Լրահոս

18.01.2013 18:50


Կարևորվել են հայ-ռումինական տնտեսական համագործակցության խթանմանն ուղղված լրացուցիչ քայլերը

Կարևորվել են հայ-ռումինական տնտեսական համագործակցության խթանմանն ուղղված լրացուցիչ քայլերը

Հունվարի 18-ին դեսպան Համլետ Գասպարյանը Ռումինիայի նոր կառավարության անդամների հետ հանդիպումների շարքում առաջինը տեսակցեց էկոնոմիկայի նախարար Վարուժան Ոսկանյանի հետ: Հանդիպումն անցավ ջերմ եւ գործնական մթնոլորտում, ուր դեսպանը Հայաստանի կառավարության անունից շնորհավորեց ռումինահայ նախարարին նշանակման կապակցությամբ եւ հույս հայտնեց, որ Ոսկանյանն իր այս կարեւոր դիրքում կնպաստի հայ-ռումինական միջպետական կապերի առավել զարգացմանը եւ խորացմանը:

Այնուհետեւ հաջորդած զրույցի ընթացքում երկուստեք կարեւորություն տրվեց տնտեսության բնագավառում համագործակցության խորացմանը, քննարկվեցին փոխգործակցության առկա ձեւաչափերը եւ ուրվագծվեցին հեռանկարները: Հաշվի առնելով, որ Ռումինիայի նոր կառավարության կազմում այսուհետեւ Ոսկանյանն է գլխավորելու հայ-ռումինական առեւտրատնտեսական եւ գիտատեխնիկական միջկառավարական հանձնաժողովը, զրուցակիցներն անդրադարձ կատարեցին 2011թ. մարտին Բուխարեստում կայացած միջկառավարական համատեղ հանձնաժողովի 3-րդ նիստի Արձանագրությամբ նախանշված գործողությունների եւ ծրագրերի իրագործման ընթացքին եւ քննարկվեցին ընթացիկ տարում Երեւանում նախատեսված 4-րդ նիստին առնչվող հարցերը: 

Համագործակցության հնարավոր ուղղությունների առումով, ուշադրության առնվեցին վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից 2011թ. սեպտեմբերին Բուխարեստ կատարած այցի ընթացքում արված առաջարկները, որոնք ընդգրկում են ՏՏ, քիմիական արդյունաբերության, առողջապահության, դեղագործության, գյուղատնտեսության եւ տուրիզմի ոլորտները:

Երկու երկրների միջեւ գրանցված տնտեսական ակտիվությունը գնահատելով ոչ բավարար եւ առկա հնարավորություններից ցածր, զրուցակիցները նախանշեցին փոխգործակցության խթանմանն ուղղված լրացուցիչ քայլերը, մասնավորապես, Միջկառավարական հանձնաժողովի քարտուղարության աշխատանքների ակտիվացում, Զարգացման Հայկական գործակալության եւ Ռումինիայի առեւտրի եւ օտարերկրյա ներդրումների զարգացման կենտրոնի միջեւ շրջանակային համաձայնագրի ստորագրում, առեւտրաարդյունաբերական պալատների միջեւ համագործակցության խրախուսում, բիզնես ֆորումների անցկացում, ցուցահանդեսներին եւ տոնավաճառներին փոխադարձ մասնակցություն, հնարավոր փոխադարձ ներդրումների հայտնաբերում եւ խրախուսում:

Այս առումով լրացուցիչ օղակ համարվեց նաեւ երկու երկրների միջեւ անցյալ տարվանից սկիզբ առած ապակենտրոնացված մակարդակով համագործակցության հնարավորությունները:

Կողմերը շոշափեցին նաեւ միջազգային տնտեսական կառույցներում համագործակցության հարցեր:

Այս խորագրի վերջին նյութերը