Լրահոս

29.06.2009 17:18


Արտակարգ իրավիճակ Լոռու մարզում

Հունիսի 28-ին Լոռու մարզում տեղացած հորդ անձրևի հետևանքով արտակարգ իրավիճակ է ստեղծվել. Վանաձորի թիվ 24 դպրոցի բակը, նկուղը և առաջին հարկը ողողած ջրերն սկսել են հոսել քաղաքի Ներսիսյան ու Սանկտ-Պետերբուրգյան փողոցներով։
Սարերից իջնող անձրևաջրերը ողողել են մարզի Գուգարք ու Շահումյան գյուղերը։ Ջրաբեկորները, լցվելով սելավատարերը, փակել են ջրի հունը, ինչի հետևանքով ջուրը հոսել է փողոցներով ու լցվել բնակելի տների առաջին հարկերը, օժանդակ կառույցներն ու տնամերձ հողամասերը։
Ստեղծվել է փրկարարական երեք աշխատանքային խումբ՝ վթարավերականգնողական  աշխատանքների իրականացման համար։ 
Շահումյան գյուղ է մեկնել մարզային փրկարարական ջոկատը, Վանաձորի թիվ 24 դպրոց՝ մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները գետի ափապաշտպան պատի վրա անցք են բացել ու ջրի հոսանքն ուղղել դեպի հունը։
Մարզպետի կարգադրությամբ վթարավերականգնողական աշխատանքներում ներգրավվել են Լոռու «Ջրմուղ կոյուղի» ՓԲԸ-ի, «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի և «Դեբեդ» մասնաճյուղի ՓԲԸ-ի աշխատակիցներն ու տեխնիկան։
Կատարվել են սելավատարերն ու փողոցները ջրաբեկորներից մաքրելու, բնակելի տներից ջրահեռացման աշխատանքներ։
Ժամը 22.30-ին սահմաններում աշխատանքները հիմնականում ավարտվել են, բնակչությանը սպառնացող վտանգը՝ վերացվել։
Զոհեր և վիրավորներ չկան։
Գուգարք և Շահումյան գյուղերի սելավատարերի ու ճանապարհների մաքրման աշխատանքները կշարունակվեն հունիսի 29-ին։

Ըստ ԱԻՆ–ի

Այս խորագրի վերջին նյութերը