Մեկնաբանություն

19.03.2013 10:48


Սերժ Սարգսյանի փաստարկված ցինիզմը

Սերժ Սարգսյանի փաստարկված ցինիզմը

Երեկ Սերժ Սարգսյանն անտեսանելի հարցազրույց էր տվել հեռուստաընկերություններին։ Անտեսանելի, քանի որ հարցազրույցը նկարահանվել էր, բայց այդպես էլ ցույց չտվեցին։ Հեռուստաընկերությունները պատմում ու վերապատմում էին հարցազրույցի առանձին դրվագներ, բայց բուն հարցազրույցը չկար ու չկար։ Սա էլ, երևի, Սերժ Սարգսյանի՛ «բարևի» նոր տեխնոլոգիան է։ Ինչևէ։

Այն, ինչ մեզ մատուցվեց հարցազրույցի տեսքով, հուշում է, որ Սերժ Սարգսյանն իր փեսա Միքայել Մինասյանի նոր աշխատավայրին անձամբ ծանոթանալուց, այն է ՝ Վատիկան մեկնելուց առաջ որոշել էր անդրադառնալ ծայրից ծայր կեղծված «ֆեյք» ընտրությունների թեմային ու հիմնավորել, թե ինչու պետք է ինքը մարսի ընտրակեղծիքները։

Ցավալիորեն պատք է արձանագրել, որ Սարգսյանի փաստարկները հիմնավորված էին։ 1996–ից սկսած՝ նախագահական ընտրություններն այս կամ այն չափով կեղծվել են, սակայն 2013–ինը աննախադեպ էր, քանզի կեղծիքներ արձանագրվեցին մինչև ընտրությունները, բուն քարոզչության ընթացքում, քվեարկության օրը և դրանից հետո, այսինքն՝ համեմատության մեջ այս անգամվա կեղծիքն ամենացինիկն ու մասշտաբայինն էր, սակայն նախագահ դարձած մարդու լեզուն երկար դուրս եկավ՝ դիմացինի քաղաքական անմեղսունակության և «նոր տեխնոլոգիաների» կիրառման պատճառով։

«Մեր «խփած» տոկոսները չես ընդունում, գնացել անկապ հացադուլ ես անում, մեր տոնը փչացնում ես, որ ի՞նչ անես». սա՛ էր Սերժի ասածի ամբողջ իմաստը, և Րաֆֆին սրան հակադարձելու բան չունի։ Վերջինս այնքան ապաքաղաքականացրեց հետընտրական պայքարը կամ «Բարևի» հեղափոխությունը, որ անգամ Մաշտոցի պուրակի ճակատագրին չարժանացավ. Սերժը նրան չի այցելի։

Րաֆֆին ջանք ու եռանդ չխնայեց հրապարակը դատարկելու և բացառապես քաղաքական լուծումներ պահանջող պայքարն անլրջացնելու ուղղությամբ։ Նա վերջին օրերին, թերևս, զգաց, որ «խուրդվում» է վերջնականապես, բայց ճիշտ որոշումներ կայացնելու փոխարեն՝ փորձեց երիտօլիգարխիայի միջնորդությամբ գործարքի գնալ Սերժի հետ ու դառնալ նրա «փողոցային» գործընկերը՝ այլոց դեմ օգտագործվելու նպատակով։ Նկատենք, սակայն, որ Սերժը մերժեց նաև Րաֆֆու այդ առաջարկը՝ հիմնավորելով իր մերժումը «հրապարակում հավաքվում է մեր բնակչության 0,1 տոկոսը» ձևակերպման օգնությամբ, և նրա հետ դժվար է չհամաձայնել։ Սերժն այդպիսով ուզեց ասել, որ Րաֆֆին նույնիսկ Արտաշես Գեղամյանի կամ Արթուր Բաղդասարյանի «աղջիկ վախտվա»  մակարդակին չի ձգում, և հետևաբար՝ ինքն իմաստ չի տեսնում բանի տեղ դնել հացադուլավորին, քանզի «դհոլը» պետք է զանգվածներ հավաքի հրապարակում, որպեսզի կարողանա արդյունավետորեն կատարել Բաղրամյան 26–ի առաջադրանքները, թե չէ ասուլիսային «դհոլներ» ինչքան ասես կան (Արամ Սարգսյան, Դավիթ  Շահնազարյան, Գառնիկ Մարգարյան, Վահան Շիրխանյան, Անդրանիկ Քոչարյան և այլն)։

Սերժի այս կեցվածքը հետևանք է այն բանի, որ հանգամանքների բերումով կես միլիոնից ավելի ձայներ հավաքած Րաֆֆի Հովհաննիսյանն այդպես էլ չկարողացավ գեթ մեկ քաղաքական և հստակ նախադասություն արտասանել, ինչը ընտրակեղծիքների գերագույն գլխավոր հրամանատարին կամ ինչպես «Ժառանգության» ղեկավարն է սիրում ասել՝ ազատամարտի ռահվիրային հնարավորություն տվեց ոտքի տեղը պնդացնել և դասեր տալ իրավատիրոջը։

Փոխանակ «ֆեյքի» կարգավիճակից դուրս գալու և քաղաքական լուծումներ գտնելու՝ Րաֆֆին վերջնականապես ընկավ մառազմի գիրկը։ Արդյունքում՝ քաղաքականին փոխարինելու եկավ «քաղաքացիականը», ուղղահայացին՝ հորիզոնականը, մտքին՝ հիմարությունը, բանականությանը՝ զգացմունքը, կառուցվածքային մոնոլիտին՝ ցանցը, խոսքին՝ բարբաջանքը, կազմակերպվածությանը՝ բարդակը, կյանքին՝ մահը։

Րաֆֆին այդպես էլ չհասկացավ, որ ընտրողները իրեն ձայն են տվել ոչ թե  վարսավիրանոց գնալու և փողոցները չափչփելու, այլ սերժանպաստ «ֆեյք» ընտրությունների սցենարը փոզմիշ անելու համար։ Եթե Րաֆֆին ուզում էր դուրս գալ դրածոյի կարգավիճակից, ապա պետք է մի ոտքն Ազատության հրապարակում, իսկ մյուս ոտքը իշխանության «ողջախոհ» թևի տարածքում չթողներ։ Նա պետք է վերջնականապես դուրս գար իշխանությունների հետ նախնական պայմանավորվածությունների դաշտից ու անցներ ժողովրդի տված քվեի կողմը։ Չարեց, ու հիմա ավելի լավ է՝ թող գնա հաց ուտելու և վերջ տա դատարկամիտ կապրիզներին։

1988–ից այս կողմ Ազատության հրապարակում այսքան ապուշ տեքստեր չէին հնչեցվել, որքան փետրվարի 18–ից հետո։

1988–ից այս կողմ Ազատության հրապարակի հարթակում այսքան շիզոֆրենիկ, հաճախորդ ու քաղաքական բոմժ իրար գլխի չէր հավաքվել, որքան փետրվարի 18–ից հետո։

Եվ վերջապես, 1988–ից այս կողմ Ազատության հրապարակն այսքան ապաքաղաքական ու անբովանդակ չէր եղել, որքան փետրվարի 18–ից հետո։ Նույնիսկ 2008ի «ընտրություններից» հետո, երբ իշխանությունները նախ քանդեցին հրապարակը, ապա սկսեցին ամեն օր մանկական միջոցառումներ կազմակերպել, որպեսզի տարածքը զբաղեցվի, ու հանրահավաքներ չլինեն, Ազատության հրապարակն ավելի լեցուն էր քաղաքական բովանդակությամբ, քան հիմա։ Րաֆֆուն հաջողվեց քսան օրվա ընթացքում փոխարինել քանդած կրկեսի ծաղրածուներին, իսկ հրապարակը դարձնել բառիս բուն իմաստով թատերական։ Րաֆֆուն հաջողվեց նաև արժեզրկել ընդդիմադիր խոսքի ու պայքարի արժեքը, և սա նրա տված ամենամեծ վնասն էր Հայաստանին։

Րաֆֆի Հովհաննիսյանի միակ շանսն այժմ խելքի գալը (եթե, իհարկե, ցանկություն կա ապրիլի 9–ից հետո ապրելու և առնվազն քաղաքական դիակի չվերածվելու), երիտօլիգարխիայի տված «կտերից» հրաժարվելն ու Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ ներկայացրած ցուցակի դեմ, այլ ուժերի հետ համատեղ, կռիվ տալն է։ Այլապես Սերժը կհրաժարվի նրան անգամ Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողով վստահելուց։

Ինչպիսի որոշում էլ կայացնի Րաֆֆին, մեկ դրական բան նա, անկախ իր կամքից, արել է։ Հարամել է նախագահական նստավայրի ծրագրած «գյոզալական» ընտրությունները և Սերժի քթից բերել է «խփած» տոկոսները։ Փառք ու պատիվ մեր ընտրողին։ 

Կարեն Հակոբջանյան

Հ.Գ.։ Եթե հավատալու լինենք Սերժի ասածներին, ապա ստացվում է, որ Րաֆֆին հրապարակում գոռում էր, թե 80 տոկոս ձայն է հավաքել, բայց հենց գնացել է «ռահվիրայի» մոտ, դարձել է համեստ ու պոլիտկոռեկտ՝ ասելով, թե չի հաղթել, բայց իր թիմակիցները կարծում են, թե Սերժն էլ չի հաղթել։ Դրանից հետո սկսվել է արևելյան «բազառներում» հանդիպող կեղտոտ առևտուրը, որի ընթացքում իրավատերն իր գինն իջեցրել է մինչև ԱԺ արտահերթ ընտրություններ։ Սերժը, տեսնելով, որ «ֆեյքի» ատամները հեշտությամբ կարելի է հաշվել, առաջարկել է սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի նախագահ և «ընդդիմության» առաջնորդ՝ «կոմունալ բոլոր հարմարություններով»։ Կողմերը դեռ համաձայնության չեն եկել։ Դժվար էլ գան։ Սերժն իր երեկվա հարցազրույցով Րաֆֆուն հասկացրեց, որ մի զրո պակասեցնում է իր առաջարկած գնից։

Այս խորագրի վերջին նյութերը