Մեկնաբանություն

24.11.2012 14:03


Կոբզոնը դատարկաձե՞ռն էր եկել

Կոբզոնը դատարկաձե՞ռն էր եկել

Սերժ Սարգսյանի քարոզչամեքենան նրա ցանկացած հանդիպում օտար երկրի անգամ «Ճ» կլասի ներկայացուցչի հետ սիրում է ներկայացնել որպես «դաբրո» ստանալու հաջողված օպերացիա։ Ընդ որում՝ սկզբունք չկա։ «Անկախ» մամուլի մատուցմամբ՝ Սերժ Սարգսյանը երբեմն արևմտամետ է և «դաբրո» է ստանում Արևմուտքից ու գործում ՌԴ–ի դեմ, իսկ երբեմն էլ ռուսամետ է և «դաբրո» է ստանում Պուտինից ու մտնում Եվրազես։

Իրականում դրսի «դաբրո» ունենալու մասին խոսակցությունները դատարկաբանության ոլորտից են։ Հայաստանի խնդիրները որոշվում են Հայաստանի ներսում, իսկ դուրսը փորձում է հարմարվել իրավիճակին։

Սերժ Սարգսյանն ինքն է քարոզչահոգեբանական նպատակներով դրսի «դաբրոյի» խնդիրը դարձրել ճակատագրական, բայց խճճվել է իր արտաքին կողմնորոշումներում ու վերածվել աշխարհաքաղաքական «բոմժի»։ Ու հիմա այդ «բոմժությունը» նրա թիմակիցներն ուզում են ներկայացնել որպես դրսի «դաբրոների» հավաքածուն համալրելու գործընթաց, ինչը ծիծաղից բացի այլ բան չի կարող առաջացնել։

Սերժ Սարգսյանի PR–ի առանձնահատկությունները հաշվի առնելով՝ զարմանալի էր, թե ինչու նրա թիմը առիթը չօգտագործեց ու երգիչ Իոսիֆ Կոբզոնի երևանյան այցը, համերգը և նախագահի հետ հանդիպումը չներկայացրեց որպես դրսի հերթական «դաբրոյի» ստացման արարողություն։

Մի ամբողջ Կոբզոն էր եկել Հայաստան ու մի ամբողջ երկրի ղեկավարի հետ 7 րոպե զրուցել։ Եվ այս պայմաններում առիթը բաց թողնել ու մի ամբողջ դավադրության ու «դաբրոյի» տեսություն չմատուցել բազմաչարչար ընթերցողին, աններելի բաղթողում է։ Կարծում ենք, որ այդ բացը լրացնել է պետք, և մենք այժմ սերժամետ մամուլին կօգնենք այդ հարցում, քանզի Սերժ–Իոսիֆ «դաբրոյահավաք» հանդիպման փաստը չի կարելի շրջանցել։

Ստորև ձեզ ենք ներկայցնում սերժամետ մամուլի սիրած ոճով գրված տիպային մի հոդված «դաբրոների» թեմայով։

«Իոսիֆը հենց այնպես չէր եկել Հայաստան, և ընդհանրապես նախագահական ընտրություններից առաջ հենց այնպես Հայաստան չեն գալիս, այլ գալիս են «դաբրոյով» կամ «դաբրոյի» վրա։ Քոչարյանի վերջին հարցազրույցից հետո ռուսները շտապել էին Երևան ուղարկել Կոբզոնին, ով իր երգարվեստով փաստացի ցույց տվեց, որ Պուտինի «դաբրոն» Սերժինն է։

Ակնհայտ է, որ Սարգսյանի Ֆրանսիա կատարած այցից հետո ռուսներն անհանգստացած էին ու որոշել էին Կոբզոնի միջոցով մեսիջներ փոխանցել ՀՀ նախագահին։ Միայն միամիտները կարող են հավատալ, որ «Արամ Խաչատրյան» համերգասրահում Կոբզոնը երգում էր։ Իրականում նա երգի միջոցով փոխանցում էր Պուտինի մեսիջները Սերժին։ Վերջինս շատ արագ հասկացավ այդ մեսիջների բովանդակությունը և Կոբզոնին հրավիրեց նախագահական նստավայր։

Ակնհայտ է նաև, որ Կոբզոնին ընդունելով՝ Սերժ Սարգսյանը հակակշռեց Գագիկ Ծառուկյանի՝ ՌԴ–ում «Տարվա մարդ» հռչակվելու արարողությանը։ Սարգսյանն այդպիսով հասկացրեց, որ ԲՀԿ ղեկավարի դրսի ճնշումներն ինքը կարողանում է հմտորեն չեզոքացնել Հայաստանում, ինչի վկայությունը Կոբզոնի հետ հանդիպումն էր։ Եթե հաշվի առնենք նաև այն հանգամանքը, որ Կոբզոնը Հայաստան եկավ Հովիկ Աբրահամյանի աղմկոտ ու անսպասելի արձակուրդից հետո, ապա լրիվ պարզ կդառնա, որ Սարգսյանին հաջողվել է օլիգարխիայի դեմ հաղթանակ տանել, քանզի Իոսիֆի բարիտոնն այն բարի տոնը չէ, որով Տիգրան Սարգսյանը ելույթ է ունենում կառավարության նիստերում։

