Մեկնաբանություն

26.01.2013 15:28


Ինչո՞վ է զբաղված Սերժ Սարգսյանի քարոզչամեքենան

Ինչո՞վ է զբաղված Սերժ Սարգսյանի քարոզչամեքենան

Այս ընտրությունների առանձնահատկություններից մեկն այն է, որ իշխանական քարոզչամեքենան աշխատում է ոչ այնքան իշխանության թեկնածուի՝ Սերժ Սարգսյանի, որքան անվանական ընդդիմադիր ներկայացող թեկնածուների, հատկապես Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին։ Հեռուստաընկերություններն ու թերթերը, կայքերն ու ռադիոն հանրությանն են մատուցում «Ժառանգության» ղեկավարի ամեն մի շարժումը, արտասանած ամեն մի նախադասությունը և ամեն մի խեղկատակությունը։

Իշխանական քարոզչամեքենան այդպես է վարվում, քանի որ Սերժ Սարգսյանի,  իր «ֆեյքերի» և «ընտրությունների» արդյունքների հարցերում ամեն ինչ պարզ է. արդյունքները նախապես են կեղծվել և այդ կեղծիքները ողջունվելու են «ընդդիմադիրների» կողմից։

Չպետք է զարմանալ, եթե եթերի մշտադիտարկողները քարոզչական փուլի ավարտից հետո արձանագրեն, որ թեկնածուներն անհավասար պայմաններում են եղել, քանզի իշխանության թեկնածուն ճնշված է եղել իր մրցակիցների քարոզչագրոհների հետևանքով։ Դա իսկապես կատարյալ կդարձնի աբսուրդի թատրոնը։

Բաղրամյան 26–ի խնդիրն, այսպիսով, մրցակցային իմիտացիա ապահովելն է, և այդ խնդիրը հիմնականում լուծվում է Րաֆֆի Հովհաննիսյանի միջոցով։ Ընտրողների մեծ մասը, սակայն, շատ լավ հասկանում է, թե ինչպիսի անորակ խաղ է հրամցվում և հետևաբար՝ չի մասնակցելու այդ շոուին։

Վիճակը փրկելու համար՝ իշխանությունները տարատեսակ հնարքների են գնում։ Զավեշտն այն աստիճանի է հասել, որ արդեն Արմեն Աշոտյանն է համոզում, թե Րաֆֆին իրենց «մարդը» չէ։ Այդ համոզելու շրջանակներում էր, որ «հուժկու» լեզվակռիվ տեղի ունեցավ Րաֆֆիի ու կրթության նախարարի միջև, բայց այդ ամենն այնքան վատ էր բեմադրված, որ ակամայից հիշեցրեց Սերժ Սարգսյանի ու Արտաշես Գեղամյանի «հեռուստաբանավեճը» 2003թ. նախագահական ընտրությունների ժամանակ։ Թեև հանուն արդարության պետք է նշել, որ Գեղամյանն այն օրերին շատ ավելի փայլուն էր խաղում իր դերը, ու միայն ներքին խոհանոցին քաջատեղյակները գիտեին, թե իրականում ինչն ինչոց է։

Րաֆֆին Արտաշեսի տաղանդը չունի և այդ իսկ պատճառով չի կարողանում համոզիչ լինել։ Անգամ «Ժառանգության» շարքերում չեն հավատում հայ ժողովրդի համեստագույն զավակ Րաֆֆու խրոխտ ելույթներին և արտիստիկ պահվածքին, էլ ուր մնաց թե արթուրբաղդասարյաններ տեսած ընտրողը «կուտն» ուտի։

Ինչ վերաբերում է այն հարցին, թե իրականում ինչով են զբաղված Սերժ Սարգսյանի օգտին բացահայտորեն ու «տակից» աջակցող լրատվամիջոցները Րաֆֆիին ու մյուս «վաստակավոր մրցակիցներին» քարոզչական աջակցություն ցուցաբերելուց բացի, ապա պետք է նկատել, որ նախկին ժամանակահատվածի համեմատ բան չի փոխվել։ «Անկախ» լրատվամիջոցներն իրենց ղեկավարության գլխավորությամբ շարունակում են պայքարը ԲՀԿ–ի ու ՀԱԿ–ի դեմ։ Փույթ չէ, որ Գագիկ Ծառուկյանն ու Լևոն Տեր–Պետրոսյանը չեն առաջադրվել. Բաղրամյան 26–ը, հասկանալի դրդապատճառներով, շարունակում է բոլոր տիպի գործիքներով պայքարել նշյալ սուբյեկտների դեմ։ Պատահական չէ, որ իշխանության սիրելիների կարգավիճակում են հայտնվել Նիկոլ Փաշինյանը, Պետրոս Մակեյանը և մյուս «թունդ ընդդիմադիրները», ովքեր զբաղված են այն նույն գործով, ինչով որ զբաղվում էին մինչև նախագահի թեկնածուների առաջադրումները՝ պայքարում են ԲՀԿ–ի ու ՀԱԿ–ի դեմ և յուրօրինակ ծառայություններ մատուցում Սերժ Սարգսյանին։

Ակնհայտ է, որ Րաֆֆի Հովհաննիսյանից ու էլի մի քանի «ընդդիմադիրներից» շնորհավորհանք ստանալուց հետո Սարգսյանը փորձելու է ամբողջությամբ ոչնչացնել քաղաքական դաշտը և գնալ սեփականության լայնամասշտաբ վերաբաշխման կամ այլ կերպ ասած՝ բոլշևիկյան կուլակաթափությունը հիշեցնող «բարեշրջումների»։ Այդ հանգամանքները հաշվի առնելով՝ հասկանալի է, որ իշխանական քարոզչամեքենայի հիմնական թիրախները շարունակում են մնալ ԲՀԿ–ն ու ՀԱԿ–ը, այսինքն՝ այն ուժերը, որոնք դեռ դիմադրության ռեսուրս ունեն։

Ահա այսպիսն են նախընտրական Հայաստանում տեղի ունեցող ձևական և իրական գործընթացները։ 

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը