Լրահոս

11.01.2013 17:01


Ներկայացվել են ՏԿՆ գերակա խնդիրները

Ներկայացվել են ՏԿՆ գերակա խնդիրները

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Քարեն Հիլիարդի հետ հունվարի 11-ին կայացած հանդիպմանը ներկայացրել է 2013թ. նախարարության գերակա խնդիրները, ՄԶԳ-ի հետ համագործակցության ուղղությունները:

Ինչպես տեղեկացնում են ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից, փոխվարչապետը կարեւորել է նոր խմբագրմամբ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի մշակումը, որը պետք է արտացոլի համակարգի զարգացման տեսլականը, ինչպես նաեւ ներառի ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ մշակված «ՀՀ-ում տեղական ինքնակառավարման համակարգի հետագա զարգացման եւ ապակենտրոնացման ռազմավարական մոտեցումներ» փաստաթղթի գաղափարները:

Գործունեության հաջորդ ուղղությունը վերաբերելու է պետական-ՏԻ մարմիններ հարաբերություններում վերահսկողական խնդիրների հստակեցմանը: Կվերլուծվի գործող օրենսդրությունն ու փորձը, այն կհամադրվի ստանձնած միջազգային պարտավորությունների հետ: Ուշադրության կենտրոնում են լինելու նաեւ համայնքների ներքին կառավարման գործընթացում տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման աշխատանքները, ինչպես նաեւ համայնքներում գնումների գործընթացի հետ կապված խնդիրները: Տեղական եկամուտների վարչարարության խնդիրները նույնպես նախարարության մշտական ուշադրության կենտրոնում են: Գործնական քայլեր կիրականացվեն օրենսդրության կատարելագործման, մասնավորապես` «Ֆինանսական համահարթեցման մասին» օրենքի ընդունման եւ կիրառման, միասնական տեղական հարկի ներմուծման ուղղությամբ:

Նշված բոլոր ուղղությունները, ըստ փոխվարչապետի, լինելու են նաեւ գործընկեր կազմակերպությունների, այդ թվում` ԱՄՆ ՄԶԳ-ի հետ համագործակցության օրակարգում:

Զրուցակիցները քննարկել են ներկայացված ուղղությունների վերաբերյալ համագործակցության հնարավորությունները: Քարեն Հիլիարդն իր հերթին աջակցության պատրաստակամություն է հայտնել: Մասնավորապես պայմանավորվածություն ձեռք բերվեց նոր խմբագրմամբ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի մշակման աշխատանքներում ՄԶԳ-ի կողմից փորձագետների ներգրավման վերաբերյալ:

Այս խորագրի վերջին նյութերը