիք են, օրինակ, Յակոբ և Քենդա Բար-Գերայի հավաքածուն Քյոլնում, Ժամանակակից արվեստի կենտրոնը Մոսկվայում, Տրետյակովյան պետական պատկերասրահը, Պետական ռուսական թանգարանը Սանկտ Պետերբուրգում, Փոլ Գեթիի անվ. արվեստի թանգարանը Լոս Անջելեսում, Ցիմերլիի անվ. արվեստի թանգարանը Նյու Ջերսիում, Իգոր Մարկինի հավաքածուն և այլն:  

Բոլոր այս անունների փայլքի հետևում, սակայն, թաքնված է իրական մարդու իրական ուղի, որը միշտ չէ, որ հարթ է եղել: Այո՛, Բախչանյանը միշտ էլ հայտնի է եղել, բայց միայն նրա կյանքից հեռանալուց հետո է, որ գոնե ռուսական արվեստի դաշտում սկսեցին խոսել նրա աշխատանքի մնայունության և արժեքի մասին:  

Այդ ժառանգության մի փոքրիկ հատվածն է միայն, որ ներկայացվելու է Նարեկացի արվեստի մությունում. Բախչանյանի կոլատպումները՝ առանց սոսնձման ստեղծված կոլաժ-փոխադրումները, որոնց տեխնիկայի մտահղացման հեղինակը հենց ինքը Վահրիճն է: Այդ իմաստով ցուցահանդեսը ոչ այնքան ռետրոսպեկտիվային է, որքան՝ ճանաչողական: Եվ այնուամենայնիվ, զգոն ու աչալուրջ աչքն այնտեղ անպայմանորեն կորսա Վահրիճ Բախչանյանի աշխատանքի մասշտաբայնության չափը: Ցուցահանդեսի բացման կապակցությամբ Նյու Յորքից հատուկ Երևան են ժամանել նկարչի այրին՝ Այրին Բախչանյանը և կինոռեժիսոր Անդրեյ Զագդանսկին, ով այժմ աշխատում է Բախչանյանի կյանքին և ստեղծագործությանը նվիրված կենսավավերագրական կինոնկարի վրա: Նարեկացի արվեստի միությունը նաև հրատարակել է Բախչանյանի նյույորքյան շրջանի աշխատանքների գեղարվեստական ալբոմ, որի շնորհանդեսն էլ տեղի կունենա ցուցահանդեսի բացման օրը:

Ցուցահանդեսի համադրողն է Սևան Նագգաշեանը: Ցուցահանդեսը բաց է մինչև հոկտեմբերի 7-ը: Մուտքն ազատ է:

Այս խորագրի վերջին նյութերը