Լրահոս

17.06.2009 18:48


Սիրիայի Արաբական Հանրապետության Նախագահի պաշտոնական այցը Հայաստան

Սիրիայի Արաբական Հանրապետության Նախագահի պաշտոնական այցը Հայաստան

Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով հունիսի 17-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Սիրիայի Արաբական Հանրապետության Նախագահ Բաշար Ալ-Ասադը՝ տիկնոջ Ասմա Ալ-Ասադի հետ:
ՀՀ Նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել բարձրաստիճան հյուրի դիմավորման պաշտոնական արարողությունը, որին հաջորդել է Նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Բաշար Ալ-Ասադի, որին հաջորդել է պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը՝ Նախագահների մասնակցությամբ:
Նախագահ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը խորապես շահագրգիռ է որակական նոր մակարդակի հասցնելու Սիրիայի հետ հարաբերությունները՝ մեծ ուշադրություն դարձնելով տնտեսական համագործակցությանը և այս այցը լավագույն առիթ է՝ նախանշելու փոխգործակցության զարգացման ուղիները: Սերժ Սարգսյանի խոսքով՝ երկկողմ առևտրատնտեսական կապերի հաջողությունը մեծապես կախված է հայ-սիրիական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքից: Նախագահ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ Սիրիայի Նախագահի հետ հաջորդ հանդիպմանը արդեն կխոսեն արձանագրված հաջողությունների մասին:
ՀՀ Նախագահը շնորհակալությամբ է խոսել Սիրիայի կառավարության՝ սիրիահայության նկատմամբ հոգատար վերաբերմունքի մասին՝ հիշատակելով նաև հայ ժողովրդի օրհասական պահին Սիրիայի ցուցաբերած աջակցությունը:
Նախագահ Ալ-Ասադն ասել է, որ սիրիահայ համայնքն այն զորեղ ներուժն է, որի օգնությամբ երկու պետությունները կգտնեն այս հանդիպմանը նախանշված նպատակներին հասնելու ճանապարհը: Սիրիայի Նախագահը ևս կարևորել է հայ և սիրիացի գործարար շրջանակների համար ներդրումային խրախուսիչ միջավայր ստեղծելու անհրաժեշտությունը և վստահեցրել, որ սիրիական կողմը ևս հետևողական կլինի այդ գործում:
Բանակցությունների ավարտից հետո երկու երկրների կառավարությունների միջև ստորագրվել է ներդրումների փոխադարձ խրախուսման և պաշտպանության մասին համաձայնագիր, ինչպես նաև բնապահպանության նախարարությունների միջև՝ բնապահպանության բնագավառում համագործակցության մասին համաձայնագիր:

Այս խորագրի վերջին նյութերը