Լրահոս

19.06.2009 16:00


Մրցութային միավորի մասին խոսելը դեռ վաղ է

Հանրապետության 23 քննակենտրոններում կայացել են «Հայոց պատմություն» և «Քիմիա» առարկաների միասնական քննությունները։ «Հայոց պատմության» քննությանը մասնակցելու հայտ էր ներկայացրել 3572, «Քիմիայի» քննությանը՝ 1330 դիմորդ։
Միասնական քննությունների ընթացքին ծանոթանալու նպատակով ԵՊՀ-ի քննական կենտրոն է այցելել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ Նա ներկա է գտնվել քննության մեկնարկին։ Սահմանված ձևով՝ նախ շրջանավարտներին ներկայացվել է քննության ընթացակարգը, ապա բացվել են թեստերն ու բաժանվել։ Քննությունը սկսվել է ճիշտ ժամանակին։
ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, պատասխանելով քննակենտրոնի մոտ հավաքված ծնողների հարցերին, ասել է, որ դեռ վաղ է խոսել մրցութային միավորի շեմի մասին։

«Գիտեմ, որ այսօր շատերն են փորձում ինչ-ինչ հաշվարկներ կատարել, կանխատեսումներ անել՝ անցումային միավորների շեմն իմանալու համար։ Սակայն վստահեցնում եմ՝ քանի դեռ քննությունները շարունակվում են, որևէ մեկն այդ առումով հավաստի տեղեկություն չի կարող հաղորդել։ Անհրաժեշտ է մի փոքր էլ սպասել»,- նշել է Ա. Աշոտյանը։
Ծնողները նաև անհանգստություն են հայտնել լրացուցիչ քննությունների ընթացքում հնարավոր սուբյեկտիվ դրսևորումների կապակցությամբ։ ԿԳ նախարարը վստահեցրել է, որ հաշվի առնելով նման մտահոգությունները՝ քննության այդ փուլում հետևողական կլինեն վերահսկողության առավել խստացման և գործընթացի թափանցիկության ապահովման հարցում։                  

Այս խորագրի վերջին նյութերը