Լրահոս

22.06.2009 14:54


«Միտք» վերլուծական կենտրոնի հայտարարությունը Շիրակ Թորոսյանի հետ կապված միջադեպի առնչությամբ

Ինչպես հայտնի է, հունիսի 19-ին ԱԺ պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական բարեգործական միության նախագահ, ՀՀԿ-ից ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանին վրացի սահմանապահներն արգելել են մուտք գործել Վրաստանի տարածք:

Սա երկու երկրների պատմության մեջ իր նախադեպը չունեցող երևույթ է, երբ հայ բարձրաստիճան պաշտոնյային առանց բացատրություններ տալու արգելում են մտնել Վրաստանի կողմից վերահսկվող տարածքներ: Այս փաստն ինքնին մատնանշում է.

  • վրացական պետության խուճապահար պահվածքը, երբ Ջավախքի խնդրի արդարացի լուծման համար պայքարողներին հնարավորինս հեռու են պահում խնդրո առարկա տարածաշրջանից,
  • վրացական պետության լկտի պահվածքը Հայոց պետության նկատմամբ, սա հատուկ շեշտում ենք, քանի որ Շիրակ Թորոսյանը հանդիսանում է ոչ պարզապես քաղաքացի կամ պաշտոնյա, այլ՝ Ազգային Ժողովում ՀՀ իշխող կուսակցության՝ ՀՀԿ ֆրակցիայի պատգամավոր,
  • վրացական պետության մշտնջենական ոչ բարեկամական դրսևորումների հերթական ապացույցը հայկական կողմի նկատմամբ, երբ վրացիներն իրենց քայլերում անգամ հաշվի չեն առնում Վրաստանի նախագահի՝ ՀՀ մոտալուտ այցի փաստը, որտեղ, ինչպես հայտնի է, բարձրացվում են «բարեկամության» ավանդական բաժակները
  • ելնելով այն հանգամանքից, որ Շիրակ Թորոսյանը ծնունդով Ջավախքի Գանձա գյուղից է, կապված է իր հայրենի հող ու ջրի հետ, ունի այնտեղ բազմաթիվ հարազատ-բարեկամներ՝ նրան Վրաստանի տարածք արգելելու փաստը նաև համարում ենք վրացական պետության կողմից Շիրակ Թորոսյանի անձին բարոյական վիրավորանք հասցնելու, մարդկային արժանապատվությունը ոտնահարելու քայլ,

Ելնելով այս հանգամանքներից, պահանջում ենք, որ Վրաստանի նախագահ Մ. Սահակաշվիլին իր առաջիկա այցի ընթացքում պաշտոնապես ներողություն խնդրի ինչպես Շ. Թորոսյանից, այնպես էլ՝ բազմահազար ջավախահայերից, որոնք յուրաքանչյուր օր նվաստացվում են ՀՀ-Վրաստան սահմանային բոլոր անցակետերում:

Հիշեցնենք, որ պատգամավորը «Հզոր հայրենիք» կուսակցության նախագահ Վարդան Վարդապետյանի, ՀՀ վարչապետի ԱՊՀ հարցերով նախկին խորհրդական Ստեփան Մարգարյանի և ԱԺ նախկին պատգամավոր Վահե Հովհաննիսյանի հետ գերմանական «Ֆրիդրիխ Նաումանի հիմնադրամ»-ի առաջարկությամբ և ձեռք բերված պայմանավորվածությամբ  Վրաստանում պետք է հանդիպումներ ունենար պաշտոնյաների, հասարակական գործիչների, լրագրողական շրջանակների հետ' քննարկելու Ջավախքի խնդիրները և հայ-վրացական հարաբերությունները:

«Միտք» վերլուծական կենտրոն

22.06.2009թ.

Ք. Երևան

Այս խորագրի վերջին նյութերը