Մեկնաբանություն

25.01.2013 18:19


Վիրահայության խնդիրները և Տիգրան Սարգսյանի էժանագին PR–ը

Վիրահայության խնդիրները և Տիգրան Սարգսյանի էժանագին PR–ը

Սահակաշվիլու թիմն ազգային փոքրամասնությունների հանդեպ որդեգրել էր ճնշելու և ձուլելու քաղաքականություն։ Մասնավորապես Ջավախքում «օրենքից դուրս» էին հայտարարվում բոլոր այն մարդիկ, ովքեր բարձրաձայնում էին ջավախահայության տարբեր խնդիրների ու իրավունքների մասին։ 

Գաղտնիք չէ, որ Սահակաշվիլու թիմը Ջավախքում «վհուկների որս» էր կազմակերպել՝ օգտագործելով տեղական նշանակության բերիաներին՝ ոստիկանապետ Սամվել Պետրոսյանի գլխավորությամբ։ Իվանիշվիլին լրիվ այլ մոտեցում ունի։

Հիմա Իվանիշվիլին կտրուկ փոխում է իրերի դրությունը։ Ըստ Վրաստանի վարչապետի՝ ազգային փոքրամասնություններին պետք է ինտեգրել վրացական հանրային կյանքին, այլ ոչ թե նրանց ճնշելու քաղաքականություն վարել։

Ինչպես հայտնի է, օրերս կարողացավ Ջավախք վերադառնալ Հայաստանում գտնվող Մելիք Ռաիսյանը, ով Սահակաշվիլու վարչակազմի կողմից հետապնդվում էր այն բանից հետո, երբ նախընտրական գրասենյակ էր բացել և քարոզում էր «Վրացական երազանքի» օգտին։

Իվանիշվիլու թիմի հաղթանակից հետո կարգավորվեց նաև ՀՀ ԱԺ ՀՀԿ–ական պատգամավոր Շիրակ Թորոսյանի խնդիրը։ Թորոսյանի վրայից հանվեց «անցանկալի անձի» կարգավիճակը, և նա կարող է հանգիստ հատել Հայաստան–Վրաստան սահմանը։

Երեկ ազատ արձակվեց քաղբանտարկյալ Վահագն Չախալյանը, իսկ դրանից առաջ ազատության մեջ էին հայտնվել նաև հայազգի այլ գործիչներ (Աջարիայի հայ համայնքի ղեկավար Արմեն Գևորգյանը և մյուսները)։

Հայաստանյան իշխանություններն այժմ ուզում են այս ամենից էժանագին դիվիդենտներ շահել։ Իշխանական քարոզչամեքենան սկսել է տարածել, թե իբր Վահագն Չախալյանի ու Շիրակ Թորոսյանի խնդիրները լուծվեցին, քանզի Իվանիշվիլու հայաստանյան վերջին այցի ժամանակ Տիգրան Սարգսյանն ու Գարեգին Բ–ն միջնորդել են այդ մարդկանց համար։

Իրականությունը, սակայն, լրիվ այլ է։ Նախ՝ Իվանիշվիլին նախընտրական փուլում էր խոստացել լուծել քաղբանտարկյալների ու քաղհետապնդվողների խնդիրները։ Երկրորդը՝ Սահակաշվիլու իշխանության ժամանակ պաշտոնական Երևանը որևէ կերպ չի դրել հայերի խնդիրը, այլ միայն բավարարվել է հերթապահ ու ոչինչն չասող հայտարարություններով, իսկ Հայաստանում իր տանիքի տակ է առել այն ջավախահայերին (Տաճատ Վարդապետյան, Հայկ Սանոսյան և այլն), ովքեր Սահակաշվիլու գծի իրականացման կողմնակիցներն ու գործիքներն են եղել, կամ այլ կերպ ասած՝ եղել են վրացական հատուկ ծառայությունների յուրօրինակ գործակալները։

Եվ ամենակարևորի մասին՝ Վրաստանի վերջին ընտրությունների ժամանակ հայաստանյան իշխանություններն իրենց ուղղակի կամ անուղղակի ազդեցության տակ գտնվող ջավախահայերի միջոցով աշխատել են Սահակաշվիլու օգտին ու բուն ընտրական գործընթացի ժամանակ Վրաստան են գործուղել մարդկանց, ովքեր Սահակաշվիլի են քարոզել։ Իսկ դա նշանակում է, որ եթե ՀՀ իշխանությունների կողմից աջակցություն ստացած Վրաստանի նախագահը մեծամասնություն վերցներ խորհրդարանում, ապա Չախալյանի ու մյուսների հարցը չէր լուծվելու։ Բոլորը տեսան, թե ինչպես էր Սահակաշվիլին անգամ թույլ վիճակում փորձում վետոյի կիրառմամբ կանգնեցնել քաղբանտարկյալներին ազատ արձակելու Վրաստանի խորհրդարանի ընդունած որոշման կիրառումը։

Իսկ այն, որ ՀՀ իշխանական թևն աշխատել է Սահակաշվիլու օգտին, թաքցնել հնարավոր չէ։ Վրացական ԶԼՄ–ներում նույնիսկ սկանդալային տեղեկություններ հայտնվեցին այն մասին, որ Արթուր Բաղդասարյանը Սերժ Սարգսյանի անունից հանդիպել է Իվանիշվիլու թիմակիցների հետ ու նրանցից պահանջել այն հայ ակտիվիստների անունները, որոնք Իվանիշվիլու օգտին են աշխատում՝ խոստանալով, որ իրենց մարդկանց կհորդորեն աշխատել Իվանիշվիլու հայ կողմնակիցների հետ, սակայն փաստն այն է, որ այդ ցուցակի մարդկանց շատ արագ ձերբակալել են։ Դա կասկածի տեղիք է տվել «Վրացական երազանքի» ղեկավարությանը, որ Բաղդասարյանը պարզապես «ստուկաչություն» է արել և այդ ցուցակը փոխանցել է Սահակաշվիլու թիմակիցներին, իսկ վերջիններս էլ ձերբակալել են ընդդիմադիր հայացքներ ունեցող հայերին։ Ասել է թե՝ հայկական իշխանությունները ոչ միայն կապ չունեն Չախալյանի ու մյուսների ազատարձակման հետ, այլև հակառակ թիմի օգտին են աշխատել ընտրությունների ժամանակ։ Հետևաբար, իրավունք չունեն հետին թվով «հայրենասիրությամբ» զբաղվել։

Տիգրան Սարգսյանն Իվանիշվիլու հետ փակ հանդիպման ժամանակ միգուցե բարձրացրել է հայերի հարցը, բայց հիշյալ մարդկանց խնդիրները փաստացի լուծված էին արդեն։ Եթե ՀՀ իշխանությունն այդքան շահագրգռված էր, օրինակ, ՀՀԿ խմբակցության անդամ Շիրակ Թորոսյանի խնդրով, ապա թող վրացական իշխանությունների առաջ այդ հարցը դներ վերջին երեք տարիների ընթացքում, ինչու՞ ծպտուն չէր հանում։

Հարցն այն չէ, թե ՀՀ ղեկավարությունը չէր ուզենա, որ ազատ արձակվեն կամ Վրաստան գնալու խնդիր չունենան հակասահակաշվիլիական հայացքներ ունեցող հայերը։ Իհարկե՝ կուզենար, բայց իր քայլերով ոչ միայն չի նպաստել այդ ամենին, այլ դեռ մի բան էլ աշխատել ու շարունակում է աշխատել ջավախահայության այն շրջանակների հետ, ովքեր Սահակաշվիլու հայատյաց գծի կողմնակիցներն են եղել ու կան։ Ավելին՝ Իվանիշվիլու հայաստանյան այցի ժամանակ Տիգրան Սարգսյանը փորձել է Տաճատ Վարդապետյանին ու ծագումով ջավախահայ, ԱԺ նորաթուխ ՀՀԿ–ական պատգամավոր և երիտօլիգարխ Արման Սահակյանին ներկայացնել որպես ջավախահայության հայաստանյան ակտիվ գործիչներ, մինչդեռ, կրկնեմ, նրանք Սահակաշվիլո՛ւ ջավախքյան շրջանակն են ներկայացնում։

Այնպես որ, վարչապետն ու իրեն սատարող լրատվամիջոցները կարող են «լապշա» կախել բանից անտեղյակ հայ հանրության ականջներից, բայց դա «պայթած» համար է, քանզի ճշմարտությունը թաքցնել հնարավոր չէ։

Հնարավոր չէ նաև էժանագին PR–ի միջոցով «աչոկներ» հավաքելը։

Կորյուն Մանուկյան 

Այս խորագրի վերջին նյութերը