Մեկնաբանություն

22.02.2013 16:55


Հայկ Բաբուխանյանը Սերժ Սարգսյանին մեղադրում է արևմտամետների, համասեռամոլների և աղանդավորների ներկայացուցիչը լինելու մեջ

Հայկ Բաբուխանյանը Սերժ Սարգսյանին մեղադրում է արևմտամետների, համասեռամոլների և աղանդավորների ներկայացուցիչը լինելու մեջ

Այսօրվա ասուլիսի ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը հայտարարել է, թե Րաֆֆի Հովհաննիսյանին ձայն են տվել արևմտյան լիբերալ արժեքների կրողները, համասեռամոլներն ու աղանդավորները։ Նա այդպիսով ուզեցել է իբր վիրավորանք հասցնել Րաֆֆիին ու Սերժի դեմ քվեարկածներին, բայց լրիվ այլ բան է ստացվել, և ահա թե ինչու։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ընտրատեղամաս սեփական կամքով գնացողները հիմնականում ձայն են տվել Րաֆֆիին, իսկ Սերժի թիմը վերցրել ու Րաֆֆիի օգտին նշում արված քվեաթերթիկները դրել է Սերժի օգտին՝ ստացվում է, որ ՀՀԿ ղեկավարը, ըստ Հայկի, ինքն է ուզեցել լինել համասեռամոլների ու աղանդավորների ներկայացուցիչը։ Այսինքն՝ Սերժը շտկում է մտցրել համասեռամոլների ու աղանդավորների ձայների հասցեատիրոջ պահով։

Հարցն այն չէ, թե վատ է համասեռամոլների կամ աղանդավորների քաղաքական համակրանքին արժանանալը։ Հարցն այն է, որ Հա՛յկն է դա վատ բան համարում, իսկ Սերժը՝ ընդհակառակը։

Ինչ վերաբերում է լիբերալ ու արևմտամետ լինելը որպես բացասական բան ներկայացնելուն, ապա այս առումով ևս «խոխմա» բան է ստացվել։

Ինչպես հայտնի է, Բաղրամյան 26–ի տակ կքած «անկախ» լրատվամիջոցները տարիներ շարունակ ջանք ու եռանդ չեն խնայում Սերժ Սարգսյանին արևմտամետ ու լիբերալ ներկայացնելու համար։ Հիմա եթե Բաբուխանյանն արևմտամետությունը վատ բան է համարում և այն նույնացնում է համասեռամոլության ու աղանդավորության հետ, ապա նա, կամա թե ակամա, Սերժ Սարգսյանին համարում է համասեռամոլ և աղանդավոր։

Դժվար է ասել, թե ինչու Հայկը որոշեց այդպես վարվել իրեն պատգամավորական մանդատի տեր դարձրած Սերժ Սարգսյանի հետ, բայց փաստն այն է, որ դա տեղի ունեցավ։

ՀՀԿ–ից դեռ պաշտոնապես չեն հաստատել կամ հերքել Հայկի ասածները։ Մնում է միայն ենթադրել, թե ինչու։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը