Լրահոս

29.09.2012 14:24


Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ դիմում Ջավախքի ժողովրդին

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ դիմում Ջավախքի ժողովրդին

Երկու օրից, հոկտեմբերի 1-ին, Վրաստանում տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ։ Սահմանադրական բարեփոխումների հիման վրա առավել լիազորություններ ստացող օրենսդիր մարմնի՝ խորհրդարանի համար առաջին ընտրությունները անցկացվում են երկրում քաղաքական լարվածության եւ սպառնալիքների, հալածանքների եւ բռնությունների մթնոլորտում։ Դարձյալ առկա է կեղծիքներով ընտրություններ անցկացնելու վտանգը։

Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին, Սամցխե-Ջավախքի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդը (ՍՋՀՀԿ խորհուրդ) շաբաթաներ առաջ նամակներով դիմեց Վրաստանի քաղաքական հիմնական ուժերին, առաջարկելով հանդիպումներ խորհրդի ներկայացուցիչների եւ հիմնական քաղաքական ուժերի համապատասխան անձանց հետ, տեղեկանալու համար նրանց դիրքորոշմանը երկրամասի բնակչության խնդիրների մասին։ Այս տեղեկության հիման վրա էլ Խորհուրդը ճշտելու էր իր քաղաքական դիրքորոշումը խորհրդարանական ընտրություններին մասնակից քաղաքական ուժերի նկատմամբ։

Քաղաքական հիմնական երկու ուժերը՝ իշխող «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունըեւ ընդդիմադիր «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» դաշինքը չընդառաջեցին ՍՋՀՀԿ խորհրդի դիմումներին։

Սամցխե-Ջավախքի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդը հաշվի է առնելով, որ՝

Ա) «Միացյալ ազգային շարժում» կուսակցության գլխավորած իշխանությունը անցած տարիների ընթացքում, ընդհանրապես երկրում եւ հատկապես մեր երկրամասում  իրենց կիրառած քաղաքականությամբ ոչ միայն չեն նպաստել Սամցխե-Ջավախքի հայ ազգաբնակչության կրթական, մշակութային, հոգեւոր եւ քաղաքական խնդիրների կարգավորմանը, այլեւ՝ խորացրել են այդ խնդիրները։ Մեր երկրամասում ստեղծել են հալածանքի, սպառնալիքների ու վախի մթնոլորտ սարքովի եւ ուռճացված մեղադրանքներով ձերբակալելով, բանտարկելով, աշխատանքից ազատելով բազմաթիվ անհատների՝ քաղաքական-հասարակական ծանոթ գործիչներից սկսած մինչեւ իր հանապազօրյա հացի խնդիրը լուծող սովորական քաղաքացուն։ Նույնիսկ նախընտրական քարոզարշավի ընթացքում, այս կուսակցությունը մեր երկրամասում ամբողջությամբ անտեսել է այս խնդիրները եւ կենտրոնացել սոցիալ-տնտեսական խնդիրների վրա, ինչի ուղղությամբ այս կուսակցության իշխանությունը անցած տարիներինտարել է որոշ աշխատանք, սակայն, այդ բնագավառներում եւս առկա է եղել երկրամասի բնակչության մեծամասնություն հանդիսասող հայության նկատմամբ խտրական վերաբերմունքը։

Բ) Գործող իշխանություններին գլխավոր մրցակից հանդիսացող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» դաշինքը իր նախընտրական ծրագրերում եւ քարոզարշավի ժամանակ անդրադարձել է ինչպես երկրի տարբեր շրջանների, այնպես էլ մեր երկրամասի բնակչությանը վերաբերող նաեւ քաղաքական ու կրթական-մշակութային մի շարք խնդիրների, նրանց համար առաջարկելով հավասարակշռված լուծումներ։ Այդուհանդերձ, դաշինքի ներսում ընդգրկված են նաեւ այնպիսի քաղաքական շրջանականեր, որոնց կողմից այդ սկզբունքների նկատմամբ հավատարմությունը խիստ կասկածելի է, ինչը հրապարակվեց նույնիսկ քարոզաշրշավի ժամանակ։ Ավելին, դաշինքը եւս, իշխող կուսակցության նման, չընդառաջեց Սամցխե-Ջավախքի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդի դիմումին՝ պաշտոնական հանդիպման միջոցով քաղաքական դիրքորոշումները քննարկելու նպատակով։

Առ այդ՝

1)    Սամցխե-Ջավախքի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդը հայտարարում է, որ ինք չի աջակցում այս քաղաքական ուժերից եւ ոչ մեկին։

2)    ՍՋՀՀԿ խորհուրդը աջակցում է որպես մեծամասնական ընտրակարգի թեկնածու առաջադրված իր կազմում ընդգրկված կազմակերպությունների ներկայացու­ցիչներին, ովքեր լինելով ՍՋՀՀԿ խորհրդի կազմում, կիսում են երկրամասի խնդիրների նկատմամբ ՍՋՀՀԿ խորհրդի տեսակետներն ու դիրքորոշումները։

3)    ՍՋՀՀԿ խորհուրդը կոչ է անում երկրամասի բնակչությանը ակտիվ մասնակցություն ցուցաբերել ընտրություններին եւ դրանով խոչընդոտել կեղծիքների կիրառմանը։ Երկրի քաղաքական ուժերին պետք է ցույց տալ, որ Ջավախքի հայությունը տեր է կանգնում իր իրավունքներին եւ օգտագործում  քաղաքական բոլոր հնարավորությունները՝ այդ իրավունքների լիակատար պաշտպանության համար։

 Սամցխե-Ջավախքի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդ 

Այս խորագրի վերջին նյութերը