Լրահոս

17.06.2009 16:58


Գագիկ Բեգլարյան. «Մեջները մի հատ բոյով կա, դրան կասես՝ իրան հանդարտ պահի»

Գագիկ Բեգլարյան. «Մեջները մի հատ բոյով կա, դրան կասես՝ իրան հանդարտ պահի»

Հունիսի 17-ին հայտնի են դարձել Երևանի վարչական շրջանների ղեկավարների անունները։ Տարօրինակ է, սակայն, որ Արաբկիր վարչական շրջանի ղեկավար չի նշանակվել նախկին թաղապետ Ալբերտ Երիցյանը։ Նկատենք, որ վարչական շրջանների ղեկավարների նշանակումը առերևույթ տեղի է ունեցել այն տրամաբանությամբ, որ նշանակված անձինք մինչ այդ զբաղեցնում էին թաղապետների  պաշտոնները։

Պարզելու համար, թե որն է Ալբերտ Երիցյանին վարչական շրջանի ղեկավար չնշանակելու պատճառը, մենք այցելեցինք Արաբկիր համայնքի թաղապետարան։ Մերձակայքում գտնվող ՀՀԿ շտաբի մոտ մարդաշատ էր, և անհանգիստ մթնոլորտ էր տիրում։

Թաղապետարանում ևս մթնոլորտը հանգիստ չէր։ Մեր հարցին, թե ինչը՞ կարող էր պատճառ հանդիսանալ, որ Ալբերտ Երիցյանը չշարունակի պաշտոնավարել այժմ՝ արդեն որպես վարչական շրջանի ղեկավար, թաղապետարանի աշխատողները խուսափում էին պատասխանել։ Այնուամենայնիվ, աշխատակիցներից մեկն ասաց, թե իրենք շատ զարմացած են և նման բանի չէին սպասում։

Քիչ անց մի խումբ մարդկանց հետ թաղապետարան եկավ Ալբերտ Երիցյանը, ում հետ խոսել, սակայն, մեզ չհաջողվեց. նա ինչ–որ խորհրդակցության էր։ Մոտ 15 րոպե անց հերթական փորձից հետո տեղեկացանք, որ նա մեկ այլ դռնով դուրս է եկել։ Թե ո՞ր ելքից, այդպես էլ գաղտնի մնաց։ Ժամը 13։00-ի սահմաններում Արաբկիրի թաղապետարան եկավ անձամբ Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, ով, սակայն, Ալբերտ Երիցյանի հետ հանդիպել չկարողացավ, քանի որ  նա արդեն տեղում չէր։ Ամենայն հավանականությամբ քաղաքապետն անախորժ խոսակցություն էր ունեցել համայնքապետարանի աշխատակիցների հետ, քանզի հեռանալիս, վերելակի մոտ, Գագիկ Բեգլարյանն իր ուղեկիցներից մեկին կարգադրեց. «Մեջները մի հատ բոյով կա, դրան կասես՝ իրան հանդարտ պահի»։ 

Վերջիվերջո, լրատվական բաժնից մեզ տեղեկացրեցին, որ Ալբերտ Երիցյանին աշխատանքից ազատելու մասին տեղեկություն մինչ այդ չունեին, նոր են իմացել և շատ զարմացած են։ Իրենց կարծիքով՝ Արաբկիր համայնքում տեղի ունեցած դրական փոփոխություններն ակնհայտ են, և ամենայն հավանականությամբ՝ այս ամենի պատճառը անձնական խնդիրներն են։

-Մենք նշանակման մասին տեղեկություն չենք ունեցել, գրեթե նոր ենք իմացել։ Գագիկ Բեգլարյանը որ եկավ, ինչի չներկայացրեց նոր նշանակված ղեկավարին, մի հատ չասեց ո՞վ ա, ի՞նչ ա,- ասաց լրատվական բաժնի աշխատակիցներից մեկը։

Արփի Բեգլարյան

Այս խորագրի վերջին նյութերը