Լրահոս

28.09.2012 09:22


ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը պատվիրակությունը մասնակցեց Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների համաժողովին

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը պատվիրակությունը մասնակցեց Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների համաժողովին

Սեպտեմբերի 25-27-ը ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցեց Ավստրիայի տնտեսության, ընտանիքի եւ երիտասարդության հարցերով նախարարության կազմակերպած «Կովկաս եւ Կենտրոնական Ասիա. աջակցություն կայուն աճին գլոբալ տնտեսական մարտահրավերների դարաշրջանում» խորագրով նախարարական համաժողովին, որի ընթացքում քննարկվեցին առեւտրի, ներդրումների, ֆինանսների, էներգետիկայի եւ զբոսաշրջության ոլորտներին առնչվող հարցերը, ինչպես նաեւ եվրոպական երկրների հետ տնտեսական համագործակցության նոր հնարավորությունները:

Էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, թե սեպտեմբերի 26-ին միջոցառման շրջանակներում նախարար Դավթյանը հանդիպեց Եվրոպական հանձնաժողովի Առեւտրական հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ Բալաշ Քիշի, Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության (OECD) գլխավոր քարտուղարի տեղակալ Ռիչարդ Բաչըրի, ինչպես նաեւ Ավստրիայի տնտեսության, ընտանիքի եւ երիտասարդության հարցերով դաշնային նախարար Ռայնհոլդ Միթերլեհների հետ: Զրուցակիցների հետ քննարկվեց առեւտրատնտեսական ոլորտում երկկողմ եւ բազմակողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Համաժողովին եւ վերջինիս շրջանակներում կայացած քննարկումներին մասնակցում էր Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը:

Սեպտեմբերի 27-ին Վիեննայի Առեւտրատնտեսական պալատում կայացավ հարավկովկասյան եւ կենտրոնաասիական երկրների գործարարների հանդիպում «Business to Business» ձեւաչափով, որին իրենց մասնակցությունը բերեցին Հայկական զարգացման գործակալությունը` Ռոբերտ Հարությունյանի գլխավորությամբ, Հայաստանից ժամանած գործարարներ, ինչպես նաեւ Վիեննայում ՀՀ դեսպանության առեւտրատնտեսական հարցերով պատասխանատու ներկայացուցիչը: Ավստրիական կողմից գործարար հանդիպումներին իրենց մասնակցությունը բերեցին 100-ից ավել ձեռնարկատերեր եւ ոլորտի կազմակերպիչներ:

Այս խորագրի վերջին նյութերը