Մեկնաբանություն

22.03.2013 19:25


Սերժ Սարգսյանը հացադո՞ւլ կանի

Սերժ Սարգսյանը հացադո՞ւլ կանի

Եթե մի պահ կտրվենք իրականությունից և քաղաքականությանը հետևենք «անկախ» ու «թունդ ընդդիմադիր» լրատվամիջոցների մատուցած նյութերի միջոցով, ապա այնպիսի տպավորություն կստեղծվի, որ Հայաստանի նախագահի պաշտոնում շարունակում է մնալ Ռոբերտ Քոչարյանը, իսկ ընդդիմության առաջնորդն է Սերժ Սարգսյանը, ով պատրաստ է անգամ հացադուլի դիմել՝ պահանջելով Քոչարյանի հրաժարականը։

Դատե՛ք ինքներդ. Քոչարյանն արդեն հինգ տարի է՝ չի զբաղվում ակտիվ քաղաքականությամբ, բայց Սերժ Սարգսյանն ու իրեն սպասարկող լրատվամիջոցները քուն ու դադար չունեն։ Նրանք պարբերաբար քոչարյանական «դավադրություններ» են բացահայտում, ուրախանում ամեն մի բացահայտումից, հետո նոր բացահայտումներ անում, էլի ուրախանում և այդպես շարունակ։

Օրերս Սերժ Սարգսյանն ու նրան կից «ողջախոհ» երիտթևը նոր «դավադրություն» հայտնաբերեցին։ Բաղրամյան 26–ում հոտոտել էին Երևանի ավագանու ընտրություններին ներկայացված ԲՀԿ–ական ցուցակն ու անցողիկ 42–րդ տեղում հայտնաբերել Քոչարյան ազգանունը կրող մարդու։ Դա հոգեխանգարմունքի մեջ էր գցել «ազատամարտի ռահվիրային»։

Թե ինչով է պայմանավորված Սերժ Սարգսյանի այդ հոգեվիճակը, դժվար է միանշանակ պատասխան գտնել։ Ֆրեյդի ու մյուս հոգեվերլուծաբանների ուսմունքը տվյալ դեպքում կարող է օգնել, բայց ամբողջությամբ չի բացահայտի պացիենտի ներքին աշխարհը, քանզի սա արտառոց ու ծանր դեպք է։

Պետության նախագահի աթոռին հայտնված մարդուն անընդհատ թվում է, թե իրեն հետապնդում են, և նա շուտով կարող է դավադրության զոհ դառնալ։ Դրանով պայմանավորված վախին հաջորդում է «պռիստուպը», որին էլ հաջորդում են անկանոն շարժումները կայքերի տիրույթներում։

Եթե այսպես շարունակվի, ապա չի բացառվում, որ Սերժ Սարգսյանը Բաղրամյան 26–ի տարածքում (ասենք՝ ապամոնտաժված Տիգրան Մեծի արձանի հատվածում), իրոք, նստի հացադուլի ու Քոչարյանից պահանջի այցելել իրեն, այլապես ապրիլի 9–ին սպառնա դիակ դառնալ։

Համաձայնեք, որ շատ «խոխմա» բան կստացվի այդ դեպքում։ Կունենանք երկու հացադուլավոր, որոնցից մեկը դիակ դառնալու պատրաստակամությամբ պահանջում է Սերժ Սարգսյանի այցելությունը, իսկ մյուսը՝ Ռոբերտ Քոչարյանի։

Հետաքրքիր է, թե ի՞նչ կանի այդ դեպքում Քոչարյանը։ Երևի կայցելի Սերժին, բայց պարիտետը պահելու և Րաֆֆիին չնեղացնելու համար նրա մոտ կուղարկի Սիմբային։

Սևակ Մինասյան

Այս խորագրի վերջին նյութերը