Լրահոս

26.01.2013 11:29


Ում համար ապահով, ում համար` մահ

Ում համար ապահով, ում համար` մահ

«Ապահով Հայաստան», հարկավոր է նախագահի հետ հստակեցնել, թե ինչպես է նա հասկանում ապահով բառը, կամ ինչպես է նա պատկերացնում ապահով Հայաստանը, որովհետև ես խիստ կասկածում եմ, որ հասարակ ժողովրդի և նախագահի պատկերացումներն այս հարցում համընկնում են իրար, այլև ընդհակառակը, դրանք բավական տարբեր են միմյանցից: 

Հանրությունը միշտ էլ ուզում է լսել այն, ինչ հաճելի է իր ականջներին՝ թեկուզ սուտը, միայն թե չանհանգստացնեն իրեն, ժողովուրդը ջայլամի նման գլուխը մտցրել է ավազի մեջ, կարծելով, թե այն, ինչ կատարվում է իր շրջապատում, իրեն չի վերաբերվում:
Երբ լսում եմ նախագահի ՀՀԿ-ական թեկնածուի ելույթները, հասկանում եմ, որ ելույթի տեքստը չէր էլ կարող ուրիշ լինել, այլ այն, ինչ ժողովուրդն է ուզում լսել: Չգիտեմ, թե այս դեպքում որի վրա բարկանամ, ժողովրդի, որ ստիպում է խոստանալ այն, ինչ ինքն էլ լավ գիտի, որ սուտ է և կեղծիք, թե թեկնածուների, որ ուրախանալով, որ ժողովուրդն այդքան միամիտ են, տալիս են նրան այդ խոստումները:
Հայաստանի ժողովուրդն ընկել է լիտարգիք քունի մեջ և չի ուզում արթնանալ: Իսկ նախագահական թեկնածուներից, ոչ մեկի մոտ չի ստացվում արթնացնել քնած գեղեցկուհուն, նրանք միայն զմայլվում են նրա հետզհետե ծերացող գեղեցկությամբ: Հավանաբար լսել եք նեկրոֆիլների մասին, ես այս քաղաքական գործիչներին նմանեցնում եմ դրանց: Միայն այդ մտքից զազրանք եմ ապրում, բայց հավատացեք, ես արդեն չգիտեմ, թե ինչի հետ համեմատեմ հայաստանյան այս իրավիճակը, որը առկա է քաղաքական, սոցիալական, տնտեսական, կրթական, բժշկական և մի շարք այլևայլ ոլորտներում: Ցավ է պատճառում այն փաստը, որ բարոյապես բռնաբարվում է մի հինավուրց ժողովուրդ ու բռնաբարվում է իր իսկ զավակների կողմից: Սրան տանք «Հայաստանյան այլասերվածություն»  ախտանիշը: Հայաստանը գտնվում է շրջափակման մեջ ու կարելի է կարծել, որ մեր հարևան թշնամիները, պարզապես մեկուսացրել են մեզ, որ հայկական վիրուսով չվարակվեն՝ իրենցն իրենց համար բավարար է:

Շատերն են ասում, թե Փետերվարի 19-ին, մենք կարթնանանք ուրիշ Հայաստանում, զարթնեք, մենք վաղուց է, որ արթնացել ենք ուրիշ Հայաստանում: Միայն այն փաստը, որ 2013 թվականը սկսվեց թանկացումներով և արտագաղթի նոր ընթացքով՝ փաստ է, սակայն մինչև երբ են այս ակնհայտ փաստերը անտեսվելու՝ ես պատկերացում չունեմ: Հայաստանը լքում են բոլոր նրանք, ովքեր չունեն ապահովության զգացողություն, նրանց կյանքում վաղուց բացակայում է կայունության զգացողությունը և հիմա վստահեցնել, թե երկիրը քայլում է դեպի ապահովություն՝ բացահայտ կեղծիք է:  Հարցնում եմ ձեզ, պարոնայք իշխանավորներ՝ պարոն նախագահի թեկնածու և գործող նախագահ, ո՞րն է ըստ ձեզ ապահովությունը, այն, որ երկիրն արդեն 23 տարի գտնվում է պատերազմական սպառնալիքի իրողության և պատրաստության մեջ, մի՞գուցե այն, որ մարդիկ գրեթե ամեն Աստծո պարգևած օր՝ փոխում են իրենց մասնագիտությունը, կամ մի՞գուցե այն, որ աշխատուժը փախնում է Հայաստանից, էլ չգիտեմ թե որ խնդիրը ներկայացնեմ, թեև վստահ եմ, որ ամեն ինչին էլ քաջատեղյակ եք: Թումանյանի «Տերն ու ծառան» ենք դառել, ե՞րբ է կկուն կանչելու, որ աշխատավորի վարձքը հատուցեք: Չե՞ք հիշում, թե հեքիաթն ինչ ավարտ ունեցավ, գոնե այս հեքիաթից դաս քաղեք: 
Մի լավ ասացվածք կա «Այն, ինչ ռուսին լավ է, գերմանացու համար մահ է», հիմա մերն է, ում համար ապահով, ում համար մահ:

Քանի դեռ Հայաստանում, մենք խոսում ենք արտագաղթի, գնաճի, տնտեսության անկման, աղքատության, գործազրկության, հարկային սպանիչ քաղաքականության, պատերազմական գործողությունների վերսկսման և մի շարք այլևայլ խնդիրների առկայության և դրանք լուծելու անկարողության մասին, Հայաստանը անապահով կլինի բոլոր ոլորտներում և բոլորի համար:

Մամիկոն Համբարյան

Այս խորագրի վերջին նյութերը