Մեկնաբանություն

23.03.2013 16:11


Րաֆֆի՛, բա ասում էիր «զադնի» չկա՜, ֆլա՜ն, ֆստա՜ն

Րաֆֆի՛, բա ասում էիր «զադնի» չկա՜, ֆլա՜ն, ֆստա՜ն

Րաֆֆի Հովհաննիսյանը քվեարկության հաջորդ օրը հայտարարեց, որ Սերժ Սարգսյանին հաղթել է 80/20 տոկոսային հարաբերակցությամբ։ Հետո նա նաև հայտարարեց, որ «զադնայա սկոռոստ» չի լինելու։

Ավելի հուժկու դարձնելու համար իր պայքարը՝ նա նստեց «ստադուլի»՝ նախապես խոստանալավ Սերժ Սարգսյանի երդումը թույլ տալ միայն իր դիակի վրա։

Հետագա իրադարձությունները, սակայն, ցույց տվեցին, որ Րաֆֆիի «հեղափոխական» մեքենան միայն ու միայն «զադնի սկոռոստ» ունի, և նա «զադնի» դրած գնում է Արթուր Բաղդասարյանի ուղղությամբ, բայց քանի որ Րաֆֆին «կրեատիվ» մոտեցումների կողմնակից է, նա «զադնին» ուզում է դնել ու Սերժին ծառայություններ մատուցել «չերեզ» ժողովուրդ։ Այսինքն՝ Րաֆֆին իր ՕԵԿ–ացումն ուզում է «լեգիտիմացնել» ամեն մի անհեթեթ ձևակերպումից հետո «Այո՜» գոռացող հրապարակի «ադաբրյամսով», իսկ կոալիցիա ուզում է մտնել «ֆինտուֆլյուշկա» ձևակերպումներով։ Մնացածը դեմագոգիա է։

Այժմ շատ տեղին կլինի մեջբերել Սերժ Սարգսյանի ինքնաասուլիսի այն հատվածը, որտեղ նա պատմում էր Րաֆֆիի հետ իրենց զրույցի ընթացքում քննարկված հնարավոր համագործակցության տարբերակի մասին. «Տարբերակ համար երեք` այստեղից դուրս ես գալիս, գնում ես հրապարակ և ժողովրդին հայտարարում ես, որ Սերժ Սարգսյանն առաջարկել է ինձ՝ ներգրավվելու իշխանության մեջ և համատեղ ջանքերով լուծելու մեր երկրի առջև ծառացած խնդիրները: Ասաց` Դուք կոալիցիա՞ նկատի ունեք: Պատասխանեցի՝ ոչ: Ասացի` հիմա էլ եմ ազնիվ քեզ հետ և չեմ ուզում քննարկել որևէ դետալ, մանրամասնություն, որովհետև երկու ժամ հետո հրապարակում խոսելու են, որ Րաֆֆին ծախվեց, պաշտոն էր ուզում և այլն: Այ, երբ այդ հայտարարությունը կանես, կգաս և մենք միասին կորոշենք ձեր ներգրավվածության հարցը: Բայց այս դեպքում պետք է մոռանաք ընդդիմադիր լինելու հանգամանքը: Ես իրեն չեմ ասել, բայց ուզում եմ այս առիթով մեկ անգամ ևս կրկնել այն, ինչ ես բազմաթիվ անգամներ ասել եմ՝ ինձ համար անհասկանալի են ոմանց այն մոտեցումները, որ լինելով իշխանության մեջ` ընդդիմություն են խաղում»։

Ուշադրությու՛ն դարձրեք. Սերժը Րաֆֆուն ասում է կարող եմ քեզ վերցնել իշխանության մեջ, բայց իմացիր, որ դրանից հետո ընդդիմադիր խաղեր տալ չի լինելու։

Երեկ Ազատության հրապարակում ստորագրելով առաջարկի տակ՝ Րաֆֆին, ըստ էության, կոալիցիա կազմելու համաձայնություն տվեց, բայց «հաճույք ստանալ և միաժամանակ կույս մնալ» տարբերակով՝ «ժողովուրդը՝ հանձին Րաֆֆիի»։ Այսինքն՝ Րաֆֆին Սերժին առաջարկում է «նոր տեխնոլոգիա», այն է՝ հաճախորդ դարձնել հրապարակում հավաքված մարդկանց, ինչը թույլ կտա հետագայում հայտարարել, թե ինքը «ժողովրդի» հավանությամբ է Սերժի հետ հարաբերությունների մեջ մտել։ Րաֆֆուն, փաստորեն, չի մտահոգում ծախված լինելու հեռանկարը, ինչի մասին զգուշացրել էր Սերժը։ Րաֆֆին համահաճախորդական, կներեք՝ «համապետական» լուծում է ուզում։

Ուշագրավն այն է, որ Սերժին ուղարկված առաջարկով նա ոչ միայն պատրաստակամություն հայտնեց ՀՀԿ–ի հետ միասնաբար ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու դիմաց ճանաչել կեղծիքներով նախագահ դարձած Սերժ Սարգսյանի լեգիտիմությունը, այլ նաև գերլեգիտիմությամբ օժտել նրա ցանկացած կադրային նշանակում։

«Իրավատերը» Սերժին առաջարկում է առնվազն հինգ մարզպետի, Կառավարության ու պետական գերատեսչությունների մի շարք ղեկավարների նշանակել՝ ժողովրդի հավանությամբ՝ հանձին  Րաֆֆի Հովհաննիսյանի։

Եթե ավելի պարզ լեզվով շարադրենք Րաֆֆիի հաճախորդական այս առաջարկը, ապա այն կունենա հետևյալ տեսքը. «Պարո՛ն Սարգսյան, ինձ օգտագործեք իշխանության ներսում վերադասավորումներ անելու գործում։ Հա՛մ Ձեզ շահավետ կլինի, հա՛մ ինձ։ Դուք հնարավորություն կստանաք «ժողովրդի» անունից նշանակումներ անել, իսկ ես հնարավորություն կստանամ հայտարարել, թե պայքարը տվեց իր արդյունքները։ Այդպիսով կկարողանամ դուրս գալ «Միայն իմ դիակի վրա» ձևակերպման տակից։ Օգտագործի՛ր ինձ իշխանական բուրգն ավելի մոնոլիտ դարձնելու, վերահսկելի «փողոց» ունենալու և 2018թ. փեսայիդ համար ավելի բարենպաստ պայմաններ ստեղծելու համար։ Մենք արդեն առաջ ենք քաշել «իշխանության ողջախոհ ու երիտասարդ թև»–ի մասին բլեֆ–թեզը, որպեսզի կարողանանք հիմնավորել, թե ինչու ենք անցնում քո կողմը։ Բաց մի թող հնարավորությունն ու ամրապնդի՛ր իշխանությունդ, բայց մեզ էլ մի բան տուր, պարո՛ն ռահվիրա»։ Սա՛ է Րաֆֆիի առաջարկների ամբողջ իմաստը, որը բացարձակապես կապ չունի հրապարակում հնչող խրոխտ ելույթների և արդեն իսկ տխրահռչակ դարձած ««Զադնի» չկա» կարգախոսի հետ։

Կարեն Հակոբջանյան

Հ.Գ.։ Րաֆֆին հանրահավաքի ժամանակ չհայտարարեց, թե ինչ է անելու այն դեպքում, երբ Սերժը չընդունի իր առաջարկները։ Դե երևի «զադնի» չի դնի ու նորից կշարունակի իր առաջարկներն առ «ռահվիրա»։

Այս խորագրի վերջին նյութերը