Լրահոս

25.06.2009 18:18


«Գլենդել Հիլզ» ընկերության հաղորդագրությունը Գյումրիում բնակարանաշինության վերաբերյալ

Շինարարները թերացել են, բայց բողոքու՞մ են

Ինչպես հայտնի է, «Գլենդել Հիլզ» ընկերությունը, խմբի անդամ ընկերությունների հետ միասին իրականացնում է «1988 թվականի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների համար բնակարանաշինության պետական ծրագիրը»: Բնակարանների շինարարությունն ընթանում է լայն թափով, Գյումրիի Մուշ թաղամասի շուրջ 210 500 քմ տարածք զբաղեցնող շինհրապարակում արդեն վեր են խոյանում 22 շենքեր: Այսօր մեր ընկերության Գյումրիի շինարարությունում աշխատում է մոտ 700 շինարար, ևս 1000  մարդ մեր ընկերությունից աշխատանքի առաջարկ է ակնկալում: Այս տարվա ավարտին մեր ընկերությունը ՀՀ Կառավարությանը կհանձնի 1320 բնակարան: Մեր ընկերությունը հպարտությամբ է իրականացնում այս ծրագիրը և գովեստի բազում խոսքեր կարող է ասել գյումրեցի շինարարների մասին:

Եվ չնայած մեր ընկերության կողմից իրականացվող շինարարությունը բարեհաջող ընթանում է, այսօր Գյումրիի լրագրողների «Ասպարեզ» ակումբի կողմից հաղորդագրություն է տարածվել մի քանի շինարարների բողոքի մասին, որում նշված կետերի հիմնավորվածությունը «Գլենդել Հիլզ» ընկերությունն ամբողջությամբ հերքում է:

Մասնավորապես.

4.1 կետի առնչությամբ իրականությունը հետևյալն է. պայմանագրով նշված ամբողջ գումարն աշխատակցին վճարվում է այն դեպքում, եթե վերջինս կատարել է պայմանագրով նախատեսված աշխատանքի ծավալն ամբողջությամբ: Հակառակ դեպքում' նրա աշխատանքի համամասնական բաժինն է վճարվում (կատարվել է աշխատանքի 40 տոկոսը, վճարվում է աշխատավարձի նույնքան տոկոսը): Այլ բան է, որ մեր ընկերությունը նախընտրում է աշխատանքի պահել պրոֆեսիոնալ և իրենց աշխատանքը 100 տոկոսով կատարող շինարարների, քանի որ ՀՀ կառավարության կողմից բնակարանաշինության ծրագրով մեր ընկերության առջև հստակ ժամկետներ են սահմանված, որոնց կատարումը, ինչպես նաև երկրաշարժից հետո 20 տարուց ավելի տնակներում ապրող անօթևաններին օր առաջ տաք ու հուսալի բնակարաններով ապահովելը մեզ համար ավելի կարևոր է, քան աշխատանքում թերացող, պլանային աշխատանքները չհասցնող մի քանի շինարարների քմահաճույքները:

Ի դեպ, չնայած պայմանագրով նախատեսված է տվյալ ամսվա աշխատավարձը վճարել մինչև հաջորդ ամսվա 15-ը, մինչ օրս չի եղել որևէ դեպք, որ աշխատավարձը վճարվի ավելի ուշ, քան հաջորդ ամսվա 2-ը: Սովորաբար աշխատավարձը վճարվում է յուրաքանչյուր ամսվա հաջորդ աշխատանքային օրը:

Ինչ վերաբերում է աշխատավարձերը 10-20 հազարական դրամ մասնաբաժիններով վճարելուն, ապա մեր ընկերությունը դա անում է (երեքանգամյա մասնաբաժիններով) շինարարների բազմաթիվ խնդրանքերին ընդառաջելով, այն էլ' ավանսային կարգով, այսինքն մինչև աշխատանքի կատարելը, ոչ թե աշխատանքը կատարելուց հետո: Այնպես, որ այստեղ էլ բողոքելու տեղ չկա:

4.2 կետի վերաբերյալ իրականությունն էլ շատ պարզ է. մինչև հիմա գործատուի կողմից չի հաշվարկվել և վճարվել որևէ տույժ, քանի որ մինչև օրս գործատուի մեղքով աշխատավարձի ուշացման որևէ դեպք չի եղել: Փաստը նաև այն է, որ մինչև օրս այդ մասին անգամ մեկ դիմում չի եղել:

3.1 կետով սահմանված աշխատանքային ժամերի սահմաններում աշխատանքն ավարտելը պայմանավորված է շինարարական խմբի պրոֆեսիոնալիզմով: Կան խմբեր, որոնք նույնիսկ ժամը 17.00-ին են ավարտում աշխատանքը, բայց այն խմբերը, որոնք ինչ-որ տեղ ծուլանում են, ինչ-որ տեղ գլուխ պահում, ինչ որ-տեղ փորձը չի հերիքում և չեն հասցնում իրենց պլանային աշխատանքը կատարել իրենց նախըտրած ժամում, ապա խնդիրն իրենց ավելի պակաս պրոֆեսիոնալիզմի մեջ պիտի փնտրեն բողոքողները: Մենք այդ շինարարներին մաղթում ենք, որ շուտով կարողանան լրացնել պրոֆեսիոնալիզմի պակասը և հարմար աշխատանք գտնեն: Ինչպես նշված է պայամանգրում, ինչպես բազմիցս հայտարարել ենք, մեզ մոտ շինարարությունում աշխատանքը ոչ թե ժամավճարով է, այլ գործավարձային: Ասվածը վերաբերում է նաև 3.3 կետի առնչությամբ շինարարների հնչեցված մտքին:

Աշխատանքների իրականացմանը հետևում է «Գլենդել Հիլզ» խմբի անդամ ընկերություններից մեկը' «Ի Էմ Էյջ Քոնսթրաքշն» ՓԲԸ-ն, որը հաջողությամբ է կատարում աշխատանքի իր հատվածը:

Իսկ իրենց իրավունքները իրավական հարթությունում պաշտպանելու շինարարների նախաձեռնությունը «Գլենդել Հիլզ» ընկերությունը ողջունում է. յուրաքանչյուր պայմանագիր ունեցող շինարար, եթե կատարել է իր պարտավորությունները, կարող է դիմել դատարան' լրատվամիջոցներին իրականաությանը չհամապատասխանող տեղեկություններով մոլորեցնելու փոխարեն:

Հանրության հետ կապերի և

տեղեկատվության վարչություն

Այս խորագրի վերջին նյութերը