Կաբզոնի այցելությունը բարեբաստիկ էր Սերժի համար նաև այն առումով, որ Արևմուտքն էլ իր «դաբրոն» տվեց Կոբզոնի բերած «դաբրոյին»։ Գաղտնիք չէ, որ Կոբզոնը հրեա է, իսկ դա նշանակում է, որ նա «չերեզ» Իսրայել կապ ունի ԱՄՆ–ի հետ։ Դա էլ իր հերթին նշանակում է, որ նա Սերժի հետ առանձնազրույցի ժամանակ չէր կարող միայն ՌԴ–ից «դաբրո» բերել։

Համաշխարհային գործընթացները և մեր հարևան տարածաշրջանում տեղի ունեցող թեժ մարտերը հուշում են, որ Կոբզոնը նաև Արևմուտքի ներկայացուցիչն է եղել Բաղրամյան 26–ում։ Այսպիսով կարող ենք ասել, որ ԱՄՆ–ՌԴ տարածաշրջանային մրցակցությունը Հայաստանում դրսևորվում է ԵԺԿ–ական Սերժին «դաբրո» տալու իրավունքը նվաճելի հարցում, ինչը բարձրացնում է Հայաստանի կշիռը։  Մնում է, որ Սերժ Սարգսյանն ուշադրություն դարձնի քաղաքացիական հասարակությանն ու է՛լ ավելի հուժկու պայքար մղի օլիգարխիայի դեմ, և վերջ։

Կարող ենք ասել, որ Կոբզոնի այցը վերջնականապես լուծեց 2013թ. հարցը և անգամ 2018թ. նախագահական ընտրությունների հարցը, և Սարգսյանն ու Քոչարյանը հիմա  մարտավարական տարաձայնության մեջ են ընդամենը 2017թ. և 2022թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ իրենց քվոտաները ճշգրտելու հարցում, ինչի մասին բազմիցս ակնարկել են սկզբունքային ընդդիմադիր գործիչներ Զարուհի Փոստանջյանը, Նիկոլ Փաշինյանը և Արամ Սարգսյանը։ ԲՀԿ–ի, ՀԱԿ–ի, ՀՅԴ–ի ու մյուս ուժերի քննարկումները խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու առումով հենց այդ ենթատեքստում պետք է դիտարկել։ Դա ցույց է տալիս, որ քաղաքական դասն իրեն ամբողջությամբ սպառել է, և միայն քաղաքացիականության շնորհիվ է հնարավոր լուծել եթե ոչ իշխանափոխության, ապա սարերի լանջերի վրա օլիգարխների քեֆերի ժամանակ կոխկռտվող խոտածածկի և որսի զոհ դարձած քարայծերի խնդիրները։ Հայաստանի ապագան այսօր որոշվում է ոչ թե ընտրատեղամասում և քաղաքական հարթության մեջ, այլ Մաշտոցի պուրակում և Փակ շուկայում։ Սա՛ է, որ քաղաքական դաշտի խաղացողները չեն հասկանում։

Հիմա, երբ պարզ է, որ Կոբզոնը «դաբրոն» բերել է Սերժին, շատ կարևոր է, որ քաղաքացիական հասարակությունը կարողանա իր շահը ներկայացնել ու օգնել Սերժին Քոչարյանի հետ պայքարում տանուլ չտալու և 2023–ին քաղաքացիական հասարակության ձայնը լսելի դարձնելու համար, իսկ արդեն 2028–ին քաղաքացիական հասարակությունը պետք է պայքարի նախագահական ընտրություններում իր թեկնածուն ունենալու համար։ Այս հարցում Սերժի ու քաղաքացիական հասարակությանը շահերը, ակնհայտորեն, համընկնում են, և Կոբզոնի այցն էլ դրա խոսուն ապացույցներից էր»։

Ահա՛ թե ինչ պետք է գրեին լրատվական դաշտի գեղամյանները Կաբզոնի այցից հետո, սակայն մոմենտը բաց թողեցին։ Ինչպիսի՜ վերնագրեր բաց թողնվեցին՝ «Կոբզոնը ձեռնունայն թողեց ԲՀԿ–ին ու ՀԱԿ–ին. «դաբրոն» Սերժինն է», «Կոբզոնը բերեց ՌԴ «դաբրոն»» կամ «Արևմուտքն ու ՌԴ–ն համաձայնության են եկել Սերժ Սարգսյանի հարցով. Կոբզոնի այցը պատահական չէր»։

Այ, սենց մազալու բաներ։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը