Լրահոս

03.12.2012 19:37


Ընտրական գործընթացների լեգիտիմությունն ապահովելու նպատակով հրատապ միջոցառումներ ձեռնարկելու անհրաժեշտության հիմնավորում

Ընտրական գործընթացների լեգիտիմությունն ապահովելու նպատակով  հրատապ միջոցառումներ ձեռնարկելու անհրաժեշտության հիմնավորում

Համառոտ նկարագիր

Չնայած Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ ամրագրված ժողովրդավարական սկզբունքներին` երկրում ձախողվել է ընտրական ինստիտուտի` որպես քաղաքական իշխանության ազատ և արդար ձևավորման և/կամ փոփոխության միջոցի, կայացումը: Ընտրությունները Հայաստանում սովորաբար ուղեկցվում են բազմաթիվ խախտումներով` կասկածի տակ դնելով գործընթացի անցկացման ու ընտրությունների արդյունքների օրինավորությունը: Քաղաքական, տնտեսական ու սոցիալական բարեփոխումների հաջողությունն ապահովելու և Հայաստանի` որպես ժողովրդավարական երկրի հեղինակությունը բարձրացնելու նպատակով հույժ կարևոր է, որպեսզի վերականգնվի իշխանությունների լեգիտիմության նկատմամբ հանրության վստահությունը: Ընտրախախտումների պատճառը, ի թիվս այլոց` Ընտրական oրենսգրքի անկատարությունն է, ուստի, անհրաժեշտ է դրանում որոշակի փոփոխություններ կատարել` նախքան 2013 թ. նախագահական ընտրությունները:

Լեգիտիմ ժողովրդավարական կառավարումը ենթադրում է ազատ, արդար, թափանցիկ ընտրություններ և դրանց արդյունքում` իրավասությունների խաղաղ փոխանցում նոր ձևավորված իշխանությանը: Ուստի, անհրաժեշտ է, ոչ միայն իշխանությունը ժողովրդին պատկանելու գաղափարի հռչակումը, այլև ժողովրդի կամքն արտահայտող կառույցների և գործընթացների ապահովումը:

Սույն փաստաթղթում ներկայացված են Հայաստանի ընտրական օրենսդրության` ընտրությունների լեգիտիմությունը կասկածի տակ դնող հիմնախնդիրները և դրանց լուծմանն ուղղված առաջարկները` կոռումպացված պրակտիկան վերացնելու և առաջիկա ընտրություններում հանրության համար ընդունելի արդյունքներ ապահովելու նպատակով:

Ներածություն

Հայաստանի Հանրապետությունը սահմանադրությամբ հռչակված ժողովրդավարական պետություն է։ «Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով։ Իշխանության յուրացումը որևէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է» (ՀՀ Սահմանադրություն, հոդված 2): Չնայած սույն ազդեցիկ դրույթներին` 1995 թ. ՀՀ Սահմանադրության ընդունումից մինչ օրս համապետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների համարյա ոչ մի ընտրություն Հայաստանում տեղի չի ունեցել քաղաքացիների կամքի ազատ արտահայտման հիման վրա:

Հայաստանում ընտրությունները սովորաբար ուղեկցվում են լուրջ ընտրախախտումներով, որոնք դրսևորվում են բազմակի քվեարկություներով, ընտրակաշառքով, արդեն իսկ նշում կատարած քվեաթերթիկներով իրականացված` «կարուսել» կոչված քվեարկությամբ, վախի մթնոլորտի ձևավորմամբ, ընտրողների, դիտորդների ու վստահված անձանց ահաբեկմամբ, քվեատուփերի լցոնմամբ և արդյունքների կեղծմամբ, ինչը չի արժանանում ո՛չ իրավապահ մարմինների կողմից պատշաճ հետապնդման, ո՛չ էլ դատարանի կողմից դատապարտման: Ուստի, միանգամայն բնական են հետընտրական հուզումներն ու ընտրությունների լեգիտիմությունը կասկածի տակ դնող բողոքները: Նման բողոքների արտահայտման գագաթնակետը հանդիսացան 2008 թվականի ՀՀ նախագահական ընտրություններին հաջորդած զարգացումները, երբ ընտրությունների վիճահարույց արդյունքների դեմ ընդվզող քաղաքացիական խռովությունը իշխանությունների կողմից ճնշվեց ոստիկանական և ռազմական ուժի գործադրմամբ` արդյունքում հանգեցնելով առնվազն 10 մարդու մահվան:   

Ըստ Գելափ կազմակերպության կողմից վերջերս իրականացված սոցիոլոգիական հարցման` Հայաստանում ընտրությունների ազնվությանը հավատում է հարցման ենթարկված կանանց 13 և տղամարդկանց 12 տոկոսը: Ընտրությունների արդյունքներին թերահավատորեն վերաբերվող քաղաքացիների թվաքանակով Հայաստանը աշխարհի 125 երկրների շարքում զբաղեցնում է վերջից երրորդ տեղը. ավելի թերահավատ են միայն Հաիթիի եւ Մոնղոլիայի բնակիչները[1]: Ընտրական գործընթացներն ընդհանուր առմամբ ընկալվում են որպես հանրային արարողակարգ, որոնք պարզապես կազմակերպվում են արևմտյան ժողովրդավարական տերությունների մտահոգությունները փարատելու և որոշակի սկզբունքներին բավարարելու համար:

Իրականում, ընտրությունները Հայաստանում ավելի են արմատավորել օլիգարխիկ կարծր կառուցվածքը և երաշխավորել գործող քաղաքական ուժերի շարունակական վերարտադրությունը` չապահովելով պատշաճ դերակատարություն քաղաքացիների և նրանց քվեների համար: Հայաստանի քաղաքացիները խիստ հիասթափված են ընտրական գործընթացներից և ժողովրդավարական հաստատություններից: Ձևավորված իշխանության լեգիտիմությունը չի ճանաչվում, և այլևս զարմանալի չէ, երբ նրանք գործում են ժողովրդի  շահերին հակառակ: Մինչդեռ, ընտրական գործընթացների օրինավորության, ինչպես նաև ընտրված անձանց հեղինակության ճանաչումը բացառիկ կարևոր էական դեր ունի ժողովրդավարական գործընթացների զարգացման և քաղաքական, տնտեսական ու սոցիալական բարեփոխումների առումով:

Թեպետ մեծ թվով ընտրախախտումներ տեղի են ունեցել ոչ պատշաճ իրավակիրառ պրակտիկայի հետևանքով, այդուհանդերձ ընտրությունների լեգիտիմությունը կասկածի տակ դնող հիմնական մեխանիզմները թաքնված են ՀՀ ընտրական օրենսգրքում: Ընտրական օրենսդրության բազմաթիվ և շարունակական փոփոխությունները զգալիորեն բարելավել են ընտրությունների կազմակերպման որակը, սակայն, դրանց արդյունքում, ընդհանուր առմամբ, մշակվել է ընտրակեղծիքների առավել կատարելագործված և փորձված զինանոց: Ընտրախախտումներն ընդամենը դարձել են ավելի «փափուկ», քանի որ բռնարարքներն ու անկարգությունները փոխարինվել են պարզ ահաբեկումներով, ընտրակաշառքներով և թաքնված խախտումներով:

Համոզված ենք, որ Հայաստանի իշխանությունների լեգիտիմության ներկայիս պակասը կարող է վերականգնվել միմիայն առաջիկա ընտրությունների օրինավորության ապահովմամբ, ինչի համար պարզապես հարկավոր է ներկա վարչակարգի քաղաքական կամքի դրսևորումը և, ի թիվս այլ միջոցառումների, ՀՀ ընտրական օրենսգրքի մեջ փոփոխությունների կատարումը:

Հիմնախնդիր

ՀՀ ընտրական օրենսգիրքն ունի մի շարք թերություններ, որոնք ազդում են ընտրությունների անցկացման որակի և դրանց ազատ ու արդար բնույթի վրա և սրա պատճառներից մեկն այն է, որ 2007-2008 թթ. ընտրություններից հետո Հայաստանի օրենսդիրները թերացել են անդրադառնալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ բոլոր հանձնարարականներին[2]: Այնուամենայնիվ, ընտրությունների լեգիտիմությունը կասկածի տակ դնող հիմնական հարցերն առնչվում են վարչական ռեսուրսի չարաշահմանը, ընտրացուցակների ուռճացմանը և քվեարկության գործընթացների խաթարմանը[3]:

Վարչական ռեսուրսի չարաշահում

Հայաստանում կազմակերպվող ընտրությունները հիմնականում ուղեկցվում են վարչական ռեսուրսի չարաշահմամբ, ինչը սովորաբար ծառայում է իշխող կուսակցության կամ ՀՀ գործող նախագահի շահերին: Թեև ՀՀ ընտրական օրենսգիրքը պարունակում է մի շարք սահմանափակումներ, ինչպիսիք են` իրենց լիազորություններն իրականացնելիս պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական և համայնքային ծառայողների, ուսումնական հաստատությունների մանկավարժական կազմի աշխատողների, ինչպես նաև սահմանադրական դատարանի անդամների, դատավորների, դատախազների, ոստիկանության, ազգային անվտանգության, քրեակատարողական հիմնարկներում ծառայողների, զինծառայողների և ընտրական հանձնաժողովի անդամների` նախընտրական քարոզչություն կատարելու և ցանկացած բնույթի քարոզչական նյութ տարածելու արգելքը[4], նախընտրական քարոզչության նպատակով ծառայողական պարտականությունների իրականացման համար տրամադրված տարածքների, տրանսպորտային և կապի միջոցների, նյութական ու մարդկային ռեսուրսների օգտագործման արգելքը[5], այդ սահմանափակումները բավարար չեն: Իրականում տեղ են գտնում հանրային ռեսուրսների լայնածավալ չարաշահումներ, որոնք անհավասար պայմաններ են ստեղծում կուսակցությունների/թեկնածուների համար և հաճախ ազդում քաղաքացիների կամքի ազատ արտահայտման վրա:

  • 2012 թ. ՀՀ ԱԺ ընտրությունների ժամանակ բարձրաստիճան պաշտոնյաներն, ինչպես օրինակ, ՀՀ նախագահը,  վարչապետը, նախարարներն ու մարզպետներն իրենց պաշտոնեական լիազորություններն իրականացնելիս ակտիվորեն նախընտրական քարոզչություն են ծավալել հօգուտ Հայաստանի հանրապետական կուսակցության` օգտագործելով հանրային ռեսուրսները (այդ թվում` օգտվելով ուղեկցող անձնակազմի և այլ մասնակից պաշտոնյաների տրանսպորտային ծառայություններից աշխատանքային ժամերին)[6]: Նման  միջոցառումների լուսաբանումը լրատվամիջոցներով համարվել է «պաշտոնական տեղեկատվություն», և ոչ թե քարոզչություն, որպիսի պարագայում  խախտվել է  ընդդիմադիր կուսակցությունների` եթերաժամերից հավասար պայմաններով օգտվելու իրավունքը,  և արհեստականորեն ավելացվել  իշխող կուսակցությանը հատկացված եթերաժամանակի ծավալը:
  • Կրթական հաստատությունների ղեկավարները ստացել են հրահանգ` ապահովելու իրենց աշխատակազմի և սաների (ներառյալ` մանկապարտեզների) ներկայությունը նախընտրական քարոզչություն իրականացնող բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումներին, մասնավորապես` մարզերում[7]:
  • Մի շարք համայնքների ղեկավարներ  ակտիվորեն մասնակցել են քարոզարշավի իրականացմանը, ինչպես նաև ընտրությունների ժամանակ եղել են  վստահված անձ` ուղղակիորեն ճնշում գործադրելով համայնքի բնակիչների վրա՝ ընդհուպ քվեարկության կատարման ուղղորդումը[8]:
  • Ընտրական օրենսգիրքը պարունակում է թեկնածուների` նախընտրական հիմնադրամից օգտվելու թույլատրելի ծախսերի սպառիչ ցանկ, որը պետք է  հանրության համար մատչելի լինի: Այդուհանդերձ, սույն ցանկը սահմանափակվում է զանգվածային լրատվության միջոցներով քարոզչության, դահլիճների, տարածքների վարձակալման, քարոզչական պաստառների, տպագիր և այլ նյութերի ծախսերով` չընդգրկելով հնարավոր այլ ծախսերը, օրինակ` բացօթյա միջոցառումների, տրանսպորտի, աշխատանքի և այլ ծախսերը, ինչը նպաստում է վարչական ռեսուրսի հնարավոր չարաշահումը թաքցնելուն: Բացի այդ, նախընտրական հիմնադրամներ բացելը սահմանված չէ որպես պարտադիր պահանջ:
  • Ընտրական օրենսգիրքը սահմանափակում է արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիների ընտրելու իրավունքը` բացառությամբ դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների, նրանց ընտանիքի անդամների, ինչպես նաև ՀՀ-ում գրանցված իրավաբանական անձանց` արտասահմանում տեղակայված ներկայացուցչությունների աշխատակիցների, ովքեր հնարավորություն ունեն քվեարկելու էլեկտրոնային եղանակով: Արտասահմանում գտնվող ՀՀ այլ քաղաքացիներին ընտրության հնարավորություն չտալու պարագայում նշված խմբի անձանց համար արտոնյալ ռեժիմ սահմանելը, ըստ էության, խնդրահարույց է: Այս մտահոգությանը գումարվում է այն, որ առհասարակ կասկածելի է էլեկտրոնային քվեարկությունների արժանահավատությունը:
  • Ընտրական օրենսգրքով` նախընտրական քարոզչության ժամանակ, ինչպեu նաև քվեարկության նախորդ և քվեարկության oրը թեկնածուներին, կուuակցություններին, կուuակցությունների դաշինքներին արգելվում  է անձամբ կամ նրանց անունից կամ որևէ այլ եղանակով  ընտրողներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով տալ (խոuտանալ) դրամ, uննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ կամ ծառայություններ: Սակայն, գործնականում, այդ ամենն արվում է, այդ թվում` հենց իշխանությունների կողմից (ինչպես օրինակ` հարկերը ներելու մասին որոշումը), և փաստացի սկսվում է ավելի վաղ, քան նախընտրական քարոզչության ժամանակահատվածը:

Ընտրողների ուռճացված ցուցակներ

Հայաստանում շատերը ընտրությունների լեգիտիմության նկատմամբ թերահավատ են, քանի որ, ի թիվս այլոց, չեն վստահում ընտրողների ցուցակների ճշգրտությանը: Սովորաբար այս ցուցակներն ընկալվում են որպես քվեարկության արդյունքները կեղծելու միջոց: ՀՀ ընտրական օրենսգրքով ամրագրված է, որ ընտրողների ցուցակներում ընդգրկված են Հայաuտանի Հանրապետության որևէ համայնքի կոնկրետ հասցեում հաշվառված և ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիները: Սա ներառում է նաև այն անձանց, ովքեր, ընդգրկված լինելով բնակիչների համապատասխան ցուցակներում, տարիներ առաջ մեկնել են Հայաստանից, սակայն դուրս չեն եկել հաշվառումից: Ընտրացուցակների նկատմամբ քաղաքացիների թերահավատության պատճառ են հանդիսանում հետևյալ գործոնները.

  • Ընտրողների թիվը ՀՀ Ազգային ժողովի 2007 թ. ընտրությունների ժամանակ կազմել է շուրջ 2.3 միլիոն[9], 2008 թ.ՀՀ նախագահական ընտրությունների ժամանակ` 2.3 միլիոն[10], իսկ 2012 թ. ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ` շուրջ 2.5 միլիոն[11]: Ընտրողների թվի ավելացման առնչությամբ կառավարության կողմից տրվող բացատրությունները կասկած են հարուցում` հաշվի առնելով  արտագաղթի շարունակական բնույթը. ըստ Միգրացիոն պետական ծառայության` տարեկան մոտավորապես   արտագաղթում է 25000 մարդ[12], իսկ 2011 թ. առաջին 10 ամիսների ընթացքում արտագաղթածների թիվը հասել է 81000-ի[13]:
  • Ընտրողների թվաքանակի և ընտրական այլ թվերի մոնիտորինգը բացահայտել է, որ 54 համայնքներում քվեարկության մասնակիցների թիվը գերազանցել է փաստացի բնակիչների թիվը[14]: Ընտրական թվերի համադրմամբ բացահայտվել են նաև զգալի թվով այլ փաստեր, օրինակ, տարօրինակ հասցեներում (եկեղեցու բակ, գազալցակայան և այլն) և կամ պարզապես սխալ հասցեներում ընտրողների գրանցման բազմաթիվ դեպքեր[15]:
  • Youtube-ով շրջանառված տեսանյութերում պատկերված է, թե ինչպես են 2012 թ. մայիսի 6-ի ՀՀ ԱԺ ընտրությունների հենց քվեարկության օրը անձնագրեր բաժանում ընտրական տեղամասերի մոտակայքում, ինչը վկայում է նույն անձի կողմից բազմակի քվեարկություն կատարելու հնարավորության մասին[16]: Նման դեպքերը չեն կանխարգելվել կամ հետապնդվել իրավապահ մարմինների կողմից, և դրանց մասնակիցները պատասխանատվության չեն ենթարկվել, ինչը տեղիք է տալիս կարծելու, որ իրավապահ մարմինները տեղյակ են  եղել այդ գործընթացներից և ակտիվորեն պաշտպանել են դրանք: Զուգահեռաբար, ողջ երկրով մեկ զգացվել է նոր անձնագրերի պակաս, ինչն էլ հանգեցրել է այն վարկածին, թե տպված անձնագրերն օգտագործվել են այլ նպատակներով: Մյուս կողմից, ձախողվել է բազմակի ընտրությունը բացառելու համար նախատեսված կարևորագույն միջոցառումը` անձը հաստատող փաստաթղթերի դրոշմակնքումը, քանի որ դրված դրոշմակնիքները, որոնք պետք է պահպանվեին առնվազն 12 ժամ, անհետացել են քվեարկելուց հետո 1 ժամվա ընթացքում:
  • Քվեարկության օրը կազմվող  լրացուցիչ ցուցակների խնդիրը ևս մտահոգության տեղիք  է տալիս: 2012 թ. ՀՀ ազգային ժողովի ընտրությունների ժամանակ այդ ցուցակներում տեղ են գտել 15363 անձանց անուններ (ընտրողների ցուցակից դուրս մնացածներ, չհաշվառված քաղաքացիներ, ոչ թե ըստ հաշվառման, այլ` փաստացի գտնվելու վայրի քվեարկություն կատարողներ կամ ստացիոնար բուժում ստացող հիվանդներ), մինչդեռ լրացուցիչ ցուցակների կազմման ոչ բավարար թափանցիկ գործընթացը և մոնիտորինգի ենթարկելու դժվարությունները լուրջ մտահոգություններ են առաջացրել դրանց օրինավորության վերաբերյալ:
  • ՀՀ քաղաքացիները հնարավորություն չունեն համոզվելու, որ Հայաստանից շատ տարիներ առաջ մեկնած իրենց բարեկամներն ու հարևանները «չեն հայտնվել և քվեարկել» ընտրությունների օրը: Ստորագրված ցուցակների հետ ծանոթանալու` վստահված անձանց, դիտորդներին և զանգվածային լրատվամիջոցներին ընձեռված իրավական հնարավորությունները, փաստորեն, թույլ չեն տալիս ամբողջական տեղեկատվություն ձեռք բերել` դրանք վերլուծելու և հնարավոր խախտումները բացահայտելու առումով:

Քվեարկության գործընթացների խաթարում

Համաձայն ՀՀ ընտրական օրենսգրքի` ընտրական հանձնաժողովները հաշվում և գրանցում են ընտրական գործընթացին առնչվող որոշակի թվեր, որոնց միմյանց համապատասխանության մակարդակը ցույց է տալիս գործընթացների արդյունավետ իրականացման և լեգիտիմության աստիճանը` բացահայտելով քվեատուփերի լցոնման, ստորագրությունների կեղծման, արդեն իսկ քվեարկած քվեաթերթիկներով իրականացված «կարուսել» քվեարկության և այլ երևույթները: Ընտրական թվերի որոշակի խմբեր պետք է համընկնեն, օրինակ` հատկացված քվեաթերթիկների թիվը պետք է համապատասխանի մարված, վավեր և անվավեր քվեաթերթիկների գումարին,  գրանցամատյաններում տեղ գտած ստորագրությունները` վավեր և անվավեր քվեաթերթիկների քանակին, սահմանված նմուշի ծրարների թիվը` վավեր և անվավեր քվեաթերթիկների քանակին: 2012 թ. ՀՀ ազգային ժողովի ընտրությունների թվերի ուսումնասիրությունը բացահայտել է որոշ անհամապատասխանություններ, որոնք հարցականի տակ են դնում ընտրական գործընթացների օրինավորությունը: Մինչդեռ, օրենսդրության վերլուծությունը ցույց է տվել, որ որոշ անօրինականություններ քողարկվում են համապատասխան իրավական ձևակերպումների միջոցով:

  • Տեղ են գտել մոտ 17889 անհամապատասխանություններ (հատկացված քվեաթերթիկների, մարված, վավեր և անվավեր քվեաթերթիկների, ստորագրությունների, սահմանված նմուշի ծրարների թվաքանակում) 1436 ընտրատեղամասերում, որը կազմում է բոլորի 72%-ը[17]: Մինչդեռ, ՀՀ ընտրական օրենսգրքի համաձայն, անճշտություն են համարվել միայն որոշ տեսակի անհամապատասխանությունները: Այն անհամապատասխանությունները, որոնք վերաբերել են հատկացված քվեաթերթիկների ավելցուկին` մարված, վավեր և անվավեր քվեաթերթիկների գումարի համեմատ (օրինակ` որոնք տեղի են ունեցել «կարուսել» քվեարկության պատճառով) կամ գրանցամատյանում ստորագրությունների թվի ավելցուկին (օրինակ` որ տեղի է ունեցել լրացուցիչ կեղծ ստորագրություններ ավելացնելու պատճառով) օրենսգրքի համաձայն զրոյացվել են:
  • Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը ընտրական թվերի բացարձակապես բոլոր անհամապատասխանությունները պատճառաբանել է որոշ ծրարների մեջ մեկից ավելի քվեաթերթիկ սխալմամբ դնելու հանգամանքով` համարելով դրանք «չսահմանված նմուշի ծրարներ»: Սակայն, քանի որ ՀՀ ընտրական օրենսգիրքը չի պահանջում նման ծրարների և դրանցում առկա քվեաթերթիկների հաշվարկ, կասկածելի է այդ ծրարների միջի իրական պարունակությունը և տրված բացատրության արժանահավատությունը:  
  • ՀՀ ընտրական օրենսգիրքը հնարավորություն չի տալիս հարցականի տակ դնելու ընտրությունների որակը և լեգիտիմությունը` ելնելով բացահայտած անճշտությունների քանակից:
  • Ընտրողների մասնակցության մասին երեք ժամը մեկ զեկուցվող տեղեկությունները մտահոգիչ են այն առումով, որ դրանց համաձայն ողջամիտ ժամանակ չի հատկացվում ընտրողներին պատշաճ իրականացնելու քվեարկության ողջ շրջափուլը և կասկածի տակ են դնում ընտրատեղամասերում տեղի ունեցող գործընթացների օրինականությունը: Զգալի թվով տեղամասերում հրապարակված ընտրողների թիվը գերազանցել է տեղամասային հանձնաժողովի` ընտրողներին սպասարկելու հնարավոր կարողությունը. 713 տեղամասերում քաղաքացիների քվեարկությունը առնվազն 3 ժամ շարունակվել է անհավանական արագությամբ` յուրաքանչյուր մասնակցի տրամադրելով 60 վայրկյանից պակաս ժամանակ` ավարտելու քվեարկության ողջ փուլը[18], որը ներառում է գրանցամատյանում ընտրողի անուն-ազգանունը գտնելը, իր անվան դիմաց ստորագրելը, առանձին քվեարկությունների երկու նմուշի քվեաթերթիկ և ծրար ստանալը, քվեարկության խցիկ մտնելը, կուսակցության և թեկնածուի անունը գտնելը և ընտրելը, յուրաքանչյուր քվեաթերթիկը ծալելը և համապատասխան ծրարում տեղավորելը, քվեատուփին հասնելը, անձնագրում կնիք դնելը, ծրարները ստորագրել տալը, ծրարներն իրենց համապատասխան տուփերի մեջ գցելը: Նման արագությունը իրատեսական չէ անգամ զինվորականների համար, ովքեր քվեախուց են մտնում կազմակերպված շարքերով և մասնակցում միայն համամասնական ընտրակարգով քվեարկությանը: Դրան հակառակ, 20 տեղամասերում ընտրողների մասնակցության մոնիտորինգը վեր է հանել «բացասական» աճ, որտեղ ընտրողների մասնակցության մասին երեքժամյա պարբերականությամբ հրապարակված թվերը հաջորդող ժամերին նվազել են[19]:

Լուծումներ

Որպեսզի վերականգնվի մարդկանց հավատն ընտրությունների նկատմամբ և ապահովվի դրանց լեգիտիմությունը` ՀՀ կառավարությունը պետք է հրատապ միջոցներ ձեռնարկի մինչև առաջիկա նախագահական ընտրությունները փոփոխություններ և լրացումներ կատարելու ՀՀ ընտրական օրենսգրքում` նախ և առաջ անդրադառնալով վարչական ռեսուրսի չարաշահման, ընտրողների ցուցակների ուռճացման և քվեարկության գործընթացների խաթարման հարցերին:

Մենք, մասնավորապես, հորդորում ենք ՀՀ իշխանություններին ձեռնարկել հետևյալ միջոցառումները.

              Վարչական ռեսուրս

  1. Առավելագույնս կրճատել ընտրությունների ընթացքում վարչական ռեսուրսի օգտագործման հնարավորությունը` սահմանափակելով բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությունը նախընտրական քարոզչությանը, համայնքների ղեկավարների հանդես գալը` որպես թեկնածուների վստահված անձ, թափանցիկ դարձնելով բոլոր թեկնածուների ծախսերը, խստացնելով վարչական ռեսուրսի չարաշահման համար սահմանված պատժամիջոցները և դիվանագիտական ու հյուպատոսական ներկայացուցչությունների և առաքելությունների համար վերացնելով էլեկտրոնային եղանակով քվեարկելու միջոցը:

Նշված միջոցառումը պահանջում է փոփոխություն կատարել ՀՀ ընտրական օրենսգրքի 18-րդ հոդված 4-րդ մասում (արգելել անչափահասների ներգրավումը քարոզչության մեջ) և 7-րդ մասում (բարեգործության կատարումը սահմանափակել ավելի երկար ժամանակահատվածի համար), 22-րդ  հոդվածի 1-ին մասում (պարտավորեցնել թեկնածուներին վայր դնելու իրենց պաշտոնեական լիազորությունները քարոզարշավի ընթացքում), 25-րդ հոդվածի 1-ին մասում (պարտադիր դարձնել նախընտրական հիմնադրամների բացումը), 6-րդ մասում (սահմանել նախընտրական հիմնադրամի և դրանում  կատարվող մուծումների առավելագույն չափերը) և 7-րդ մասում (ընդլայնել նախընտրական հիմնադրամներում մուծումներ կատարած անձանց վերաբերյալ տվյալները), 26-րդ հոդվածի 2-րդ մասում (պարտավորեցնել թեկնածուներին հայտարարագրելու քարոզչության բոլոր ծախսերը), 27-րդ հոդվածի 1-ին մասում (ընդլայնել նախընտրական հիմնադրամներից կատարված ծախսերի վերաբերյալ տվյալները), 32-րդ հոդվածի 3-րդ մասում (արգելել հանրային ծառայողների` որպես վստահված անձ հանդես գալը), 60-րդ հոդվածում (վերացնել էլեկտրոնային եղանակով քվեարկության մեխանիզմը), 87-րդ հոդվածի 2-րդ մասում  (պարտավորեցնել, որպեսզի նախագահի բոլոր թեկնածուները` ներառյալ գործող նախագահը և նախագահի պաշտոնակատարը, վայր դնեն իրենց պաշտոնեական լիազորությունների կատարումը մինչև ընտրությունների արդյունքների վերջնական հրապարակումը), 107-րդ հոդվածի 2-րդ մասում (պարտավորեցնել բոլոր պատգամավորներին, որպեսզի դադարեցնեն իրենց պաշտոնեական լիազորությունների կատարումը նախքան նախընտրական քարոզչության ավարտը):

Ընտրական ցուցակներ

  1. Ստորագրված ընտրական ցուցակները և լրացուցիչ ցուցակները փակցնել տեղամասերում և հրապարակել ինտերնետով` ներբեռնման և որոնման հնարավորությամբ, որպեսզի բացառվեն բազմակի քվեարկության կամ բացակա անձանց փոխարեն քվեարկության դեպքերը:

Հաշվի առնելով իշխանությունների նկատմամբ անընդհատ աճող անվստահությունը` ստորագրված ցուցակների հրապարակումը ներկայումս միակ այլնըտրանքն է ընտրական գործընթացների և ձևավորված իշխանությունների նկատմամբ քաղաքացիների հավատը վերականգնելու առումով, քանի որ այն հնարավորություն կտա մարդկանց ճշգրտելու փաստացի ընտրողների անունները և վերահսկելու գործընթացի օրինականությունը: Դրան հակառակ, ստորագրված ցուցակների չհրապարակման կանոնի հետևողական կիրառումն այլ իրավախախտումների առկայության պարագայում հասկանալի չէ և տեղիք է տալիս կասկածների[20]: Եվ թեև Վենետիկի հանձնաժողովը խորհուրդ չի տալիս հրապարակել ստորագրված ընտրացուցակները, Հայաստանում այս քայլի անհրաժեշտությունը ձեռնարկումը պայմանավորված է հանրային գերակա շահով և առնվազն կծառայի որպես միջանկյալ միջոց` նախքան այլ կանոնակարգերի ընդունումը, որոնք լիովին կվերացնեն ընտրական ցուցակների ուռճացված լինելու նկատմամբ մտահոգությունները:

Այս առաջարկությունների կատարումը պահանջում է փոփոխություն` ՀՀ ընտրական օրենսգրքի 7-րդ հոդվածի 1-ին մասում (սահմանափակել երկրում հաշվառում չունեցող քաղաքացիների ընտրական իրավունքը), 8-րդ հոդվածի 3-րդ մասում (կազմել ցուցակներ և´ իրենց նախկին հասցեից դուրս գրված, և´ նոր հասցեում գրանցված ընտրողների համար) և 4-րդ մասում (հանել երկրում հաշվառում չունեցող քաղաքացիների ընտրացուցակում ընդգրկվելու մեխանիզմը), 11-րդ հոդվածի 1-ին մասում (պարտավորեցնել ընտրողների ցուցակների հրապարակումը համապատասխան տեղամասերում և ինտերնետի միջոցով` ներառյալ գրանցումից դուրս եկածներինը և լրացուցիչ ցուցակները), 12-րդ հոդվածի 2-րդ մասում (քվեարկության օրը սահմանափակել լրացուցիչ ընտրական ցուցակների կազմման հնարավորությունը), 31-րդ հոդվածի 1-ին մասում (դիտորդների և լրատվամիջոցների համար ապահովել ընտրողների ստորագրած ցուցակների մատչելիությունը), 33-րդ հոդվածի 1-ին (վստահված անձանց համար ապահովել ընտրողների ստորագրած ցուցակների մատչելիությունը) և 44-րդ հոդվածում (պահանջել տեղամասի ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների ստորագրությունների առկայությունը ընտրողների փաստացի ցուցակներում):

Քվեարկության գործընթաց

  1. Ընտրական գործընթացի որակն արտացոլող բոլոր տեսակի թվերի անհամապատասխանությունները հաշվարկել և գրանցել  որպես անճշտություն և ապահովել, որպեսզի անճշտությունների որոշակի տոկոսի դեպքում ընտրությունների արդյունքները տվյալ տեղամասում ճանաչվեն անվավեր: Միջոցներ ձեռնարկել ընտրությունների ողջ գործընթացը դիտարկելու համար ընտրական տեղամասի ներսի և դրսի մուտքերում տեսախցիկների տեղադրման ուղղությամբ:

Տվյալ միջոցառումը կյանքի կոչելու համար անհրաժեշտ է փոփոխություններ կատարել ՀՀ ընտրական օրենսգրքի 55-րդ հոդվածում (տեղամասի լրացուցիչ/օժանդակ պարագաների թվում պահանջել տեսախցիկ), 67-րդ հոդվածի 7-րդ մասում (պահանջել, որպեսզի հաշվարկվեն ոչ սահմանված նմուշի թե՛ քվեաթերթիկները, և թե՛ ծրարները), 72-րդ հոդվածի 1-ին մասում (վերացնել ընտրական թվերում բոլոր անհամապատասխանությունները զրոյացնելու պահանջը), 71-րդ հոդվածում (գրանցել ընտրական թվերի բոլոր անհամապատասխանությունները), 72-րդ հոդվածում (տեղամասի ընտրություններն անվավեր ճանաչել` հիմնվելով անճշտությունների/անհամապատասխանությունների վրա):

Ամփոփում

ՀՀ քաղաքացիները հիասթափված են ընտրությունների ինստիտուտից, քանի որ  իշխանությունների կողմից շարունակաբար ձախողվում է պետության կառավարման խաղաղ փոխանցումը օրինական, ազատ և արդար ընտրություններով` հարցականի տակ դնելով պաշտոնավարելը շարունակող կամ նոր պաշտոն ստանձնած ցանկացած իշխանության լեգիտիմությունը: ՀՀ իշխանությունները պետք է ձեռնարկեն կոնկրետ և հրատապ միջոցառումներ` վերահաստատելու հանրային վստահությունը ընտրական համակարգի նկատմամբ և ապահովեն ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ` սկսած 2013 թ. փետրվարի նախագահական ընտրություններից:

            Սույնով ՀՀ իշխանություններից պահանջում ենք ցուցաբերել ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու համար անհրաժեշտ քաղաքական կամք, որպեսզի վերացվեն վարչական ռեսուրսի չարաշահման հնարավորությունները, նվազեցվի ապօրինի ճնշման կիրառումը քաղաքացիների ազատ կամքի ձևավորման և արտահայտման վրա, սահմանափակվեն ընտրողների ցուցակների չարաշահումները, խախտումներն ու կեղծիքները` ընտրությունների լեգիտիմությունը հարցականի տակ դնող խնդիրները վերացնելու նպատակով:

            Մենք նաև դիմում ենք միջազգային կազմակերպություններին, ովքեր շահագրգիռ են և ընդգրկված են Հայաստանի ժողովրդավարական զարգացման խնդրում` հորդորելու ՀՀ իշխանություններին, որպեսզի կատարվեն անհրաժեշտ փոփոխություններ ՀՀ ընտրական օրենսգրքում: Խախտումներով անցկացված ընտրությունների արդյունքների ճանաչումը միջազգային կազմակերպությունների կողմից չի նպաստում դրանց նկատմամբ հավատին և հարգանքին` հարցականի տակ դնելով նաև ժողովրդավարության արևմտյան արժեքները:

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ

«Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ

«Իրավունքի գերակայություն» ՀԿ

«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ



[2] www.osce.org/hy/odihr/elections/armenia/26606 և  www.osce.org/hy/odihr/elections/armenia/32115

[3] Մեր կողմից նշված խնդիրներից որոշները նաև տեղ են գտել և քննության են առնվել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելության վերջնական զեկույցում, որը հրապարակվել է 2012 թ. մայիսին, տես` http://www.osce.org/node/91962:

[4] Հոդված 18, մաս 6

[5] Հոդված 22, մաս 2

[6] Ընտրական գործընթացների հասարակական վերահսկողություն իրականացնող ահազանգերի ինտերնետային ռեսուրս www.iditord.org 

 կայքը հաղորդագորություններ է ստացել նախագահի, վարչապետի, սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարարի, գլխավոր դատախազի, Կոտայքի և Սյունիքի մարզպետների, և իրավապահ մարմինների միջին մակարդակի պաշտոնյաների կողմից քարոզարշավ իրականացնելու վերաբերյալ:

[7] www.iditord.org-ը հաղորդագրություններ է ստացել բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումներին դպրոցների, համալսարանների, առողջապահական հիմնարկների, պետական կառույցների, բնական մենաշնորհով օշտված ոլորտների օպերատորների մասնակցության վերաբերյալ

[8] www.iditord.org-ը հաղորդագրություններ է ստացել վարչական ռեսուրսի չարաշահման մասին Գյումրիի, Արմավիրի, Նալբանդյանի, Դրախտիկի, Ագարակի, Մարտիրոսի, Գանձասարի, Վահագնի, Դիմիտրովի, Քարբի, Ոսկեհատի համայնքների համայնքապետերի կողմից:

 

[12] ՀՀ տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանի հարցազրույցը, Հայկական ժամանակ, ապրիլի 4, 2012

[13] ՀՀ տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանի հարցազրույցը, Հայկական ժամանակ, նոյեմբերի 22, 2011

[15] «Մարդիկ գրանցված են նաև եկեղեցու բակում և վառելիքի օբյեկտ-բազաներում», Չորրորդ ինքնիշխանություն, ապրիլի 11, 2012

[20] Մասնավորապես, 2012թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ ցնդող կնիքների ձախողված փորձի հետևանքով խախտվեց որոշ ընտրողների ընտրություններին մասնակցության գաղտնիությունը:

Այս խորագրի վերջին նյութերը