Մեկնաբանություն

16.01.2013 12:18


Ո՞ւմ է պարտական Հրանտ Բագրատյանը

Ո՞ւմ է պարտական Հրանտ Բագրատյանը

Իր վարչապետության շրջանում Հրանտ Բագրատյանը օբյեկտիվ ու սուբյեկտիվ քննադատության էր ենթարկվում հանրության լայն շրջանակների կողմից, ինչը հասկանալի էր։ Հետսովետական տարածքում առաջին սերնդի բարեփոխիչներին չներեցին ու չսիրեցին, քանզի պլանային տնտեսության տրանսֆորմացիան  սոցիալական շատ բարձր գին պահանջեց։ Բագրատյանի անձնական մեղավորությունն այդ ամենի մեջ շատ փոքր էր, բայց հանրությունն այլ կարծիք ուներ։ Պատահական չէ, որ 1996թ. թողնելով վարչապետի աթոռը՝ Բագրատյանը գրեթե մոռացության մատնվեց, իսկ եթե մամուլը կամ այլոք հիշում էին նրան, ապա առավելապես բացասական շեշտադրմամբ։  

Թվում էր, թե Բագրատյանն այլևս հրապարակային քաղաքական դաշտ վերադառնալու և հրապարակային բուռն գործունեություն վարելու տարբերակ չունի, քանզի իր կոլեգաներից որևէ մեկին նման բան չէր հաջողվել նախկին սովետական երկրներում, սակայն մերն ուրիշ է։ Բագրատյանն այժմ 90–ականների համեմատ դրական ընկալում ունի կամ ավելի ճիշտ՝ նրա հանդեպ չկա այն բացասական տրամադրվածությունը, որը կար նախկինում։

Նկատենք, որ Բագրատյանի քաղաքական վերակենդանացումը և բացասական իմիջի որոշակի փոփոխությունը տեղի է ունեցել անկախ իր կամքից ու հանգամանքների բերումով։ Այդ առումով նա պարտական է երեք մարդու՝ Լևոն Տեր–Պետրոսյանին, Սերժ Սարգսյանին և Տիգրան Սարգսյանին։

Տեր–Պետրոսյանի վերադարձը ակտիվ քաղաքականություն և դրա արդյունքում ստեղծված հանրային հզոր շարժման ալիքը քաղաքական առումով երկրորդ կյանք տվեց նախկին շատ պաշտոնյաների, այդ թվում՝ Հրանտ Բագրատյանին։ Վերջինս արդեն ոչ թե չհաջողված վարչապետի, այլ ընդդիմադիր տնտեսագետի կարգավիճակում հայտնվեց, ինչը զգալիորեն մաքրեց «որձ կովերի» տեսաբանի և թվերի աճպարարությամբ զբաղվել սիրողի չհաջողված իմիջը։ Բագրատյանն այդպիսով քաղաքական սանացիայի ենթարկվեց։

2008թ. մարտի 1–ի շնորհիվ վարչապետի աթոռին հայտնված Տիգրան Սարգսյանի գործունեությունն ու արձանագրած արդյունքները նույնպես նպաստեցին «միջազգայնագետին» արդարացիորեն քննադատող Բագրատյանի վարկանիշի բարձրացմանը։ Տիգրանն իր դիլետանտիզմով ու կովերի պտուկների հանդեպ ցուցաբերած առանձնահատուկ վերաբերմունքով պարզապես ստվերեց Բագրատյանին։ Մարդիկ տեսան, որ Սարգսյանի ֆոնին Բագրատյանը պարզապես մտքի տիտան է և տնտեսագիտության հոգևոր հայր։

Եթե Բագրատյանի պաշտոնանկությանը հաջորդող օրերին, շաբաթներին կամ նույնիսկ տարիներին որևէ մեկը խոսեր այն մասին, որ նա կվերադառնա ակտիվ քաղաքականություն, հանրության կողմից կընկալվի որպես լավ տնտեսագետ ու դեռ մի բան էլ կառաջադրվի նախագահի թեկնածու, ապա նրա վրա պարզապես կծիծաղեին ու կհամարեին, որ անհաջող կատակ է արվել։ Այսօր դա ոչ թե կատակ է, այլ իրականություն։

Ինչպես հայտնի է, Հ. Բագրատյանն առաջադրվել է նախագահի թեկնածու և ինքն էլ իր խոսքերին չհավատալով՝ հայտարարում է, թե հաղթելու է։ Այս հարցում նրան օգնեց Սերժ Սարգսյանը, ով «երկխոսացնում» է քաղաքական դաշտի բոլոր այն սուբյեկտներին, ովքեր «սրտից» կամ մտքից թույլ են։ ՀՀԿ ղեկավարի հաճախորդներ են դառնում նաև հիվանդագին մեծամտությամբ ու պաթոլոգիկ ինքնագնահատականով տառապող մարդիկ։

Եվ այսպես, Հրանտ Բագրատյանն իր քաղաքական վերակենդանացմամբ պարտական է՝

ա. Լևոն Տեր–Պետրոսյանին, ով նրան հնարավորություն տվեց մաքրվել նախորդ շրջանի կեղտերից ու հանրությանը ներկայանալ որպես համաշխարհային տնտեսագիտական մտքի առաջնորդ,

բ. Տիգրան Սարգսյանին, ով այնպես ձախողվեց վարչապետի պաշտոնում և այնպիսի մառազմատիկ մտքեր հայտնեց որպես տնտեսագետ, որ շատերի մոտ Հրանտ Բագրատյանի վարչապետության շրջանի բացասական հուշերից բան չմնաց, 

գ. Սերժ Սարգսյանին, ով Բագրատյանին կարողացավ ներշնչել, որ նա կարող է ապագա վարչապետ դառնալ ու դրա համար պետք է ընդամենը ՀԱԿ–ից պոկվել և առաջադրվել նախագահի թեկնածու։

Չլիներ այս երեք մարդու վերջին հինգ տարվա գործունեությունը, Բագրատյանի ամենամեծ լսարանը «խամ» ականջ ունեցող ուսանողներ էին լինելու և վերջ։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը