Մեկնաբանություն

30.01.2013 15:55


Սամվել Բալասանյանի և Հրանտ Բագրատյանի ընդհանուր հայտարարը

Սամվել Բալասանյանի և Հրանտ Բագրատյանի ընդհանուր հայտարարը

Գալիք նախագահական ընտրություններին չմասնակցելով՝ ԲՀԿ–ն ու ՀԱԿ–ն օբյեկտիվորեն թուլացան։ Այդ թուլությունն է պատճառը, որ իշխանությունն այժմ հնարավորություն է ստացել ֆարսի վերածված ընտրական գործընթացի ժամանակ այդ ուժերին լրացուցիչ հարվածներ հասցնելու և մեծ հաշվով դիմադրության չհանդիպելու։

Ինչպես հայտնի է, ԲՀԿ–ն ներկայացնող մի շարք սամվելբալասանյաններ, այսինքն՝ համայնքի ղեկավարներ, հայաստանյան իրողությունները և տեղական ինքնակառավարման համակարգի ներկայիս անմխիթար վիճակը հաշվի առնելով, հայտարարում են Սերժ Սարգսյանին անհատապես սատարելու մասին։

Սամվել Բալասանյանի ու մյուսների աջակցության կարիքը Սարգսյանն իրականում չունի, քանզի հաջողացրել է ոչմրցակցային միջավայր ձևավորել, բայց ամեն դեպքում նրանցից սատարում է կորզում, որպեսզի այդպիսով հարված hասցնի որևէ թեկնածուի չսատարելու մասին ԲՀԿ քաղխորհրդի որոշմանը։ Այսինքն՝ որոշ ԲՀԿ–ականների օգտագործելով՝ Սարգսյանը քարոզչահոգեբանական հարվածներ է հասցնում Գագիկ Ծառուկյանին ու նրա քաղաքական թիմին։ 5-6 մարդու անհատական սատարումներից «շուխուռ» բարձրացնելն այդ ծրագրի շրջանակներում է։

Սերժ Սարգսյանին պետք է Սամվել Բալասանյանի ու ԲՀԿ–ական մյուս կոնյունկտուրշչիկների աջակցությունը՝ ցույց տալու համար, որ ԱԺ–ում ներկայացված մեծությամբ երկրորդ կուսակցությունը չի բոյկոտում ընտրությունները, այլ իր մասնակցությունն է բերում երկրի ղեկավարի ընտրության գործում։

Որոշ ԲՀԿ–ականներից սատարման հայտարարություններ կորզելը Սարգսյանին հարկավոր է նաև հայտարարվելիք տոկոսները՝ «Մոտ կես միլիոն ձայն ունեցող կուսակցության անդամների մի մասն իմ օգտին է քվեարկել, և այդ իսկ պատճառով ես ավելի քան 70 տոկոս եմ հավաքել» թեմայով «լեգիտիմացնելու» համար։

Ինչ վերաբերում է ՀԱԿ–ին, ապա «փողոցը» վերահսկող միակ այդ կառույցի նկատմամբ նույնաբովանդակ քայլեր են արվում, բայց մի փոքր այլ ձևով։ Իշխանությունը խնդիր ունի ցույց տալու, որ ՀԱԿ–ը նույնպես մասնակցում է ընտրություններին, պարզապես այդ ուժի միայն մի մասն է որոշել չխառնվել գործընթացին։ Պատահական չէ, որ ֆորմալ առումով ՀԱԿ–ը ներկայացնող Հրանտ Բագրատյանը դարձել է իշխանական լրատվամիջոցների սիրելին ու ակտիվորեն քարոզվում է անգամ Սերժ Սարգսյանի մակարդակով։

Անկախ այն բանից, թե ինչ մոտիվացիայով է խաղի մեջ մտել ֆորմալ առումով ՀԱԿ–ը ներկայացնող (թեկուզև սառեցված վիճակում) Հրանտ Բագրատյանը, ուշագրավ է, որ նրա մասնակցության ենթատեքստը բովանդակային մասով չի տարբերվում ֆորմալ առումով ԲՀԿ–ն ներկայացնող Սամվել Բալասանյանի ընդունած որոշումից։ Երկուսն էլ որևէ վտանգ չեն ներկայացնում Սերժ Սարգսյանի իշխանության համար։ Երկուսն էլ մասնակցային ֆոն են ապահովում։ Երկուսի սատարման կարիքն էլ Սարգսյանը չունի։ Եվ վերջապես՝ երկուսն էլ, ըստ էության, սատարում են Սերժ Սարգսյանին, պարզապես Սամվել Բալասանյանն ավելի ազնիվ է և ուղիղ ձևով է հայտարարում այդ մասին, իսկ ահա Բագրատյանն այդ ամենն անում է անուղղակիորեն՝ Սերժ Սարգսյանի քարոզչական պաշտպանության տակ առնված մյուս թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի ու Պարույր Հայրիկյանի հետ համատեղ հայտարարություն ընդունելով ու փաստելով, որ մինչև հիմա ընտրություններով հարց լուծելը մեր ժողովրդի համար երազանք է մնացել, բայց միևնույն ժամանակ կոչ անելով, որ պետք է մասնակցել մի ընտրության, որի ելքը կանխորոշված է «էն գլխից»։ Ասել է թե՝ Բագրատյանն ու Բալասանյանը թեև առերևույթ տարբեր մոտեցումներ ունեն այս ընտրությունների հարցում և գոնե ձևականորեն տարբեր ճամբարներում են գտնվում, բայց ընդհանուր հայտարարի են եկել ընտրական գործընթացը լեգիտիմացնելու հարցում։

Բալասանյանն ու Բագրատյանն ընդհանուր հայտարարի են եկել նաև իշխանահաճո տարբերակով իրենց «մայր» կառույցների որոշումներին հարվածներ հասցնելու, վնաս տալու և ներքին պառակտում մտցնելու հարցերում։ Բալասանյանն իր սերժասատարմամբ դեմ է գնում ԲՀԿ քաղխորհրդի որոշմանը, իսկ Բագրատյանն իր առաջադրմամբ՝ ՀԱԿ–ի որոշմանը։ Բալասանյանն էլ չի ենթարկվել ԲՀԿ–ի որոշմանը և անհատապես որոշել է սատարել Սարգսյանին, Բագրատյանն էլ չի ենթարկվել ՀԱԿ–ի որոշմանը և անհատապես որոշել է մրցակցային ֆոն ապահովել Սարգսյանի համար (սա ոչ այլ ինչ է, եթե ոչ դե ֆակտո սատարում)։

Ի դեպ, չի բացառվում, որ Բալասանյանն առաջիկայում դուրս գա ԲՀԿ–ից։ Դե իսկ Բագրատյանն արդեն հայտարարել է, որ ամենայն հավանականությամբ դուրս կգա ՀԱԿ–ից։ Այսինքն՝ այդ առումով էլ Բալասանյանի ու Բագրատյանի քայլերը կարող են համընկնել։ Մնացածը բառեր են, կամ ինչպես Բագրատյանն է սիրում ասել՝ լոլոներ։

Սևակ Մինասյան  

Այս խորագրի վերջին նյութերը