Լրահոս

18.10.2012 14:41


Ավարտին կհասցվի կարևոր օբյեկտների շինարարությունը

Ավարտին կհասցվի կարևոր օբյեկտների շինարարությունը

ՀՀ կառավարությունը վերաբաշխում է կատարել 2012թ. պետբյուջեում, փոփոխություններ և լրացումներ` իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում և լրացուցիչ ավելի քան 142 մլն դրամ հատկացրել գյուղական և քաղաքային համայնքային նշանակության մի շարք խնդիրների լուծման համար։ Ըստ առաջնահերթության ավարտին կհասցվեն յոթ կրթօջախների` Գեղարքունիքի մարզի Թթուջրի և Վարդաձորի, Շիրակի մարզի Գուսանագյուղի, Սյունիքի մարզի Անգեղակոթի և Տեղի, Երևանի N 52 դպրոցների, Երևանի Աջափնյակի N 38 մանկապարտեզի հիմնանորոգումը կամ կառուցումը։

Ընթացիկ տարվա պետբյուջեի ևս մեկ վերաբաշխմամբ և նախկին որոշման փոփոխմամբ գործադիրը բյուջետային հատկացումների միջծրագրային վերաբաշխման եղանակով ավելացրել է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի և «Արտասահմանյան պաշտոնական գործուղումներ» ծրագրով նախատեսված տարեկան գումարները (համապատասխանաբար 12.1 և 0.1 մլրդ դրամով)։
Կառավարության որոշմամբ ՀՀ քաղաքաշինության նախարարությանը հատկացվել է ավելի քան 3 մլն դրամ, որով Ստեփանավանի Դեսինի և Պրոմեթևս փողոցներում գտնվող չորս շենքերը կգրանցվեն քաղաքային համայնքի անունով, որից հետո կապահովվի շենքերի բնակարանները շահառուներին ՀՀ քաղաքաշինության նախարարի կողմից հաստատված ցուցակին համապատասխան հատկացնելու գործընթացը։
ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել օտարելու Դավթաշեն, Եղնիկ, Կաթնաղբյուր, Ներքին Սասնաշեն, Վերին Սասնաշեն համայնքների սեփականություն հանդիսացող հողերը, ինչի շնորհիվ արդյունավետ և արագ կիրականացվի Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրով նախատեսված հողերի` ծրագրի նպատակների համար օտարման գործընթացը, ինչպես նաև ամրագրված փոխհատուցման տրամադրումը։
Կառավարությունն իր նիստում փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում, որը վերաբերում է պետական ներքին ֆինանսական հսկողության (ՊՆՖՀ) ռազմավարությանը։ Որոշման ընդունմամբ հնարավոր կլինի նշված ժամկետներում լիարժեք և պատշաճ կերպով մշակել և ՀՀ կառավարություն ներկայացնել որոշման կետերով սահմանված օրենքների նախագծերը և, կիրառելով ներքին աուդիտի համակարգի և հանրային հատվածի հաշվապահության` ներկայումս իրականացվող ներդրման փորձը, զուգահեռաբար կատարելագործել ՊՆՖՀ համակարգը։
Հիմք ընդունելով «Հսկիչ նշանների (դրոշմապիտակների) միջոցով մագնիսական, օպտիկական, թվային, լազերային և ցանկացած այլ տիպի էլեկտրոնային կրիչների պարտադիր դրոշմավորման մասին» ՀՀ օրենքը` կառավարությունը Հայաստանում կրիչ արտադրող և Հայաստան կրիչ ներմուծող անձանց կողմից կրիչների պարտադիր դրոշմավորման նպատակով ձեռք բերվող հսկիչ նշանների (դրոշմապիտակների) արժեքը 2012 և 2013թթ. համար սահմանել է 7.5 դրամ։
Հիմք ընդունելով «Մեծամորէներգաատոմ» ՓԲԸ 2011թ. ֆինանսական արդյունքը (ընկերությունն ինչպես 2010, այնպես էլ 2011թ. ընթացքում տնտեսական գործունեություն չի իրականացրել և արտադրանքի իրացումից հասույթ չի ունեցել)` կառավարությունը թույլատրել է բաժնետոմսերի անվանական արժեքի փոքրացման միջոցով ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցումը` այն համապատասխանեցնելով 2011թ. տարեվերջի դրությամբ ընկերության զուտ ակտիվների արժեքին։

Այս խորագրի վերջին նյութերը