Լրահոս

24.06.2009 18:34


ԱԺ նախագահ Հ. Աբրահամյանը մասնակցում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանի աշխատանքներին

ԱԺ նախագահ Հ. Աբրահամյանը մասնակցում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանի աշխատանքներին

Հունիսի 24-ին սկսվեց Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի աշխատանքային այցը Ստրասբուրգ, որի ընթացքում նա հանդիպումներ է ունենում Եվրոպայի խորհրդի կառույցների ղեկավարների և ԵԽ Խորհրդարանական Վեհաժողովում ներկայացված քաղաքական ուժերի ղեկավարների հետ։

Առավոտյան ԱԺ նախագահ Հ. Աբրահամյանը հանդիպեց ԵԽ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիաննի Բուքիքիոյի հետ։ Հայաստանի խորհրդարանի ղեկավարը բարձր գնահատեց Վենետիկի հանձնաժողովի և դրա նախագահի դերը Հայաստանում քննարկվող օրինագծերը եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու գործում։ Այդ համատեքստում նա հատկապես կարևորեց ԵԽ Վենետիկի հանձնաժողովի դերակատարությունը Քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունները կյանքի կոչելու գործում։ Զրույցի ընթացքում կողմերը համաձայնեցին, որ Հայաստանն արդեն մեծ առաջընթաց է արձանագրել իր օրենսդրությունը եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու գործում, և այժմ հասունացել է այդ օրենսդրությունը ճշգրիտ կիրարկելու և իրագործելու ժամանակը։

Այնուհետև Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպես ԵԽ Մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Թոմաս Համարբերգի հետ։ Խորհրդարանի ղեկավարը նրան ևս շնորհակալություն հայտնեց Հայաստանի հարցերի հանդեպ իր ցուցաբերած աջակցության և կառուցողական քննադատության համար։ Նա շեշտեց, որ Հայաստանը ԵԽ լիիրավ անդամ է, և դրանով իսկ իրեն պարտավորված է համարում բարեխղճորեն կատարել ԵԽ շրջանակներում իր ստանձնած բոլոր պարտականությունները։ Նա նաև կարևորեց ԵԽ բոլոր անդամ պետությունների միասնական ջանքերը՝ ԵԽ վարկանիշը բարձր պահելու և կազմակերպության վարկին չվնասելու գործում։ Զրույցի ընթացքում կողմերը նաև քննարկեցին 2008թ. մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի գործունեությանը վերաբերող հարցերը։

Հունիսի 24-ի առավոտյան ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նաև հանդիպումներ ունեցավ ԵԽԽՎ-ում Միավորված եվրոպական ձախերի խմբակցության ղեկավար Թինի Կոկսի և Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբակցության ղեկավար Լուկ վան դեն Բրանդտի հետ։ Հանդիպումների ընթացքում Հայաստանի խորհրդարանի ղեկավարն իր զրուցակիցներին ներկայացրեց Հայաստանի Հանրապետության նախագահի առաջարկությամբ Ազգային ժողողի կողմից համաներում հայտարարելու գործընթացի մանրամասները։ Նա շեշտեց, որ դա արդյունավետ հանգուցալուծում էր, որին հաջողվեց հասնել նաև ԵԽԽՎ մեր գործընկերների բարեկամական և շիտակ աջակցության շնորհիվ։ Զրուցակիցների խնդրանքով պրն. Աբրահամյանը նաև անդրադարձավ Հարավային Կովկասի տարածաշրջանի խնդիրներին։ 

Հունիսի 24-ի կեսօրին ԱԺ նախագահը նաև հանդիպեց ԵԽԽՎ նախագահ Լուիս-Մարիա դե Պյուչի հետ։ Զրույցի ընթացքում կողմերը բարձր գնահատեցին Հայաստանում ներքաղաքական համաձայնություն ձերք բերելու գործում վերջերս արձանագրված հաջողությունը։ Նրանք համակարծիք էին, որ, այնուամենայնիվ, դեռևս անելիքներ կան, որոնք կյանքի կոչելու գործում Հայաստանի ժողովրդի անփոխարինելի գործընկերն է լինելու Եվրոպայի խորհուրդն ու այդ կառույցի տրամադրած փորձագիտական և այլ գործիքները։

ԵԽԽՎ նախագահի հետ հանդիպելուց հետո պրն. Աբրահամյանը ճեպազրույց ունեցավ լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ։
Հունիսի 24-ի երկրորդ կեսին Ազգային ժողովի նախագահը կհանդիպի ԵԽԽՎ-ում Եվրոպական ազատականների և ժողովրդավարների դաշինքի խմբակցության նախագահ Մաթիաս Յորշիի, Եվրոպական ժողովրդավարական խմբակցության նախագահ Դեյվիդ Ուիլշարի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Ժան-Պոլ Կոստայի հետ։

Նույն օրը Ստրասբուրգի ժամանակով ժամը 18.00-ին /Երևանի ժամանակով ժամը 21.00-ին/ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ներկա կգտնվի ԵԽԽՎ լիագումար նիստին, որի ընթացքում կքննարկվի Հայաստանի հարցը։ Նախատեսվում է, որ նա ելույթով հանդես կգա քննարկումն ամփոփող քվեարկությունն իրականացնելուց հետո։

Այս խորագրի վերջին նյութերը