Մեկնաբանություն

28.02.2013 16:58


Սերժ–Րաֆֆի. գործա՞րք, թե՞ փոխզիջում

Սերժ–Րաֆֆի. գործա՞րք, թե՞ փոխզիջում

Ինչպես հայտնի է, Րաֆֆի Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ որպես հետընտրական լարված իրավիճակից դուրս գալու տարբերակ էր առաջարկել արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը։ Սերժը մերժել էր՝ փոխարենը Րաֆֆուն առաջարկելով գլխավորել ընդդիմադիր դաշտն ու պատրաստվել 2017-2018թթ. համապետական ընտրություններին։

Այդ հանդիպման հաջորդ օրը ելույթ ունենալով Ազատության հրապարակում՝ Րաֆֆին հայտարարեց, որ ինքն այլևս խոսելու բան չունի իշխանության հետ և սկսում է «Բարևի» հեղափոխությունը։

ԿԸՀ–ի կողմից ընտրության վերջնական արդյունքների հրապարակմանը հաջորդող իր մամլո ասուլիսից հետո էլ Րաֆֆի Հովհաննիսյանը, պատասխանելով արտահերթ խորհրդարանական ընտրությունների թեմայով «7 օրի» թղթակցի հարցին, միանշանակ պնդել էր, թե արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցն այլևս սեղանին չէ։

Այս ամենի ֆոնին ուշագրավ է, որ ԱԺ–ում տեղի ունեցած ՀՀԿ–ՀՅԴ–«Ժառանգություն» (Հովիկ Աբրահամյան–Արմեն Ռուստամյան–Ռուբիկ Հակոբյան) եռակողմ խորհրդակցությունների ժամանակ ՀՅԴ–ն ու «Ժառանգությունը» հանդես են եկել հետևյալ առաջարկներով՝ 1. մեկ տարվա ընթացքում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում, 2. երկու տարվա ընթացքում սահմանադրական բարեփոխումների իրականացում՝ խորհրդարանական կառավարման ձևին անցնելու համար, 3. ընդդիմությանը վերահսկողական գործառույթների տրամադրում:

Այս առաջարկները հաշվի առնելով՝ կարող ենք ասել, որ Րաֆֆի Հովհաննիսյանը, այդուհանդերձ, ընդունել է Սերժ Սարգսյանի առաջարկն ու փորձում է նշանակվել ընդդիմության առաջնորդ։ Իշխանության մի թևն (երիտօլիգարխիան) ակնհայտորեն կողմ է այս տարբերակին, քանզի այդպիսով հնարավորություն է ստեղծվում «Ժառանգության» ձեռքերով պայքարել ԲՀԿ–ի ու ՀԱԿ–ի դեմ, վերաձևել խորհրդարանի կազմը, ստանալ վերահսկելի ընդդիմություն և հեշտությամբ կյանքի կոչել «Ժառանգորդ» օպերացիան։ Դրանից հետո Հայաստանի թուրքմենբաշիացումն արդեն տեխնիկայի խնդիր կդառնա։ Իսկ որպեսզի պատկերացնեք, թե ինչ է իրենից ներկայացնելու թուրքմենբաշիացման հայկական տարբերակը՝ առաջարկում եմ հետևել փեսայական լրատվամիջոցների գործունեությանը, որի հետևանքով Հայաստանի լրատվական դաշտը թաղվել է ստի, կեղծիքի և «մուտիլովկաների» մեջ։ Սուտը, կեղծիքն ու «մուտիլովկան», ըստ այդմ, կվերածվեն համընդհանուր խաղի կանոնի՝ թափանցելով պետական ու հասարակական կյանք։ Ինչևէ։

Փաստորեն, Րաֆֆի Հովհաննիսյանը ստում էր, երբ ասուլիսի ժամանակ հայտարարում էր, թե արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարց այլևս գոյություն չունի, քանզի իր խորհրդարանական խմբակցության անունից այժմ իշխանություններին առաջարկում է գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների։ Ինչն էլ իր հերթին նշանակում է, որ Րաֆֆին ու իր թիմն ընդունում են նախագահական ընտրությունների արդյունքներն ու որպես այդ ամենի փոխհատուցում պահանջում են խորհրդարանական մանդատների ավելացում և վերահսկողական գործառույթներ։ Հիմա սա գործա՞րք է, թե՞ փոխզիջում, ախքացո՞ւմ է, թե՞ «ժողովրդի հաղթանակի» ամրագրում։ Ընթերցողը թող ինքը գնահատի։

Կարեն Հակոբջանյան

Հ.Գ.։ Տարածված տեսակետի համաձայն՝ ընտրության արդյունքներն անակնկալ էին և չէր կանխատեսվել այս ամենը։ Մի փոքր համաձայն չեմ այդ տեսակետի հետ։  Ընթերցողներին առաջարկում եմ կարդալ փետրվարի 15–ին, այսինքն՝ մինչև քվեարկության օրը և արդյունքների հրապարակումը գրված «Որքա՞ն «կխփեն» Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին» վերնագրով հոդվածս (տե՛ս http://7or.am/am/news/view/47355/

Հարցն այն չէ, որ ընտրողները ձայն չեն տվել Րաֆֆի Հովհաննիսյանին։ Տվել են, ու նա հաղթել է ընտրությունները։ Անակնկալն իշխանության համար Րաֆֆու ստացած ձայների քանակն էր, ինչի հետևանքով նա դուրս եկավ վերահսկողությունից ու նախնական պայմանավորվածությունների տիրույթից։ Սակայն վերջին օրերին Րաֆֆիի պահվածքը ցույց է տալիս, որ «Ժառանգության» առաջնորդը վերադարձել է մինչև փետրվարի 18–ը առկա պայմանավորվածությունների դաշտ։ Իսկ թե ինչպիսի բոցաշունչ ճառեր են արտասանում հարթակից ելույթ ունեցողներն ու մասնավորապես Րաֆֆին՝ արդեն էական չէ։

Այս խորագրի վերջին նյութերը